ԹՈՂԱՐԿՈՒՄ 11-ՐԴ. ՎԱՂԱՆՑԻԿ ՍԱՐՍԱՓ

logo3 Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:

Ի հեճուկս եղանակի ու քաղաքականության` կա թեմա, որի մասին նախընտրում են չխոսել: Բայց չկա մեկը, ում մարմնով գոնե մեկ անգամ սարսուռ չի անցել, երբ թվացել է, թե տեսել է նրանց: Երեք դարի ընթացքում այս քաղաքը ապրել է երեք հեղափոխություն, բլոկադա, բազմաթիվ թագավորական դավադրություններ ու սպանություններ: Ամենահյուսիսային մեգապոլիսում ավելի քան տասնմեկ հազար ուրվական է ապրում՝ ով է ստորագորւմ այս թվի տակ, ովքեր են որսում, խուսափում կամ կանչում: Սանկտ-Պետերբուրգ՝ որսաքաղաք ու սարսափի թանգարան՝ բաց երկնքի տակ: Հարցականով բանաձև` ովքեր են նրանք՝ ուրվականները: Հատուկ Ռեպորտաժի սարսափ թողարկումներից:

Արտակ Ալեքսանյան– Իմ ընկեր ու գործընկեր Նարեկ Նիկողոսյանը, որ այս օրերին Ս.Պետերբուրգում պարտաստվում է դառնալ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ուսումասիրելով ժամանակակից աշխարհի գիտական մտքի ձեռքբերումները` պնդում է, որ աշխարհի մեծագույն հայտնագործությունների և ստեղծագործությունների հեղինակները նրանք են, ովքեր ցանկացել և կարողացել են տեսնել անհավանականը, բացատրել՝ անբացատրելին:

Անբացատրելիիի մասին և անհասկանալի բլոկբաստեր այս տարի դարձավ 11 հազար դոլարով նկարահանված <Անոմալ երևույթներ> գեղարվեստական ֆիլմը` հավաքելով ավելի քան 100 մլն դոլար: Ֆիլմը սիրողական տեսախցիկի էֆեկտով պատմում է ընտանեկան մի զույգի մասին, որը դարձել է ուրվականների հարձակման թիրախ: Ըստ վիճակագրության` մարդկանց մեծամասնությունը իրենց կյանքում գոնե մեկ անգամ տեսել կամ զգացել է անդրաշխարհի բնակիչների ներկայությունը: Այս մասին շատ է խոսվել ու գրվել, սակայն հազվադեպ են լուրջ՝ այս դեպքում գիտական հետազոտությունները:

Աշխարհի ամենաառեղծվածային քաղաքներից մեկում` Սանկտ-Պետերբուրգում մենք փորձել ենք գտնել մարդկանց, ովքեր իսկապես փնտրում են ժամանակակից աշխարհի առեղծվածային երևույթներից մեկի դեռ հարցականով բանաձևը` ի վերջով ովքեր են նրանք` ուրվականները:

narekՆարեկ Նիկողոսյան– Եթե ինտերնետային ուրվականներ կան՝ ամենից հեշտ Յութուբում կարելի է վայելել նրանց բոլորի սարսափազդու ներկայությունը: Ձեռքի ճարպկություն, ֆոտոշոփի իմացություն և ոչ մի խաբկանք – ռետուշում է պրոֆեսոնալ լուսանկարիչ Վահրամ Իսրաելյանը:

– Էդ ահագին հեշտ բան ա, եթե օրինակ կարողանում ես ֆոտոշոփից օգտվես, կամ ընդհանարես կոմպյուտիրից ինչ որ բան անես, կարելի է անգամ ինտերնետում կարդալ, ոնց է դա արվում: Ու ահագաին հեշտ էդ կարելի ա անել ու էնքան էլ մեծ պրոբլեմ չի ուրվական սարքել նկարի վրա:

Սանկտ-Պետերբուրգը աշխարհի ամենահյուսիսային մեգապոլիսն է: 44 կղզիների վրա կառուցված հյուսիսային մայրաքաղաքը զբոսաշրջիկներին հայտնի է հեղափոխություններով, բացվող-փակվող կամուրջներով, լուսավոր գիշերներով, Էրմիտաժով ու եվրոպական ճարտարապետությամբ: Սակայն ձմռանը ամեն ինչ գլխիվայր է շրջվում: Սպիտակ գիշերների փոխարեն ձմռանը սկսվում են խավար օրերը՝ ծովային սառը քամի, անվերջ տեղումներ, խիտ մառախուղ՝ ինչպես իրականություն դարձած սարսափ ֆիլմում:

15– Իմ վրա մեծ ազդեցություն է թողել «Անգլուխ ձիավորը» ֆիլմը: Այնտեղ մի գործողություն կա, ամպերի ֆոնին, հոգեմաշ երաժշտության ներքո` անգլուխ ձիավորը հայտնվում է սարի վրա: Ֆիլմը դիտելուց մի քանի օր հետո, երբ տուն էի գնում, ինձ մի պահ թվաց՝ ես էլ եմ այդպիսի բան տեսնում,- պատմում է Պետերբուրգի պետհամալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան Լարիսա Ցվետկովան:

Եթե Պետերբուրգի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկանն այս տարիքում էլ ուրվականներ տեսներ, կդիմեր գործընկերներին: Ինչն էլ մյուսներին է խորհուրդ տալիս: Ուրվականների ներկայությունը հիվանդության ախտորոշում չէ, բայց ախտանշան է: Հոգեկան խանգարումը, սիրելի մարդու կորուստը, դժբախտ պատահարը և ֆիլմերից ու մուլտերից մնացած վախերը մարդու գլխում վերածվում են տեսողական, լսողական ու զգացական տեսիլքների:

– Սովորաբար վախը հայտնվում է անհայտության, ինֆորմացիայի բացակայության ժամանակ, երբ մենք փորձ չունենք,- բացատրում է Լարիսա Ցվետկովան:

6Թվում է՝ հոգեբանը ամեն ինչի դեղատոմսն ու բացատրությունն ունի, սակայն երկար զրույցից հետո խոստովանում է՝ որպես գիտնական, չի կարող հերքել այն, ինչ ապացուցված չէ:

– Իհարկե, կա տեսակետ, թե ուրվականներն իրականում գոյություն ունեն: Բայց ես ամեն դեպքում ներկայացնում եմ ակադեմիական գիտությունը, և ես ոչ մի տեղ չեմ հանդիպել այդ երևութների գիտական ապացույցների: Բայց նաև չի բացառվում, որ դրանք իրոք կան,- ասում է հոգեբանը:

Միխայլովյան ամրոցում ուրվականի գոյության խնդիրն ամբողջ Պետերբուրգը սկսել է քննարկել դեռ երկու դար առաջ: Պավել Առաջինին 1801 թվականին խեղդամահ են արել իր իսկ ննջարանում: Ուրվականի հետ առաջին հանդիպումը տեղի է ունեցել, երբ կայսեր մահվան քառասուներորդ օրը դեռ չէր էլ լրացել:

23Նաում Սինդալովսկու աշխատասնենյակում տասնմեկ հազար ուրվական է ապրում: Յոթանասունհինգամյա պետերբուրգցին կյանքի մեծ մասը ծախսել է՝ իր քաղաքի ուրվականների մասին բոլոր պատմությունները հավաքելով ու համակարգելով: Հիմա ամեն մեկը իր անվանական քարտն ունի:

– Մտքովս էլ չէր անցնում, որ Պետերբուրգի ուրվականների մասին կարելի է գիրք գրել: Բայց մի անգամ մի լրագորղ խնդրեց պատմել այդ ուրվականների մասին: Սկսեցի թվարկել ու մտածեցի, որ դա կարող է միամբողջ գիրք դառնալ,- հիշում է <Պետերբուրգի ուրվականները> գրքի հեղինակ, մարդաբան Նաում Սինդալովսկին:

Գիտնականը նկատել է, որ <ստվեր> և <ուրվական> բառերը շատ լեզուներում հոմանիշ են: Հետևաբար ուրվականները պատմության և մշակույթի ստվերն են բանահյուսության մեջ:

qartaran– Ես մինչև իմ ուղնուծուծը իրատես եմ, ես ոգիներն ընկալում եմ պատմական ու մշակութային տեսանկյունից: Ուրվականները, իմ կարծիքով, մեր նախնիների մասին մեր պատկերացնումներն են` միֆերի ու լեգենդների ձևով,- բացատրում է Նաում Սինդալովսկին:

Տարեկան մոտ հազար նոր ուրվականի մասին պատմություն է հայտնվում այս քարտարանում: Ոչ միանշանակ ընդունվող գիտնականը Ուրվականների շտեմարանը լրացնում է մամուլում հայտնված հաղորդագրությունների շնորհիվ: Իսկ մամուլին՝ հիմնականում դեղի՛ն մամուլին, ուրվականների մասին պատմությունները մատակարարում են հատուկ որսորդները: Միայն ֆիլմերում են նրանք ստորագրություններ բաժանում ու շրջում աղմկոտ մեքենայով: Իրական ուրվականների մերօրյա որսորդները սովորական մահկանացուներից տարբերվում են միայն իրենց աշխարհայացքով ու աշխատաքային գործիքներով:

20Պետք է ապացուցել անհնարինը: Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշեր: Բոլորը տոնում են Հելովինը: Ըստ ավանդույթի` այս երեկո ուրվականների և մարդկանց աշխարհները ձեռք ձեռքի են տվել: Որսի դուրս գալու լավագույն առիթն է՝ բոլոր կողմերի համար: Զուգադիպություն է արդյոք: Այս տարի տոնը համընկել էր ձմռան ժամանակացույցի անցնելու պահին՝ գիշերվա երեքին՝ ուրվական որսողը, ժամացույցի սլաքներին նայելու փոխարեն, Պետերբուրգի սրտի անոմալ զարկերն է ստուգում:

– Այս պահին մենք Նևա գետի մյուս ափին ենք: Ես չափումներ եմ անելու: Սրա համար ես օգտագործում եմ որոշակի գործիքներ,- պատմում է ուրվականների որսի մասնագետ Սերգեյ Օրլովը:

Նրանց գալստյանը սովորաբար նախորդում է սառը քամին ու անսովոր լռությունը: Այս գիշեր երկար սպասել պետք չէ: Եվ հանկարծ՝ անսպասելի, չափիչը սկսում է զնգալ: Ռադիացիայի կտրուկ տատանում՝ 44 միկորռենտգեն ժամում, հետո` 17, մեկ էլ՝ միանգամից՝ 67: Նկարահանման տեսախցիկի մագնիսական տեսաժապավենի վրա ինչ-որ խոտան է հայտնվում:

sergey-orlov– Հիմա մենք շատ ուժեղ անոմալ ուժերի էպիկենտրոնում ենք: Իմ գործիքներն են դա ցույց տալիս,- ասում է Օրլովը:

Եվս մի քանի վայրկյան` ու կրկին լռություն: Սերգեյը վստահեցնում է, որ կատարվածը ուրվականների հետ ֆուլ կոնտակտ էր: Վերջին տասը տարին ուրվական է որսում, ավելի հաճախ՝ չափագրում է անոմալիաները:

– Մենք հավատում ենք միայն նրան, ինչ տեսնում ենք, ինչ կարող ենք շոշափել: Եվ միայն մասնավոր զրույցներում ենք խոստովանում, որ ինչ որ բան տեսել ենք: Իմ կարծիքով, բոլորն էլ դա զգում են, ուղղակի չեն ասում, որ իրենց չծաղրեն: Հոգու խորքում բոլորս էլ հավատում ենք ուրվականների գոյությանը: Կամ գոնե կասկածում ենք: Բայց աշխարհը այսօր այնպես է կառուցված, որ մարդը փորձում է հավատալ ոչ թե իր տեսածին ու զգացածին, այլ սառը բանականությանը,- Սերգեյ Օրլովն ինքը հավատում է ուրվականների գոյությանը:

12Սառը բանականությունը ոչ մի կերպ չի կարողանում բացատրել այն, ինչ տեղի է ունենում Միխայլովյան ամրոցում: Ոմանք պդնում են, որ մինչեւ օրս մոմը ձեռքին ամորցում պտտվող Պավել Առաջինը անիծված է: Կենդանության օրոք նա ուզում էր միավորել բոլոր եկեղեցիները, բայց դավադիրները թույլ չտվեցին:

Պետերբուրգում հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը, թվարկելով Ռուսաստանի հյուսիսային մայրաքաքի բազմաթիվ առեղծվածային երևույթները, ուրվականի փոխարեն գործածում է <հոգևոր աշխարհի բնակիչներ> բառակապակցությունը: Հայր Նշանը դժվարանում է միանշանակ պատասխան տալ, թե եկեղեցին ինչպես է բացատրում ու վերաբերվում հոգևոր աշխարհի այն բանակիչների գոյությանը կամ չգոյույթանը, որոնց սովորաբար ուրվական են անվանում:

ter-nshan– Եկեղեցական հայրերի թողած ժառանգության մեջ շատ ու շատ դեպքեր կարող ենք հանդիպել, երբ որ հենց եկեղեցու հայրերը, սրբերը որոնք մինչև այժմ մեզ համար օրինակ են և մաքրության, և սրբության կենցաղի, առնչվել են նման երևույթների հետ և պարզորոշ, իրենք իրենց փորձից ասում են, որ դրանք ուղղակի չար ոգիներ են, որոնք մարդուն շեղում են,- բացատրում է Տեր Նշան աբեղա Պետրոսյանը:

Եկեղեցին չի բացառում, որ նման շեղումները կարող են տարբեր հիվանդությունների պատճառ լինել, սակայն հոգևորականը խորհուրդ է տալիս աշխարհիկ բուժումից բացի կիրառել հոգևոր պաշտպանության հավերժական բանաձևը:

13– Յուրաքանչյուր իրավիճակում, երբ որ եթե մարդ իրականում հավատացյալ է և գիտիէ ինչ է նշանակում Աստվածային իրականությունը, պաշտպանությունը իր կյանքում, ինչպես յուրաքանչյուր դժվարության, փորձության ժամանակ նաև այս ժամանակ կարող է դիմել աղոթքի զորությանը` թե խաչակնքվելով, թե ուղղակի աղթոքի բառեր ասելով, աղոթելով:

Ուրվականներից ոչ միայն խուսափում են կամ սարսափում: Կան մարդիկ, ովքեր հաճույքով նրանց հետ շփվում են ի պաշտոնե: Վարպետ Չեգարն ու Լիլիան մեդիումներ են: Խոստացել են հարցազրույցից հետո հոգեկոչության սեանս կազմակերպել՝ հատուկ ռեպորտաժի նկարահանումների համար:

– Աշխարհում ոչ մի բան չի մահանում, չի վերանում, ուղղակի ժամանակի հետ վերափոխվում է, այլ կերպար է ստանում: Ուրվականները մահացած կամ դեռ չծնված մարդու վերափոխված էությունն են, որ ապրում են մեզ զուգահեռ աշխարհում,- ասում է Վարպետ Չեգարը:

medium– Մենք սովորել ենք գիտակցել` մեր կայանքը վստահելով նրան, ինչը տեսնում ենք աչքերով: Մենք կարծում ենք` այս սեղանը ամենաիրականն է, բայց այս սեղանից բացի մեր շուրջ հիմա միլիարդ էություններ կան, որոնց մենք չենք տեսնում, որովհետև մեր ընկալող օրգանները հարմարեցված չեն դրանց տեսնելուն և զգալուն: Բայց եթե օրգանիզմը մարզենք, մենք կարող ենք տեսնել այդ ամենը,- վստահեցնում է Վարպետ Լիլիան:

Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան կարելի է ենթադրել՝ ուղղակի պետք է լռել՝ կենտրոնանալու համար: Մեդիումը այսպես է սկսում կապվել այն աշխարհի հետ: Մոտ տասը րոպեանոց լռությունից հետո՝ վարպետ Լիլիայի շնչառությունն արագանում է: Եվս քսան րոպե անորոշություն, և հանկարծ կնոջ ձայնի տեմբրը կտրուկ բարձրանում է՝ մեդիումի շուրթերով խոսում է՝ Սուրբ Պետերբուրգի հիմնադիր Պետրոս Մեծի հոգին:

22– Այն ինֆորմացիան, որ գալիս է, զգում եմ ամբողջ մարմնովս, սրտիս զարկերը արագանում են, ինձ թվում է մեծացել եմ մի քանի անգամ, և ուզում եմ բռունցքով խփել սեղանին և գոռալ, Ռուսաստան արթնացիր, …..այն գոռում է, մենք քնած ենք, պետք է գործել, և էլի, էլի մենք պետք է արթնանանք, արթնանանք և գործենք,- Պոտրոս Մեծի խոսքերն է փոխանցում մեդիումը:

Մեդիումները իրենց ծառայության համար բավական մեծ գումար են պահանջում՝ նվազագույնը հիսուն հազար դրամ: Ընդհանրապես ուրվականները անհանգստությունից ու սարսափից բացի կարող են եկամուտի վարար աղբյուր դառնալ՝ առաջին հերթին զբոսաշրջիկների շնորհիվ: Միխալովյան ամրոցին զբոսաշրջիկները սովորաբար մի քանի րոպե են հատկացնում: Այստեղ ամեն փողոց, տուն, թանգարան ու անգամ կամուրջ իր ուրվականն ու առեղծվածն ունի:

24Ահից փշաքաղվելու հաճույքը երկարացնելու համար բնիկ պետերբուրգցի էքսկուրսավարը չի էլ փորձում որևէ սովորական բացատրություն տալ: Պետերբուրգյան դաժան եղանակը ՝ նրան օգնական՝ մի քանի ժամում՝ ցուրտ ու տաք, մեկ արև, մեկ անձրև, մառախուղ ու կլասիցիստական ճարտարապետություն՝ սարսափի սրահ բաց երկնքի տակ:

– Մարդիկ հաճախ են այստեղ ուրվականներ տեսնում և այդ պատճառով հիմա պաշտոնապես արգելված է նավերի մուտքը այստեղ: Եվ եղել են դեպքեր՝ երբ նավը մտել է այստեղ ու այլևս չի դուրս եկել: Սա էլ ամենաառեղծվածային և գեղեցիկ վայրերից է,- խորհրդավորության մշուշով է ամեն ինչ ծածկում էքսկուրսավար Վլադա Սվենցիցկայան:

Էքսկուրսավարը չի չափազանցում՝ ինքն էլ երբեմն տեսնում է բաներ, որոնց դժվար է միանշանակ գնահատական տալ: Բայց կարելի է անբացատրելիի մասին մասին պատմել, թող մարդիկ իրենք որոշեն՝ հավատալ, թե՝ ոչ:

19– Ես այսպիսի տուր եմ հնարել, որովհետև մանկուց քայլում էի այս վայրերով ու ականատես էի լինում բազմաթիվ տարօինակ երևույթների և մտածում էի՝ ինչու այս մասին էքսկուրսիաներ չկան: Բոլորը նայում էին միայն մշակույթին ու ճարտարապետությանը: Բայց մեր քաղաքն առեղծվածներ էլ ունի,- ասում է Վլադա Սվենցիցկայան:

Կիբերուրվականներ են: Անուն էլ ունեն. <Պետերբուրգի Սարսափները>: Այս ատրակցիոնի նորագույն տեխնոլոգիաների, հատուկ էֆեկտների ու ռոբոտների միջոցով զբոսաշրջիկները տեսնում են այն, ինչ համարվում է անոմալիա: Տասներեք սենյակ ունեցող լաբիրինթոսում ապրում են Ռասկոլնիկովը, Գոգոլի Քիթը, այրվող Ռասպուտինը: Սարսափը թանկ հաճույք է, բայց տոմսերը վաճառվում են ինչպես այստեղ են ասում՝ տաք բլիթների պես:

9– Ամեն գիշեր, ճիշտ զրո ժամ 47 րոպեին, ամորցի պատուհանի մոտ հայտնվում է Պավելը և մնում այնքան, մինչև կանցնի 47-րդ այցելուն:

Դժվար է ասել, ես որերորդ անցորդն եմ, բայց հենց հիմա զրո ժամ քառասունյոթ րոպե է: Ես նայում եմ ուղիղ կայսեր պատուհանին: Ինչպես բացատրել այն, ինչ տեսնում եմ: Ուրվականներ չկան՝ կպնդի յուրաքանչյուրը, իհարկե: Սակայն նաև չկա մեկը, որի մարմնով գոնե մեկ անգամ սարսուռ չի անցել, երբ թվացել է, թե տեսել է անտեսանելին:

3 մեկնաբանություն

  1. Art 27 November 2010, 22:44

    isk ed urvakanner@ karan mardkanc vnas tan?

  2. Art 27 November 2010, 22:46

    hastat ed pyotr 1-ini urvakan@ ka, u spasuma 47 hogi ancni vor erta, ed vnas chi tali? sankt peterburgne lriv anicvac, xndrum em bolor harceris patasxanel

  3. vahe 19 December 2010, 00:15

    es havatum em