ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ. 5-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Արտակ Ալեքսանյան- Բժիշկը` փրկարար, հրաշակագործ ու փրկօղակ` սա այն դեպքում, երբ հիվանդանոցը լքում են ապաքինված: Հակառակ դեպքում` մարդասպան ու դահիճ: Բարի երեկո եթերում Հատուկ ռեպորտաժն է այսօրվա մեր թեման է` առողջապահական սխալներ: Այն ինչ ներկայացնելու ենք, նման է ամենավատ մղձավանջի: Շավինյանների ընտանիքի պատմության մասին գիտեն ամբողջ Լոռվա մարզում: Նրանք երկու դուստրերից հետո սպասում էին առաջին որդուն: Գոհար Շավինյանի ինը ամիսների հղիուությունը հարթ էր անցել ու թվում էր, թե նույնպես հարթ կարող է անցնել ծննդաբերությունը: Սակայն այդպես չեղավ: Եղավ անսպասելին ու ողբերգականը: Գոհար Շավինյանը մահացավ ծննդասեղանին: Դատաբժշկական փորձաքննությունը ապացուցեց Ալավերդու հիվանդանոցի բժիշկի մեղքը և նրան մեղավոր ճանաչեց: Սա երեք տարի առաջ էր: Այսօր, այդ բժիշկը, ոչ միայն անգամ մեկ օր չի անցկացրել բանտում, ոչ միայն չի դադարեցրել իր պրակտիկան, ոչ միայն չի դադարել բժիշկ աշխատելուց, այլև նույն հիվանդանոցում, մարդ սպանելուց երեք տարի հետո պաշտոնական առաջխաղացում ունի` նա այսօր հիվանդանոցի փոխտնօրենն է:
Գոհար Մանուկյանն է ներկայացնում Գոհար Շավինյանի պատմությունը և Ալավերդի հիվանդոցը: Բուժհիմնարկ, որտեղ մահացության դեպքերի քանակով համեմատելի է թերևս համակենտրոնացման ճամբարի հետ:

Գոհար Մանուկյան – Գոհարը մտախոհ է: Սկզբում նույնիսկ բաժակաճառերին չի մասնակցում, բայց մի քանի ժամ անց սեղանակիցներից մեկի առաջարկած կենացից չի հրաժարվում, միանգամից բաժակով շտապում է ամուսնու` Հովիկի մոտ:

Բաժակաճառ – Գոհար ջան քո ու Հովիկի կենացը: Աստված ձեզ հետ: Տանը, որ կին չի լինում, էդ տունը տուն չի

Գոհարի մասնակցությամբ պահպանված միակ այս տեսաերիզում Շավինյաններն ունեին երկու դուստր եւ որդի ունենալու մի մեծ երազանք: 39-ամյա Գոհարը հղիության ինը ամիսներին առողջական ոչ մի խնդիր չի ունեցել` սա հաստատել են նաեւ գինեկոլոգները: Մարտի երեքի ուշ երեկոյան Գոհարին տեղափոխեցին ծննդատուն: Գոհարի համաձայնությամբ շտապ սկսվում է կեսարյան հատում: 10-ը րոպե անց ծննդատան բակում անհամբեր սպասող ամուսնուն աչքալուսանք են հայտնում. որդին ծնվեց: Սակայն րոպեներ անց լուրերը դարձան տագնապալի` ծնունդն ընդունելուց հետո 2-րդ անեսթեզիոլոգի պահանջը` համարյա ոչինչ չթողեց րոպեներ առաջ ապրած երջանկությունից…Երկրորդ անեսթեզիոլոգի կարիք այլեւս չկար: Հովիկ Շավինյան, տուժածի ամուսինը 15 րոպեից ասին վատ ա, երկրոդ նարկոզիստին գնա բեր, ուրիշը բերեցի, եկա ասին մահացել է արդեն: Հոգեմաշ դատաբժշկական փորձաքննությունն ի վերջո բացեց սպիտակ դռների մութ անցքերը: Դատաբժշկական եզրակության համաձայն, անզգայացման մեթոդը կիրառվել էր ոչ լիարժեք: Արդյունքում, մեղադրյալի աթոռին հայտնվեց բժիշկ Հովիկ Ավետիսյանը:

Հովիկ Շավինյան, տուժածի ամուսինը – Կարամ ասեմ, որ 3 բժիշկ են եղել, 4 բժիշկ են եղել, 4-էլ մեղավոր են Գոհարի մահվան համար: Ես ուզում եմ, որ լրիվ պատասխանատվության ենթարկվեն օրենքի սհամաններում: 39 տարեկան աղջիկաՙ 150 չի, չի որ սպանեն ու ղրաղ գան

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը 2 տարի քննել է այս գործը: Բուժանձնակազմն արդարանալու համար առաջ էր բերում հազար ու մի վարկած` ընդհուպ տուժողի քրոնիկ գաղտնի թոքաբորբի եւ ներքին օրգանների ոչ այնքան հարմար դիրքի մասին:

Գ.Մ – Մինչեւ դա առողջությունը լա՞վ է եղել
– Հա, միանշանակ: Էն աղջիկը ինձ մոտ 20 տարի ապրել է, մի հատ օֆ չի արել:
/Մեջբերում դատական նիստի արձանագրությունից /: Անզգայացման ընտրված մեթոդը լիարժեք չի կատարվել: Ինչն էլ բերել է թթվածնի պակասի եւ կնոջ մահվան, իսկ ներարկած դեղորայքը չի ապահովել ծննդկանի լիարժեք ցավազրկումը: Դիմակային անզգայացման մեթոդը համեմատաբար անապահով է եւ քիչ կիրառելի

Դատարանը Հովիկ Ավետիսյանին մեղավոր ճանաչեց` Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, համարելով նրան միջին ծանրության հանցագործ, շրջապատի համար վնասակար մարդ եւ դատապարտելով երեք տարի ազատազրկման:

Հովիկ Ավետիսյան, ամբաստանյալ – Հարգելի դատարան, ճիշտն ասած ես որոշել էի երկար խոսեմ, բայց որքան մտածում եմ` այլևս ավելացնելու բան չունեմ, կասեմ միայն, որ ես խոնարվում եմ Գոհար Մուրադյանի դիակի առաջ, ցավակցում նրա ընտանիքին, սակայն որպես մարդ, որպես բժիշկ, ես նորից եմ կրկնում` ինքս իմ խղճի առաջ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում:

Բացի Հովիկ Ավետիսյանին մեղադրելուց, դատավճռի ոչ աչքի ընկնող հատվածներից մեկում արձանագրված է.
/Մեջբերում դատական նիստի արձանագրությունից /: Ալավերդու հիվանդանոցն ունեցել է դեղորայքի եւ բժշկական սարքավորումների սահմանափակ հնարավորություն, անզգայացման տեսականու հնարավորություն նույնիսկ չի եղել:

Այս դեպքից հետո Ալավերդիում սկսվեց խուճապ: Եթե 2004-ին հիվանդանոցում վիրահատվել էր 36 մարդ, ապա միջադեպից հետո 2005-2006թթ. բժիշկները ընդամենը 2 վիրահատություն են կատարել:

Ամալյա Ազատյան, ծննդատան տնօրեն – Ինչից է: Մենք շատ ուռուցքներով, միոմաներով ու կիստաներով հիվանդներ ունենք, որոնք իսկապես պետք է գային ու … փաստորեն շատ քիչ են եկելալի պակասել ա:

Վերջին 10-ը տարում ծննդատանը գրանցվել է երեխաների մահվան մոտ հարյուր դեպք: Միայն 2005-ի 9 ամսվա տվյալով, 7 ծննդկանի մահվան դեպք է գրանցվել, իսկ արատավոր երեխաների թիվը վաղուց գերազնացում է թույլատրելիի սահմանը:

Ստեփան Մոսինյան, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն – Երկու-երեք ամիս առաջ էլ է մեր մոտ եղել մի հատ մայրական մահացություն, իհարկե ամեն ինչ օրենքով, կարգով արձանագրված է: դատաբժշկական հանձնաժողովով փորձաքննություն է կատարվել: Հիմա սպասում ենք:

Ալավերդու բժշկական կենտրոնի նոր տնօրենն է` ժառանգել է ոչ լավ համբավ ունեցող հիվանդանոց` գումարած 42 միլոն դրամ պարտք, գումարած անօգտագործելի գույք, գումարած նախորդ դարի 50-ականներից մնացած բուժանձնակազմ եւ սարքավորումներ: Ծախսերի թեթեւցման, թե հոգսը մեկտեղելու նպատակով, մեկ տարի առաջ հիվանդանոցն ու ծննդատունը միավորվեցին: Օպտիմալացման միակ օգուտն առայժմ տանտերերի համար է շոշափելի, իսկ արդյո՞ք այսպիսով կանգ կառնի բժշկական սխալների շքերթը:

Ստեփան Մոսինյան, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն – Ոչ մի տեղ չկա գրված, որ բժիշկը իրավունք չունի սխալվելու: Բժշկական սխալներ էլ են լինում: 1000-ավոր մարդու կյանք փրկես, մեկինը չկարողանաս փրկես ու կանգնես դատարանի առաջ ու ինչ-որ համարվես:

Հիվանդանոցում – Բեր-բեր Սեդա ջան, մեկ-մեկ բեր դնենք, այ լավ ա: Մի փոքր շեղումով ծնունդա եղել,ճնշումը բարձր: Գոհ եք ծննդաբերությունից, ընացքից, հղիության ընթացքում ձեզ լավ են վերաբերվել:
– Այո.շատ

Գիշերը հիվանդանոցում թեժ է եղել` միանգամից երեք ծնունդ: Առաջին հայացքից ժպտերես թվացող բժիշկները հոգու խորքում տխուր են: Վերջին դեպքը թարմ է:

Լյուդմիլա Մկրտումյան, գինեկոլոգ – Կեսարյանից հետո, հետվիրահատական արյունահոսություն ունեցավ:

Մենք վերցրեցինք 2-րդ անգամ վիրահատեցինք, բարեհաջող անցավ: Մեկ էլ մի կես ժամ հետո հիվանդը անսպասելի մահացավ:

Հիմա էլ բժիշկներն անհամբեր սպասում են այս դեպքի դատաբժշկական եզրակացությանը: Կնոջը շատ լավ էին ճանաչում: Առաջին ծննդաբերությունը կրկին իրենք էին ընդունել: Մոսկվաբնակ էր, հատուկ եկել էր Հայաստան, որ տղան լույս աշխարհ գար հայրենիքում:

Լյուդմիլա Մկրտումյան, գինեկոլոգ – Երանի չվստահեր ես էլ էդ կասեի: Նա այնքան մեծ հույսերով ու հավատով էր եկել մեզ մոտ Ռուսաստանից, որովհետև ասում ա ես ձեզանից միշտ գոհ եմ եղել: Էտ ա մենք շատ ծանր ենք տանում; Անձնապես էլ ենք ծանր տանում, որովհետև եթե գիտես` մի մարդ քեզ վստահում ա և չի ստացվում: Ճիշտն ասած մեզ համար էլ անհասկանալի էր, թե ինչպես դա եղավ:

Բարդ վիրահատության դեպքում ելքը մեկն է` զանգ ընկերոջը: Վերջին ցուցումներով միանում է նաեւ մարզկենտրոնի հեռախոսը, որտեղից էլ ստացվում են այսպես կոչված շտապ օգնության վերջին հրահանգները:

Հովիկ Շավինյան, տուժածի ամուսինը – Ուզում էինք տղա ունենալ, տենց էինք որոշել, մեկ էլ ավելի շուտ չարիքն ա գալի, ոչ թե բարին:

Աղջիկներն ավարտեցին Ալավերդու տեխնիկումը` կրտսերը կարմիր դիպլոմ ստացավ, պատրաստվում է մայրաքաղաք տեղափոխվել` ուսումը շարունակելու:

Տուժածի ընտանիքը – Իրա դիպլոմը հանի
– Ինչին ա օգնելու
– էս մեր դասարանն ա, իրար հետ ենք սովորել,
– Էս փոքր վախտն ա, էս հորաքույրս ա, որ իրան պահում ա
– Ինքը իմիջիայլոց սրտային հիվանդ ա, ստիպված մենք դպրոցական ենք եղել, ուսանող ենք եղել տենց ինքը պահում ա:

Մեկ տարի առաջ առողջապահության նախարարությունում ստեղծվել է սեփական մասնագիտական սխալները վերլուծող խումբ: Փորձելու են հասկանալ` ինչո՞ւ են այդքան շատ բժշկական սխալները եւ ինչպե՞ս դրանք կանխարգելել: Իսկ 40-ը չբոլորած Գոհար Մուրադյանի գույժը դեռ նախարարին չի հասել:

Հարություն Քուշկյան, առողջապահության նախարար – Ես ճիշտն ասած այդ դեպքին դեռ տղյակ չեմ, բայց կանրադառնամ: Ես գտնում եմ, որ մեր հանձնաժողովի առաքելությունը հենց նրանում է, որպեսզի մենք կարողանանք բժիշկներին էլ կանխենք նրանց սխալներից, որպեսզի ոչ մի բժիշկ, ոչ մի բուժաշխատող ոչ մի անկապ սխալ թույլ չտա և չդատվի:

Բժիշկ Ավետիսյանի հանցանքի դիմաց Դատարանը սահմանեց երեք տարվա ազատազրկում, սակայն հաշվի առավ 2 մեղմացուցիչ հանգամանք` նրա խնամքի տակ կա երկու անչափահաս երեխա, բացի այդ` սա իր առաջին բացահայտված մասնագիտական սխալն էր: Պատիժը կրճատվեց 1 տարի 6 ամսով: Անթույլատրելի չհամարվեց բժիշկ Ավետիսյանի հետագա մասնագիտական գործունեությունը: Գործընկերները սովորաբար այս մասին լռում են, գուցե նրանք ունե՞ն հիմնավոր պատճառներ:

Հովիկ Շավինյան, տուժածի ամուսինը – Հա, հիվանդանոցի փոխտնօրենն ա:

Սակայն երեք տարի անց նրան հանդիպել մեզ չհաջողվեց

Գ.Մ. – Դուռը փակ է:
Հովիկ Շավինյան, տուժածի ամուսինը – Չէ, չէ, անունը որոշել էի իմ պապայի անունով դնեի: բայվ որ տենց եղավ, աղջիկներս ասեցին, պապա` մաման ուզեցել ա, որ Էրիկ լինի: Մեզ ասել ա` պապային համոզեք Էրիկ դնի: Էլ չկարացի ոչ մի բան ասեմ:

Ա.Ա. Ալավերդու այս պատմությունը լրագրողներին հայտնի դարձավ միայն այն պատճառով, որ գործը մտավ դատարան: Իրականում, մանկան ու կանանց մահացության դեպքերը շատ մեծ են, սակայն չհաշվարկված: Հայտնի է միայն, որ զարգացող երկրներում, միայն անցած տարի գրանցվել է 584 հազար մայրական մահ: 2008-ը դեռ չի ավարտվել, սակայն արդեն կա կես մլն դեպք: Ինչ անել, երբ բժիշկները անբարեխիղճ են: Այս հարցին պատասխանում է փաստան Լիանա Բալյանը: Նրա խոսքով, օրենսդրությունը հիվանդի և քաղաքացիների կողմն է, սակայն ստեղծվել է այնպիսի մի փակ, կոռումպացված շրջան, որ բժիշկների մեղքն ապացուցելը գրեթե անհնար է դարձել:

Ա.Ա. – Լիանա, եթե քաղաքացին գնում է հիվանդանոց և զգում է կամ վիրահատությունը այնպես չի անցնում, ինչպես հարկավոր էր կամ նախատեսված էր, որ պետք է անցնի, ինչ պետք է անեն, առաջինը ում պետք է դիմեն վիրահատական կամ առողջապահական սխալի համարՙ պատասխանատվության կանչելու համար:

Լիանա Բալյան, փաստաբան – Դիմում են գրում ոստիկանություն և հետաքնչական մարմինը գործի նյութերով նախապատրաստում է քրեական գործ: եվ այդ ժամանակ նա հործը ուղղարկում է դատաբժշկական փորձաքննության: Դատաբժշկական փորձաքննությունը նորից կատարում են ովքեր` բնականաբար բժիշկները: Բնականաբար բժիշկները բժշկական համերաշխությունից ելնելով պաշտպանում են իրենց բժիշկ գործընկերներին և տալիս են միանշանակ դատաբժշկական փորձաքննություն, որ բժիշկը մեղավոր չէ: Հետաքննչական մարմինը ոչինչ չի կարող անել և կառչում է քրեական գործի վարույթը: Տուժողի հարազատները, փաստորեն, կագնում են փաստի առաջ, քրեական գործ չի հարուցվում, կառչվում է, գալիս դիմում են փաստաբաններին գոնե իրենց կրած վնասների համար դիմեն քաղաքացիական հայցով դատարան` որպես առողջությանը պ;ատճառված վնաս: Բայց քաղաքացիական օրենսդրությունն էլ ինչ ա ասում: Քաղաքացիական օրենսդգրքի 1058 հոդվածի համաձայն, քաղաքացիները կարող են դիմել դատարան` իրենց պատճառված վնասը հատուցելու պահանջով, եթե իհարկե այդ վնաս պատճառած անձը ապացուցում է, որ ինքը մեղավոր չի, նորից իրենց հայցը մերժվում է:

Ա.Ա. – Այսինքն երկու տարբերակ կա վնասը փոխհատուցելու կամ բժշկին պատժելու համար: Նախ առաջինը քրեական գործ հարուցել, որը ըստ ձեր խոսքերի, գրեթե անհնար է, որովհետև կա բժշկական կոլեգիալնոստ, այսինքն հիմնական դեպքերում այդ համերաշխություն գործերը կառչվում են: Երկրորդը արդեն վնասի փոխհատուցումն է: Էտ ժամանակ էլ է պետք դատաբժշկական փոխհատուցում:

Լիանա Բալյան, փաստաբան – Քաղաքացիական օրենսդգրքի 1058 հոդվածի համաձայն, պետք է ապացուցվի բժիշկի մեղքը: Իսկ եթե այս դեպքում արդեն կա դատաբժշկական այդ հզոր փորձաքննության արդյունքը, որ բժիշկը մեղավոր չէ, նորից պետք է մերժվի հայցը:

Ա.Ա – Այսինքն եթե դատաբժշկական փորձաքննությունը լինի անկախ, այդ դեպքում կունենանք նաև անկախ եզրակացություն և այդ դեպքում հնարավոր է` կողմերը ավելի զգոն լինեն:

Լիանա Բալյան, փաստաբան – Եվ մի բան էլ ավելացնեմ, սա իր մեջ շատ մեծ վտանգ է պարունակում, որովհետև նման անգրագետ բժիշկները, որոնք որ վիրահատություն անել թեկուզ չեն կարողանում, մնում են անպատիժ, իսկ դատաբժշկական փորձագետներն էլ ինչու են օգնում իրենց բժիշկ ընկերներին, որ հետագայում իրենք էլ խնդիրներ ունենան, իրենց էլ կպաշտպանեն այս բժիշկները: Բայց դրանով հասարակության մեջ կշատանա զոհերի թիվը, որը որ վտանգավոր է հասարակության համար:

Ա.Ա – Դատաբժշկական փորձագետները դրանք առողջապահության նախարարության ենթակայության տակ են, թե անկախ կառույց են:

Լիանա բալյան, փաստաբան – Այո, անկախ կառույց են:

Ա.Ա – Եթե այդքան հոռետեսական նոտայի վրա չավարտենք, ինչ խորհուրդ կտայիք հեռուստադիտողներին:

Լիանա Բալյան, փաստաբան – Համենայն դեպս խորհուրդ կտամ, որ դիմեն փաստաբաններին, պայքարեն մինչև վերև, որովհետև մինչև վերջ պայքարելու դեպքում իհարկե կհասնեն արդյունքի:
Ա.Ա .Ամեն անգամ չէ, որ սխալն ավարտվում է մահով: Սխալների արդյունքում մարդիկ հաշմվում են, ձեռք բերում նոր հիվանդություններ: Մանուշակ Իրիցյանը զրուցել է նրանց հետ, ովքեր ապացույցն են հենց բժշկական սխալի, որ եղել է տասը, քսան տարի առաջ: Ինչպես են նրանք ապրում, ինչպես կապրեին և ինչպես են պայքարում` ուրիշի սխալների վրա ապրելով:

Լաերտ Սաղաթելյան, հաշմանդամ – Մահացած եմ եղել,չեմ մահացել: Մի քանի օր չեմ հիշում: Հետո որ աչքերս բացեցի, չէի լսում, ձեն էին տալիս, արթնացա, ասեցի չեմ լսում:

Մանուշակ Իրիցյան – Ախտորոշումը` հեղուկային վարիկոցելե: 2003 թվական, մայիս: Առաջին վիրահատությունը զինվորական հոսպիտալում: Վիրահատությունից հետո ցավերը սաստկանում են: Վեց ամիս անց երկրորդ վիրահատությունը: Տեղային անզգաայցումը գնահատվեց ոչ արդյունավետ: Անցում ողնաշարային անզգայացման: Արդյունքում` նրա շուրջ աշխարհը լռեց ու կանգ առավ սայլակի վրա:

Լաերտ Սաղաթելյան, հաշմանդամ – Հետագայում պարզվեց, ողնաշարս սրսկելուց սխալ տեղից են սրսկել:

Լաերտ Սաղաթելյան: 21 տարեկան: Ծնվել է Գագարին ավանում: Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաներից: Ընդունելությունը երկու բուժզննում պահանջեց: Եզրակցությունը` պիտանի է ծառայության:

Լաերտ Սաղաթելյան, հաշմանդամ – Երգում էի գյուղի ակումբում, մեր դպրոցում:Հետո ուզում էի դուրս գալ Հայաստանից, գնալ Հունաստան, լավ ուսում ստանալ, լավ պաշտոնով վերադառնալ:

Հինգ տարի է` ոտքերն անիվներն են: Աչքերը տեսնելուց բացի նաեւ լսում են: Աշխարհի մասին պատմում են շրթունքները, իսկ շրթունքները ոչ միշտ են ընթեռնելի: Ժեստերի լեզուն հոգնեցուցիչ է: Ժամանկը սուղ է:

Լաերտ Սաղաթելյան, հաշմանդամ – Սկզբից հետս ձեռներով էին խոսում, գրում էին թղթի վրա, հետո էլ քիչ-քիչ վարժվեցի: Հիմա էլ մարդիկ կան չեմ հասկանում, աղբորս եմ լավ հասկանում ու քեզ: Մարդիկ կան կոպիտ են խոսում, չեմ հասկանում: Հիմա քեզ հասկանում եմ, հիմա ինձ տեսնողը կմտածի լսում եմ, բայց խաբում եմ:

Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն: Տարվա մեջ մեկ անգամ ընդամենը` հանդիպում հավասարների հետ: Պատերի արանքում այլ աշխարհ: Այստեղ քեզ սպասել են. հեշտ է բացել դռներն ու ներս մտնել: Ժամանակը դանդաղ է անցնում: Համակերպվել այդպես էլ չստացվեց:

Լաերտ Սաղաթելյան, հաշմանդամ – Որ չեմ լսում, էս կյանքին էլ չեմ համկերպվում: Դրա համար ընդհանրապես ոչ մի բան չեմ անում, մտնում եմ տուն ու էլ դուրս չեմ գալիս: Պարկում եմ, մի անգամ հաց ուտեմ, չուտեմ: Չեմ վերկանում տեղաշորից:

2004 թվականին հարուցվել է քրեական գործ: Կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:
Նա այս ճամփան անցնում է շաբաթը մի քանի անգամ. Ամեն օր չի կարող, երկար քայլել չի կարելի: Ցուցումը բժիշկներինն է: Աննան դատապարտված է բոլորին ցույց տալ մասնագիտական անփութության իրական գինը:
Ծննդաբերությունից չորս օր անց միայն բերեցին երեխային: Յոթ ամսական էր ծնվել: Կենսունակ, լավ բալիկ է, ասել էին բժիշկները: Օրեր անց տիկին Ելենան իմացավ, որ փոքրիկի տոտիկներն այտուցված էին:

Ելենա Օհանյան, տուժածի մայրը – Ես իմ աղջկան գտա մի հատ սենյակում, որտեղ ոչ մի երեխա չկար, մենակ ինքն էր կյուվեզի մեջ: Եվ բանից պարզվեց, որ էտ կյուվեզը միացրած չէր, ինքը սառն էր:

Բժիշկները շտապեցրին հանգստացնել. ամեն ինչ նորմալ է, ուղղակի նորածինն անհաս է եւ ընդամենը: Երբ լրացավ յոթ ամսականը, փոքրիկը դեռ նստել չէր կարողանում: Բժիշկները խորհուրդ էին տվեցին խուճապի չմատնվել:

Ելենա Օհանյան, տուժածի մայրը – Ինձ էնտեղ ասեցին` ուզում եք յոթ ամսական երեխան վազի ձեզ համար:

Մեկ տարեկանում արդեն ընդգծվեց Աննայի ոտքերի անհամաչափությունը: Սկսվեցին անվերջանալի բժշկական զննումները: Աննան ընդունել էր դիֆտերիայի դեմ պատվաստում, ինչը հակացուցված է նման խնդիր ունեցող երեխաներին: 88ի երկրաշարժից հետո դրսից եկած մասնագետներն Աննային զննեցին, պատասխանը միանշանակ էր. հետծննդաբերական վնասվածք:

Ելենա Օհանյան, տուժածի մայրը – Ցանկալի հղիություն էր ու ցանկալի բալիկ էր: Ես իրեն համար ամեն ինչ արել եմ ու շատ ուշադիր եմ եղել:

Աննա Թադևոսյան, տուժած – Երբ որ բժիշկը մայրիկին ասեց` ինչից ա իմ խնդիրը, ես արդեն գիտակցում էի ու էտ ամեն ինչը ես լսել եմ: Ու չեմ էլ խուսափում այդ ամենը ասելու, որովհետև տենց չեմ եղել` զուտ բժիշկների պատճառով ա եղել:

Մինչեւ վեց տարեկանն Աննան չոչ էր անում: Եվպատորիայի թանկ բուժումներն Աննային ընդամենը հենակներ տվեցին: Հենակներով քայլելու փոքրիկ ուրախությունը տեւեց երկու տարի: Վիրահատությունը պարտադիր էր: Վիրահատեցին երկու ոտքն էլ` հինգ կտրվածքով: Մկանի հաշվին ջիլը պետք է երկարեր:

Ելենա Օհանյան, տուժածի մայրը – Երկու տարի ինքը կարողացավ ինքնուրույն քայլել, նույնիսկ ինքնուրույն, բայց քանի որ ինքը աճող երեխա է, դա պետք էր աստիճանաբար արվեր այդ վիրահատությունը` ոչ թե միանգամից` հինգը մի տեղի վրա կտրվածք արեցին` հինգը` մի տեղ և դրանից հետո ասեցինք` Աննան նորից ձգվեց:

Բժշկական սխալ միջամտությունից հետո երկրորդ վիրահատությունը վերջինն էր, էլ տեղ չկար: Հենակներն Աննայի ճակատագիրը դարձան: Ոտքերը ջրում հնազանդ են, հրաժեշտ հենակներին: Ընդամենը երեք ամսում Աննան սկսեց լողալ ու հաշմանդամների օլիմպիական խաղերում գրավեց երկրորդ տեղը:
Աննան չի սիրում խտացնել գույները: Ընկեր Կարենի դասերից գիտի, որ անգամ գորշ գույների ճիշտ համադրությունից պայծառ գույներ են ստացվում: Պետք է ուղղակի զգույշ լինել չափաբաժիններն ընտրելիս:
Քայլել, ինչպես փոքր տարիքում մամայի ոտքերի հաշվին: Հենակներով այս արագությանը երբեք չես հասնի: Քայլել պետք է ամեն դեպքում:

Ա.Ա Դեպքեր, հերոսներ ու պատմություններ` ուղարկեք ու տեղյակ պահեք մեզ: Մենք կգանք դրանց հետևից, մենք կխոսենք ձեր մասին: [email protected] գրեք մեզ, այցելեք մեր կայքը` տեղեկանելու առաջիկա թեմաներից ու սպասվող ռեպորտաժներից: Դուք դիտում էի Հատուկ ռեպորտաժը: Առողջ եղեք:

Մեկնաբանությունները փակ են: