ԹՈՂԱՐԿՈՒՄ 21-ՐԴ. ՇԱՆ ԲԱԽՏ

logo1Փողոցային շան մեկ օրը` ականատեսի խցիկում: Վիլին չէր էլ մտածում, որ կարող է դառնալ հեռուստատեսային իրական հերոս`ականատեսի թեթեւ ձեռքով: Նկարահանումն ընթացել է արտասովոր, վտանգավոր պայմաններում, արդյունքում բացառիկ տեսարաններն անխուսափելի էին: Շուն, որ հարձակվում է մարդկանց վրա, հոգում է իր սնունդը, քնում ու արթնանում է պարտաճանաչ: Ականատես Հելենը, Վիլին ու նրանց տարօրինակ արկածները:

Հելեն Մելքոնյան, 21 տարեկան, մեր ամենաինքնատիպ ականատեսը

akan– Միանգամից շունը գրավեց ուշադրությունս: Մոտեցավ ու խնդրեց, որ սիրեմ իրեն: Ոմանք նրան Վիլի են կոչում, ոմանք` Չալո, ոմանք պարզապես շուն են ասում: Մի քանի նկարահանում արեցի, շատ հետաքրքիր էր: Շունը ոնց որ ստաժավոր դերասան լիներ: Համարյա կյանքի ողջ ընթացքը նկարահանեցի` ոնց է ապրում, ոնց է կեր խնդրում մարդկանցից, պահում ձագերին, ինչպես է շան բախտը դասավորվում դրսում, որքանով ենք մենք մեղավոր, որ շները կատաղում ու հարձակվում են մարդկանց վրա:

photo11– Շատ բաների եմ ականատես եղել` ամենաուրախ, ամենապայծառ բաներից սկսած մինչև ամենատխուրն ու ամենադաժանը: Մի անգամ նկարահանման ժամանակ, կարծես, շունը հասկացավ` ինձ ինչ է հարկավոր: Մի կնոջ ձեռքից այնքան քաշեց, մինչև նա մտավ խանութ, երշիկ գնեց, կերակրեց շանը: Հետո նա լպստեց ձեռքերը, ու գնացինք: Այդ ծեսը, թե նա ինչպես է կեր խնդրում անցորդներից, չտեսնված բան է:

vili3– Ոնց որ բեմադրված լիներ: Էդ շունն անում էր էն, ինչ մտածում էի: Ամենասարսափելին, ինչին ականատես եղա, մոտավորապես երեք շաբաթ առաջ էր: Շունը ձագեր էր ունեցել, խաղահրապարակից նրանց տեղափոխել էին ուղիղ սրճարանի կենտրոնը: Շունն էլ բնազդաբար պաշտպանում էր ձագերին, անցորդների վրա անընդհատ հաչում էր: Փորձում էի նրան հետ պահել, բայց չարաբաստիկ դեպքը տեղի ունեցավ: Երեխան անցնում էր, շունը հարձակվեց նրա վրա: Չկծեց, բայց երեխան վախեցավ: Ուղղակի, եթե շունը ձագ ունի, մոտ մի գնացեք, առավելևս եթե այն փողոցային է:

vili5
 
– Արթնանալուց հետո նրա առաջին զբաղմունքը նկարիչներին այցելելն ա` Սարյանի արձանի հետևը: Հետո կանաչ լույսի տակ անցնում է փողոցը, գնում դիմացի մայթ, նստում է խանութի դիմաց, այնքան է սպասում, մինչև որևէ մեկն իրեն կերակրի:

 
 
photo21– Շունն ինձ ավելի լավ է հասկանում, քան շատ մարդիկ: Նա գիտի` ես ինչ եմ ասում իրեն, հասկանում է: Գիտի, որ վատ բան է արել, սողալով գալիս է ոտքերիս մոտ: Չեմ մարդացնում կենդանուն: Մարդը մարդ է, կենդանին` կենդանի, ուղղակի ժամանակ առ ժամանակ նրանք զգում են միմյանց կարիքը:

 
Ինչ անել

2008 թվականին գրանցվել է տարբեր կենդանիների` մարդկանց կծելու 2514 դեպք, որոնցից 591-ը` թափառող կենդանիների կողմից։ 2009 թվականից այս ցուցանիշը ավելացել է:

Շան կծելու դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի, քանի որ կատաղության վարակը ի հայտ է գալիս 14 օրվա ընթացքում: Առաջին անհրաժեշտ օգնությունն այդ պահին վնասազերծող հեղուկներով վնասված հատվածը մաքրելն է:

Թափառող շներով զբաղվում է տեղական ինքնակառավարման մարմինը: Երևանում գործում է հատուկ ընկերություն, որը զբաղվում է թափառող շներով: Ընկերությունը կոչվում է Յունիգրաֆ իքս: Հեռ. 55 68 70

Յունիգրաֆը որսում է շներին և ստերիլիզացնում: Մինչև այժմ ընկերությունն արդեն ստերիլիզացրել է 6849 շուն։

Երևանի քաղաքապետարանում գործում է հատուկ ստորաբաժանում, որը զբաղվում է թափառող շներով: Հեռ. 57 57 68

Մեկնաբանությունները փակ են: