ԹՈՂԱՐԿՈՒՄ 16-ՐԴ. ԳՈՐԾ ԲԱԶՄԱՑ

logo2Մեր իրականությանն անծանոթ բառեր, խորթ երևույթներ ու նոր բիզնեսներ:
Հատուկ Ռեպորտաժն ուսումնասիրել է հայկական նոր բիզնեսն ու ավանդականի նոր մուտացիաները: Վճարովի Ֆլերինգ, անդամավճարով սքեյթ փարք: Ջայլամներ Քենիայից, և գորտեր` Ֆրանսիայի համար: Գեղարդի սուջուղը, Ողջաբերդի թթուն` նոր դիզայնով, Արգավանդի կահույքն ու Նար-Դոսի դռներ վաճառող նախկին դագաղագործները: Ավելին` Շաուրման, նաև կանանց համար ու նաև` նստելով:

Արտակ Ալեքսանյան – Տնտեսական ճգնաժամը, նոր տեխնոլոգիաներն ու նոր բարքերը իրենց հետ ստեղծեցին նոր ենթակառուցվածքներ ու նոր բիզնեսներ: Այդ առումով Հայաստանը, թեև դանդաղ, բայց ինտեգրվում է սինթետիկ աշխարհի գործարար նոր մտածողությանը:
Նելլի Հարությունյանը փնտրել և գտել է նրանց, ովքեր փող են վաստակում ոչ ավանդական, նոր ձևով: Նաև նրանց, ում բիզնեսը գուցե ավանդական է, բայց միայն այն պատճառով, որ ունեն տարօրինակ կամ զվարճալի անուն, դրա շնորհիվ հաճախորդների պակաս չունեն:

Նելլի Հարությունյան

– Ջուրն էլ կարելի ա այսպես մատուցել: Մարդը հետաքրքրվում ա, մտածում`ուրիշ բան էլ կարելի ա պատվիրել,- պատմում է բարմենն ու ժանգլյորին հատուկ շարժումներով մատուցում կոկտեյլը:

1Խմիչք մատուցելու այդ ձեւը ֆլիերինգ են կոչում: Հայրենիքը Լաս-Վեգասն է:
Այնտեղ այդպես էլ են փող աշխատում`արդեն երեսուն տարի: Հայաստանում 2-3 տարի է, ինչ սկսել են հաճախորդին նաեւ այսպես գրավել: Ալեքսանդր Թամազյանը (ընկերների համար` Սաշ) առաջին հայ ֆլիերիստ-բարմեններից է: Հաճախորդներ կան, որ բար են գալիս` հատկապես նրա ֆլիեր-շոուն դիտելու: Ով ունի այս հմտությունը, հաստատ, աշխատանք կգտնի որեւէ բարում:

Ակումբային նոր մշակույթը Հայաստանում բիզնեսի նոր տեսակներ է ի հայտ բերում: Օրինակ` ինտերնետ կայքերը, որ լուսավորում են գիշերային կյանքի մութ անկյունները: Նոր ժանրի լուսանկարիչը կարող է հայտնվել երեկույթի ամենաթեժ պահին ու լուսանկարել այն, ինչը գուցե կցանկանայիք թաքցնել:
Փարթիթայմը սկզբում ֆոտոպորտալ էր, հիմա նաեւ ինֆորմացիոն կայք է: Օրը 150-200 այցելու է ունենում: Բայց գովազդն ու եկամուտն ավելացնելու համար գոնե 500 այցելու է պետք:

– Այս պահին ավելի շատ ներդնում ենք, քան եկամուտ ստանում,- պատմում է կայքի լուսանկարիչը:

Ակումբային կյանքը երիտասարդներին է ձգում,այդ մասին պատմող կայքերը` նույնպես: Իսկ, այ, սեփական մարզավիճակի հանդեպ հետաքրքրությունն առայժմ մեծ չի: Դեռեւս վնասով, բայց մեծ հույսով են աշխատում սքեյթ փարքում. հայերեն կասենք` սահատուն: Արշակ Բաղդասարյանը Մոսկվայից է եկել ու գաղափարն էլ բերել է հետը: Ուզում է ապրել ու աշխատել Հայաստանում:

– Սա միակ գործն է, որ կարող էի այստեղ անել: Առայժմ շահույթի մասին չեմ մտածում: Ինձ համար կարեւոր էր Հայաստան գալը եւ երեխաներին սքեյթինգ սովորեցնելը,- պատմում է մարզիչ-տնօրենը:

2Ադրենալինն առաջին սքեյթ փարքն է Հայաստանում, Արշակն էլ` առաջին մարզիչը:
Ֆոտոսրահներն ընդլայնում են իրենց ծառայությունների ցանկը: Տաքությունից գունափոխվող բաժակների պահանջն այստեղ մեծ է: Հատկապես երեխաների հրճվանքին չափ ու սահման չի լինում, երբ գավաթին հանկարծ հայտնվում է իրենց նկարը:

– Ես էլ ունեմ, իմ փոքրիկն էլ: Ինչպես կարելի էր նման նորությունը չունենալ,- զարմանում է ֆոտոսրահի աշխատակից Քրիստինե Հակոբյանը:

Պատվիրատուն ինքն է ընտրում ֆոնը: Երբ լուսանկարի մշակումն ավարտված է, սկսվում է հաջորդ` վերջնական փուլը` նկարի դաջումը:

31Հայաստանում դեռ ընդունված չի նոր տարվա սեղանը ջայլամով զարդարել, բայց շուտով դա էլ կլինի: Չէ որ թռչնաբուծության առանձին ճյուղ է այստեղ զարգանում: Ջայլամաբույծ Գագիկ Գեւորգյանը մեծ հույսեր է կապում հսկա թռչունների հետ, ճգնաժամից դուրս գալու լավագույն տարբերակ է համարում: Փետուրից մինչեւ եղունգները` ջայլամի վրա ամեն ինչ արժեքավոր է:
Ֆերմերը շուտով ասոցիացիա կհիմնի, կաջակցի նրանց, ովքեր կցանկանան ջայլամ բուծել: Երեւանում կբացվի առաջին մասնագիտացված խանութը` ամեն ինչ ջայլամից ու ջայլամի համար: Քիչ քանակությամբ վաճառքի կհանեն թռչնի միսն ու ձուն, կաշվից կարված կոշիկները կլինեն միայն պատվերով:

4Ջայլամերը Հայաստան են ժամանում Քենիայի սավաննաներից, իսկ, այ, Սեւանի ավազանի գորտերը Փարիզում հայտնվելու բացառիկ շանս են ձեռք բերել: Օդանավով են տեղ հասնում: Արտահանող Հարություն Հարությունյանն առաջին խմբաքանակն անցած տարի հունիսին է հասցրել ֆրանսիացի գործընկերներին` 1 տոննա: Անցած տարի որսի արտոնագիրն ուշացավ, ֆրանսիական շուկան գրոհեցին թուրքական գորտերը:

– Գներն իջեցրին, իսկ այդ պայմաններում մենք չէինք դիմանա մրցակցությանը: Լուրջ կորուստներ ունեցանք,- ասում է գործարարը, բայց չի սրտնեղում, այս տարի նորից կփորձեն:

Գորտերի որսը կսկսվի, երբ դրանք արթնանան ձմեռային խորը քնից: Մինչ նրանք քնած էին, Հարությունը մտածում էր. կարելի է նաեւ խխունջ արտահանել:

Արտակ Ալեքսանյան – Ալկա Չիլինգարյանին էլ հանձնարարել էինք ուսումնասիրել, թե որն է մեր ավանդական գործարարությունը: Նա պարզեց, որ ինչպես ամենուր, Երևանն էլ ունի մասնագիտացած փողոցներ ու թաղամասեր, երկիրը` գյուղեր, ուր վերջին մի քանի տասնամյակներին վաստակում են նույն գործով, և գործարքներ, որ կնքվում են նույն սկզբունքով:
Իհարկե, ժամանակի քննությունը ոմանք չեն բռնում, մի մասն էլ` փոխվում է ժամանակի ընթացքում: Թե ինչ ու ինչպես են առևտուր անում` դա ոչ միայն մեր պատմությունն է, այլև մեր քաղաքակիրթ լինելու մակարդակի ցուցանիշը, ու պարզ է, որ կան բիզնեսներ, որ պետք է վերանան, և ուղղակի ամոթ է, որ դեռ կան: Սա մի կողմից:
Մյուս կողմից` փորձված թանն անշուշտ նախընտրելի է նոու-հաու մածունից, առավել ևս որ այդ մածունը, կարող է թթված լինել կամ էլ վերջում պարզվի, որ յոգուրտ է կամ մայոնեզ: Այսինքն` բիզնեսի լավագույն ավարդույթները կարելի է շարունակել, առավել ևս, որ դրանք բռնել են ժամանակի քննությունը:

Ալկա Չիլինգարյան – Հենց Գեղարդի ճանապարհին է Ողջաբերդ գյուղը, որ հայտնի է իր սողանքներով ու թթվի բիզնեսով: Բայց մուրաբան էլ կարող է դառնալ Ողջաբերդի բրենդը:

5– Ինչ տեսակի թթուներ, մուրաբաներ ուզում են, զանգում, պատվիրում են: Պատրաստում ենք,գալիս, տանում են,- ասում է թթուների գիտակ Սուսաննան:

Այս գործով գյուղում մեկ ընտանիք չէ որ զբաղվում է: Սա համագյուղական բիզնես է: Բոլորը պահում են նույն գինը`1000- 2500 դրամ: Եվ պահպանում են մրցակցության բոլոր կանոնները:

Արմեն Խոստիկյանին գուցե առավել հետաքրքրում էին հայկական ավանդական ուտեստները` խորովածը, խաշը, խաշլաման ու քյաբաբը: Գուցե այս պատճառով էլ տիկին Զաբելլայի հետ դաձան գործընկերներ: 1991 թվականին Պռոշյան փողոցի վրա բազմաթիվ խորտկարանների կողքին բացվեց ևս մեկը` Փյունիկը:

– Միքտն ինձ տվեց Արմեն Խոստիկյանը: Գործընկերներ էինք, միասին սկսեցինք հյուրեր ընդունել, պատրաստել օբյեկտը, էդպես ա եղել,- պատմում է խորտկարանի տնօրենը:

Հետո տիկին Զաբելլան դարձավ բիզնեսվուման, կառուցեց ևս մեկ հարկ, խորտկարանի անունն էլ փոխեց տղայի` Սուրենի անունով:

6Խանութներ, որոնց գովազդ պետք չէ: Նրանց գտնվելու վայրը արդեն գովազդ է: Բազմաթիվ վարպետներ ու ուղղակի գործարարներ նախընտրում են կահույքի խանութներ բացել հանրահայտ Արգավանդում: Այսպես ավելի հեշտ է` հաճախորդը լավ գիտի` ուր է պետք գնալ:

 
– Հիմա կարողա էս նույն կահույքը դրված լիներ Աբովյան փողոցի խանութում, մի 10000 դոլար կարժենար, ըստեղ` 3000 դոլար:

7Ժամանակին դագաղներով հայտնի Նար-Դոսը այսօր բոլորովին այլ տեսք ունի: Քաղաքապետարանը մի քանի տարի առաջ որոշեց, որ սգո պարագաներ վաճառող խանութները պետք է տեղափոխվեն գերեզմանոցներին կից տարածքներ: Ու այդտեղից սկսվեց. դագաղները փոխարինվեցին դռներով ու անվադողերով:

 
– Գնունին մոտիկ ա, փողոցը արդեն դառել ա շինանյութի կենտրոն… Մարդիկ արդեն սովորել են,- պատմում է խանութպան Գրիգորը:

8
Գենդերային լիբերալիզմը հասավ նաև շաուրմային: Տղամարդկանց շրջանում ընդունված ուտեստը ներխուժեց նաև կանանց շրջան: Թումանյանի շաուրման առաջինն էր, որ իր եկամուտը կրկնապատկեց կանանց միջոցով:

 
 
– Շաուրման, չգիտես ինչի, ընդունված է որպես տղամարդկանց կերակուր, ոչ թե կանանց: Մենք, կարելի ա ասել, այդ կուլտուրան փոխեցինք,- հպարտությամբ նշում է խորտկարանի փոխտնօրեն Արմենը:

9
Թումանյանի շաուրման բացվեց, գործեց համարյա տասը տարի, հետո փակվեց` նորից բացվելու համար, բայց արդեն նոր ոճով: Նրանք կոտրել էին ավանդական կարծրատիպերը` փորձելով շաուրման դարձնել մոդայիկ կերակրատեսակ:

 
– Մեր հաճախորդները կարող են շաուրման նստած ուտել, ոչ թե ոտքի վրա:

Կիրակի օրերին քաղաքը թեթեւանում է ավտոմեքենաներից ու խցանումներից: Դրանք տեղափոխվում եմ Դաշտենցի փողոց: Ձախից գրոհում են խցանումները, աջից` հայկական ավանդական բիզնեսը` ավտոշուկան:

– Ժողովրդի մեծամասնությունը գիտի, որ մեքենաները ըստեղ են վաճառում, հատկապես ռայոնների ժողովուրդը,- ասում է շուկայի մշտական հաճախորդը:

10Միակ վայրն է, որտեղ կարող ես 500-ից 1000 դրամով վաճառքի հանել ավտոմեքենադ ու միակ վայրն է, որտեղ կարող ես ուզածիդ չափ սակարկել:
Այսօր ավանդական համարվող բիզնեսները ետ չեն մնում նորերից ու որոշ դեպքերում ընդլայնվում ու բարգավաճում են: Ու չնայած ժամանակի հետ դրանք կփոխվեն, բայց չեն կորչի, կմնան: Չէ± որ նորը ընդամենը ձևափոխված հինն է, ավանդականն է:

Հայկական բիզնեսի ավանդական ու փորձարարական մոտեցումները` դիտեք այստեղ:

4 մեկնաբանություն

  1. Ани 20 February 2010, 19:02

    🙂

  2. GAGIK 19 May 2010, 17:48

    BAREV DZEZ HARGELI <> ANDZNAKAZM, CANKANUM EM JMANAL, TE ARDYOQ KAROX EQ REPORTAJ DARDZNEL QROJS HEXINAKAJIN EREKON, VOR PETQE TEXI UNENA NAREKACI ARVESTI MIUTYUNUM,DER OR@ PARZ CHE, NA ERITASARD STEXCAGORCOX E,ERGERI HEXINAK?