ԹՈՂԱՐԿՈՒՄ 26-ՐԴ. ԸՆԴՀԱՏԱԿ ԱՆՑԱԾ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ

hatukՈւղիղ 150 տարի առաջ առաջին անգամ Երևանում տեղի ունեցավ ջրհեղեղ: Հատուկ ռեպորտաժն ուսումնասիրում է ստորգետնյա Երևանը: Այն հատվածը, որտեղ պաշտոնապես պետք է և կարող է ջուր հոսել: Ու որտեղ դեռ ոչ մի լրագրող չի եղել: Բացառիկ ռեպորտաժներից` թունել, որ կառուցվել է, բայց չի շահագործվել, բայց այսօր էլ կա: Վտանգավոր, խոնավ ու անանցանելի:

Արտակ Ալեքսանյան – Ուղիղ 150 տարի առաջ Երևանում եղավ ջրհեղեղ: Քաղաքով անցնող գետը` Գետառը, դուրս էր եկել հունից: Հետո երևանցիները ականատես կլինեն ևս վեց ջրհեղեղի, որոնցից ամենամեծը` 1946-ին: Հենց այդ ժամանակ էլ որոշում է կայացվում կառուցապատել Գետառը: Երևանյան գետի առաջին ջրհեղեղի 150-ամյակի առիթով մենք որոշեցինք ուսումնասիրել ստորգետնյա Երևանի այն հատվածը, որտեղ պաշտոնապես պետք է և կարող է ջուր հոսել: Տիգրան Զարեյանի` մեր նոր թիմակցի առաջին հանձնարարականն էր` լինել այնտեղ, որտեղ դեռ ոչ մի լրագրող չի եղել:

photo11Տիգրան Զարեյան – Հատուկ կրկնակոշիկներ, լուսավորող սարքեր, սաղավարտ, թթվածնային դիմակալ, փրկարարներ և Հատուկ Ռեպորտաժի թիմն արդեն պատրաստ է վայրէջքի` Գետառի ծածկապատ հատված: Գետառի հուն իջնելու համար մեր թիմին ուղեկցում էր վեց փրկարար:

 
– Դնչակալները աշխատում են հիսուն րոպե: Եթե ինչ որ բան չաշխատի, ապա մենք կապի մեջ ենք,- վերջին ցուցումներն է տալիս Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար Ավետիս Մանուկյանը:

photo21Գետառը սկսվում է Մայակովսկի գյուղից, շարունակվում Ավան Առինջով, ապա Մյասնիկյան պողոտայով շարժվում դեպի Հերացի փողոց, թեքվում Խանջյան ու շարունակվում մինչև Հրազդան գետ: Հատուկ Ռեպորտաժի նկարահանող խումբը ստորգետնյա հուն իջավ Մյասնիկյան պողոտային հարող հատվածում: Գետառն այս հատվածում հոսում է գրեթե կեսդարյա վաղեմության կառույցի միջով: Հին հատվածով տեղաշարժվելը, անգամ փրկարարների օգնությամբ, չափազանց բարդ է: Նկարահանման օրը ջրի մակարդակը նախատեսվածից 20-25 սմ բարձր էր:

Երևանով անցնող գետի վրա և դրա շուրջը վերջին 70 տարիներին ժամանակ առ ժամանակ շինարարություն է կատարվել: Առաջինն` ամենախոշորը` մեկնարկեց 64 տարի առաջ, Գետառի հայտնի ջրհեղեղից հետո:

– Գետառը բնական գետ է, որի ակունքները ձգվում են մինչև Գեղամա լեռների արևմտյան փեշերը և Հատիս լեռից` 40 աղբյուր կոչված վայրից: Միանում են, ստեղծում ջրհավաք ավազան: Ունի առանձնահատկություն, այն սելավաստեղծ է,- պատմաբան Մարինե Նավասարդյանը Գետառի բնավորությունը երկար է ուսումնասիրել:

photo31Գետառը հեղեղումներ է ունեցել և 19-րդ դարում` ընդ որում երեք անգամ` 1860, 66, 73 թվականներն, և 20-րդ դարում`1912, 23, 24, 46 թվականներին ու հիսունականներին: Դրանք ուղեկցվել են մեծ ավերածություններով ու կործանարար հետևանքներով: Ամենաաղետալին 46-ին էր: Գետառ և Ջրվեժ գետերի ջրերը բարձրացել էին, դուրս եկել հունից և ծածկել մի քանի փողոց: Երևանում հայտարարվեց արտակարգ իրավիճակ: Ջրհեղեղից հետո սկսվեց Գետառի հունի մաքրումը: Իրականացվեցին հիդրոտեխնիկական միջոցառումներ:

– 1951-52թթ. Ավան Առինջում կառուցվում է. ջրամբար: Այդ ջրամբարում հավաքվում են Գետառի ջրերը, և քաղաքը ազատվում է նրա հեղեղումներից: Գետառը դառնում է սելավատար գետ,- պատմում է պատմաբան Սուսաննա Հարությունյանը:

Այժմ Ավան Առինջի սելավականխիչ ջրամբարը դարձել է սելավաստեղծ տարածք: Հենց լճի տարածքում կառուցվում են տներ, տնկվում այգիներ: Անգամ հիդրոտեխնիկը չի կարողանում գտնել ոչ Գետառը, ոչ էլ պոմպակայանը:

photo41
– Ջրամբարի տարածքը սկսվում է, փաստորեն, Ավան տանող ճանապարհից 10-20 մետր դեպի այս կողմ: Եվ այս ամբողջ ծավալը, որը այսօր հողով է լցված, ապօրինի է,- գետի հունը հիդրոտեխնիկ Հենրիկ Քրիշչյանը միայն երևակայության շնորհիվ է գտնում:

 
Մեր նկարահանող խումբը գնաց գրեթե մինչև վերջ: Թեև, ուղղակի, անհնար էր առաջ շարժվել: Ավելին, անվտանգությունը ապահովող փրկարարները կտրականպես արգելեցին դա անել: Գետառի հունը այժմ հոսում է ավելի քան 1 կմ երկարությամբ փակ ջրանցքով: Ծրագիրը գալիս է դեռևս 1970-ականներից, երբ կառուցվում էր Մյասնիկյան պողոտան։ 2008-ի դեկտեմբերին բացվեց Գետառ արագընթաց ավտոմայրուղին: Բազմաստիճան տրանսպորտային հանգույցը 2.5 կմ կիլոմետր երկարությամբ լուծում է անխոչընդոտ երթևեկության խնդիրը և կրճատում է ճանապարհը Երևանի ծայրամասերի միջև:

– Հունը լայն է բավականին` մոտ 6 մետր, և գետի հոսքի համար խոչընդոտներ չկան: Կառուցելու ժամանակ տակից մենք հաստ բետոնածածկ ենք արել, որն իր հերթին նպաստում է ամրությանը և ապահովությանը,- վստահեցնում է ճարտարապետ Արմեն Ավագյանը:

photo51Գետառի ուսումնասիրության երրորդ կետը Խորենացի փողոցին հարող Այրարատ տոնավաճառի ետնամասում էր: Այստեղ բնակիչների թեթև ձեռքով գետի հունը պարբերաբար աղտոտվում է: Մալարիա, էքինակոկ, լեյշմանյոզ, լեպտոսպիրոզ. սա հիվանդությունների այն հակիրճ ցուցակն է, որ կարող է առաջանալ աղբակույտերում:

– Եթե կա աղբակույտ, կարող է ունենալ համաճարակային նշանակություն: Այն առումով, որ եթե օրգանական աղբի կուտակում է, ապա այդ միջավայրում կարող են զարգանալ տարբեր միջատներ,- իրավիճակի վտանգավորությունն է ներկայացնում համաճարակաբան Լիլիթ Ավետիսյանը:

Մինչև 1950-ակաների կեսերը Գետառը երևանցիների կենցաղի մասն էր: Այստեղ ամռան տապին լողում էին և, ասում են` նույնիսկ լողանում: Ավելին, սեր խոստովանում ու սիրահարվում: Այսօր շատերը նույնիսկ չեն էլ իմանում Գետառի տեղը: Երևանի Գետառն աստիճանաբար նվազեց ու վերացավ քաղաքից ու քաղաքային կյանքի ավանդույթներից: Գետը ճանապարհ հարթեց ասֆալտի համար:

Արտակ Ալեքսանյան – Ջրերը հոսում, բայց, ցավոք, չեն չորանում Երևանի մեկ այլ հատվածում, մի թունելում, որի շինարարությունը սկսվեց Գետառի հետ միասին, բայց այդպես էլ չշահագործվեց: Այդ մասին մինչև այսօր էլ քչերն են տեղյակ: Խոսքը Մատենադարանի ստորգետնյա թունելի մասին է, որը այլընտրանքային ելք պետք է ապահովեր հայոց ամենամեծ գանձարանի համար: Ինչու այն կառուցվեց և ինչու այն չշահագործվեց, պարզել է Գոհար Մանուկյանը:

photo61Գոհար Մանուկյան – 1945 թվականին, երբ դեռ նոր էր երկիրը շունչ քաշել պատերազմից, Խորհրդային Հայաստանը նախաձեռնեց Մատենադարանի շենքի շինարարությունը: Այն կառուցվեց ավելի քան 12 տարի: Շինարարության ձգձգման պատճառը տեխնիկայի բացակայություն էր: Ամեն ինչ արվել է ձեռքով: Մատենադարանի հիմքը գցել են գերմանացի գերիները: Այդ պատճառով ասում են` ամուր է, ինչպես գերմանական ճշտապահությունը:

– Վերջերս մերոնք այցելել էին Գերմանիա, հանդիպել այդ գերիներին, որոնք աշխատել էին այստեղ և անգամ հայերեն գիտեին,- պատմում է Մատենադարանի փոխտնօրեն Էդիկ Դանիելյանը:

Մատենադարանի շինարարությունն, ըստ փաստաթղթերի, արժեցել է 3 մլն ռուբլի: Սակայն իրական գումարը 4 անգամ ավելի է` մոտ 12 միլիոն: Ծախսերը նվազեցրել էին միայն Կրեմլի պատճառով` 3 միլիոնից ավելի գումարի դեպքում շինարարությունը պետք է վերահսկեր Մոսկվան: Մատենադարանի շենքը պատրաստ է եղել 57 թվականին, բայց բոլոր ձեռագրերի տեղափոխումը տևել է երկու տարի:

photo7Ճարտարապետ Մարկ Գրիգորյանը, ավելի ուշ` ճարտարապետ Արթուր Մեսչյանը նախատեսել էին, որ Մատենադարանը չի եզրափակվի նրանով, ինչ ունի: Ծրագրել էին կառուցել նաև օժանդակ գրապահոցներ և թունել` որպես ապաստարան` արտակարգ իրավիճակների և պատերազմների դեպքում: Նաև թունելով էր պայմանավորված Մատենադարանի վայրի ընտրությունը:

– Մատենադարանի տեղանքը ընտրվել է զուտ նպատակային` հաշվի առնելով, որ այս ժայռի տակ պետք է անպայման լինեն այս գրապահոցները,- հիշում է Էդիկ Դանիելյանը:

photo81Թունելը սկսել են կառուցել 35 տարի առաջ` 1975-ին, ավարտել են 25 տարի առաջ`1985-ին: Փող ու ժամանակ չեն խնայել: Եռահարկ թունելում այժմ կա տասը գրապահոց, որոշներն ամբողջովին կահավորված են: Մոնտաժված են անգամ հակահրդեհային սարքավորումները: Թունելում, սենյակներից բացի, կա նաև շատ գեղեցիկ ընթերցասրահ` իր ընդունարանով, որտեղ փոշոտվում են սեղաններն ու աթոռները, գրադարակներն ու լուսամփոփները:

– Ձեռագրերը պետք է հարմարվեն այս միկրոկլիմային: Քանի որ ձեռագիրը մագաղաթից է, ազդվում է էդ ջերմությունից, խոնավությունից, դրա համար էլ միկրոկլիման պետք է միապաղաղ լինի,- ասում է Էդիկ Դանիելյանը:

photo9Թունելը կառուցված է այնպես, որ պատերազմի դեպքում այստեղ կարող են ապաստանել նաև Ազգային պատկերասրահի, Պետական արխիվի, Պատմության թանգարանի, Ազգային գրադարանի ամենաարժեքավոր նմուշները: 40 տարի անց կառուցված թունելն այդպես էլ չշահագործվեց: Շինարարները սխալ էին հաշվարկել ջրահեռացման մեխանիզմը: Եվս 25 տարի անց` սկսվում է արդեն Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունը: Ինչ կլինի թունելի հետ` պարզ չէ: Թունելի վերջում դեռ լույս չի երևում:

Մեկնաբանությունները փակ են: