ԹՈՂԱՐԿՈՒՄ 17-ՐԴ. ԱՊԱԿԱՆՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ

logo3Բուհական կրթական համակարգն այսօր կոռուպցիայի մեջ… Երկրում երրորդ, ամենատարածված կաշառքը ուսանողական է: Կաշառքը` ոչ միայն փողի, այլև ռեստորանի, խմիչքի ու նույնիսկ վերալիցքավորման քարտի տեսքով ու ոչ միայն: Մոտենում ենք ըմբռնումով, երբեմն` արդարացնում: Մինչդեռ բուհական կաշառքի տարեկան շրջանառությունն ապշեցուցիչ է: Իրականում ամենավտանգավոր, այլևս անհանդուրժելի, բայց վաղուց կյանքի նորմ դարձած բուհական կոռուպցիա:

Արտակ Ալեքսանյան – Ծանոթով կամ փողով քննություն ստանալը դարձել է մեր բուհական կրթական համակարգի նորմ, երևույթ, որի մասին բոլորը կարող են հանգիստ խոսել: Այս առումով վիճակը գրեթե աղետալի է մարզերում, որտեղ գործում են պետական բուհերի մասնաճյուղերը: Այնտեղ այնքան բացահայտ են կաշառք պահանջում և վերցնում, որ ի սկզբանե նախատեսված լրագրողական հետաքննությունն արդյունքում վերածվեց վիդեո-իլյուստրացիայի` ամեն ինչ բացահայտ էր ու բոլորը բացահայտ խոսում էին:
Արաքս Թադևոսյանն է պարզել. Երևանից հետո բուհական ամենաբարձր կաշառքը Գյումրիում է, հետո` Վանաձորում: Նա եղել է երկու մարզկենտրոններում էլ: Ի դեպ, եթե իրավապահները ժամանակ առ ժամանակ ձերբակալում են կոռումպացված դասախոս մայրաքաղաքում կամ թեկուզ հենց Վանաձորում, ապա Գյումրիում, ուր գործում է տասնյակ միջին ու բարձրագույն ուսումնական հաստատություն, կաշառակերության ոչ մի դեպք պաշտոնապես չի գրանցվել:

Արաքս Թադևոսյան – Ասպարեզը Գյումրիի այն եզակի փորձագիտական կենտրոններից է, որտեղ փորձում են պայքարել բուհական կոռուպցիայի դեմ: Փորձը ցույց է տալիս` անարդյունավետ: Հայաստանում բուհական համակարգն այն դժվարանցանելի հատվածն է, որտեղ իրավապահները ոտք չեն դնում, ասում են` բողոք չկա: Հետևաբար չկա նաև վիճակագրություն, թե բուհական կոռուպցիան տարեկան որքան վնաս է հասցնում պետությանը: Այս հարցի վերաբերյալ կա միայն մոտավոր հաշվարկ:

hr10 Պետական բուհերի սեմեստրային կաշառակերության հանրագումարը տարեկան կազմում է 2 մլն դոլար,- նկատում է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Հատկապես Գյումրիում ուսանողները կտրականապես հրաժարվեցին խոսել բուհական կոռուպցիայի մասին: Համարձակվում են խոսել միայն շրջանավարտները:

Հետո ես իմացա, որ կարմիր դիպլոմի համար որոշակի գումար է պահանջվում, ստանում էին մարդիկ, ովքեր տվել էին այդ գումարը,- ասում է Շիրակի մարզի ՇՊԱԿ իրավաբան Արփինե Հայկյանը,- Ինչքան գիտեմ, 300 դոլար էր էն ժամանակ:

hr3Մասնագիտությամբ իրավաբան Արփինեն այժմ աշխատում է մարզի Շահերի պաշտպանության ազգային կոմիտեում: Պատմում է, որ բացահայտել կոռուպցիոն դեպք Գյումրիի բուհերում գրեթե անհնար է: Ուսանողները վախեցած են:
Կաշառակերությունը մարզային բուհերում ուսանողական անհոգ ու բավական էժան կյանք ունենալու կենսաձև է:

Կարելի է 2000 դրամ տալ, ստանալ , իմաստ չուներ սովորելը,- խոստովանում է մարզային բուհի մի շրջանավարտ:

hr8Անանուն հեռախոսազանգերի հարցումը ցույց է տվել, որ մարզերում քննության համար կաշառք տվող ուսանողների մեծ մասը տղաներ են: Այսպես կարող է անվերջ շարունակվել, քանի դեռ բուհերում գործում է տարկետման իրավունքը և ուսանող են դառնում բանակից խուսափողները: Բուհական կանխամտածված կոռուպցիայի շղթան եզրափակում են նաև դասախոսները, որոնց առարկան ուսանողները չեն ընկալում, ոչ էլ դասագրքերն ունեն, որ բացը լրացնեն: Ու հենց այդ ժամանակ էլ սովորելու նույնիսկ մեծ ցանկությունը ուսանողին չի փրկի:

Մի առարկա կա, որ հատուկ լեկցիան ընենց է կարդում, որ ուսանողները չեն նստում դասին, դասախոսը գումար է պահանջում, բոլորը տալիս են,- պատմում է Գյումրիի ուսանողներից մեկը:

hr7Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդան Գրիգորյանը չի բացառում, որ իր բուհում կա այդպիսի դասախոս, բայց փաստ ու ապացույց չունի: Եթե լինեն փաստեր, պատրաստ է առաջինը կանգնել ուսանողի պաշտպանությանը:
Կրթության և գիտության նախարարությունը բուհերից պահանջում է դասախոսներին գնահատելու հնարավորություն տալ ուսանողներին: Գյումրիի մանկավարժական ինստիտուտում հարցաթերթիկների հիման վրա ընդամենը մի քանի դասախոս նկատողություն է ստացել, բայց աշխատանքից հեռացնելու դեպք չի եղել: Ի տարբերություն Գյումրիի, Վանաձորի մանկավարժական ինստիտուտը հարցաթերթիկը փոփոխությունների է ենթարկել: Ավելացվել է հարցերի քանակը` 20-ի փոխարեն 35: Հարցաշարում կաշառք պահանջելու մասին ակնարկող 2 հարց կա: Հարցաթերթիկն անանուն է: Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում պնդում են, որ տեղաշարժ արդեն կա:

Դասախոսին չենք ասում, որ կուրսից ենք, որ հարաբերությունների վրա չազդի: Եղել են դասախոսներ, որ հեռացվել են աշխատանքից,- ասում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսումնական վարչության պետ Անուշ Գևորգյանը:

Վանաձորն առաջատար է նաև բուհական կաշառակերության բացահայտման գործում: Ընդունելության քննությունների ժամանակ հանձնաժողովի քարտուղարը մի քանի ծնողից 1000-ական դոլար է պահանջել` դիմորդներին իրենց օրինական տեղերը տրամադրելու համար: Արդյունքում քարտուղարն իր հանցակցի հետ կալանավորվել է: Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է նաև Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ամբիոններից մեկի վարիչին, ով ուսանողական կուրսային աշխատանքը դրական գնահատելու համար կաշառք է պահանջել բոլորից անխտիր` ուղղակի փոքր զեղչ սահմանելով սովորողների համար:

Արտակ Ալեքսանյան – Հիմա Երևանի մասին, ավելի շուտ մայրաքաղաքի պետբուհերի: Իհարկե, այստեղ կաշառքի գներն են բարձր, մեթոդներն ու փողը փոխանցելու ձևերը: Ըստ փորձագետների` բուհական կրթական կոռուպցիան վերացնելու և նվազագույնին հասցնելու համար հարկավոր է տարկետման իրավունքը վերացնել: Այսինքն` եթե պարտադիր ժամկետային զինծառայության մեկնեն բոլորը, ապա բուհ կընդունվեն նրանք, ովքեր ցանկանում են սովորել: Այդ դեպքում, կվերանա ուսանողական այն զանգվածը, որը հետաքրքրված չէ ուսումով և որը կոռումպացված դասախոսների հիմնական հաճախորդն է:
Իհարկե, դրան զուգահեռ պետք է նաև բարձրացնել դասախոսների աշխատավարձը` միաժամանակ խստացնելով դասավանդման որակն ու մեթոդիկան: Ի վերջո, երբ կլինի այս բարեփոխումը կամ արդյոք այն երբևէ կլինի, դժվար է ասել: Իսկ մինչև այդ, բուհական պետհամակարգը ոտքից գլուխ թաղված է կոռուպցիայի մեջ:

Սոնա Աբրահամյան – Համալսարանում Էդգարը ստիպված էր, նախ, կյանքի համալսարան անցնել: Նոր էր առաջին կուրս ընդունվել,երբ հայտնաբերեց, որ այս կյանքում միայն ծառերը չեն կանաչ: Թե ուզում ես սովորել բարձրագույն ուսումնական հաստատությունում, բարձրագույն առևտրային ընդունակություններ են պետք:

hr17Ես անցած տարի երկու անգամ վիրահատվեցի, բժշկի թուղթը ինձ թույլատրում էր ընդհանրապես ազատվել այդ ստուգարքից: Նոր տարի էր մոտենում, ակնարկից հասկացա, թե կարող եք խնձոր բերել` նոր տարվա թադարիք, էլի: Ընկերներս, գիտեմ, Աշտարակից խնձոր էին բերում, որ ստանան,- բուհական կոռուպցիայի մեթոդներն է բացահայտում ԵՊՀ ուսանող Էդգար Ամիրխանյանը:

Պարզվում է՝ հինգերն էլ իրենց լիմիտն ունեն: Եվ այդ լիմիտից օգտվելու համար միայն խնձորով չես պրծնի: Դեկանատի աշխատողը, լաբորանտը կամ էլ, այսպես կոչված, թափով ծանոթը գնահատականի հարցը կլուծի, բայց փայավճար կուզի:

Բարեկամուհիներիցս մեկն էր, սկսել էր դասի չհաճախել, որովհետև դասախոսը վիրավորում էր, թե դու թույլ ես, չես պարապում: Առաջին ստուգարքը չստացավ, երկրորդն էլ չի դնում, երրորդին` ասում ա, թե ընդհանրապես ուզում եմ քեզ դուրս թողնեմ: Գումար վերցրեցին` բավականին շատ փող:

Ուսխորհուրդները բուհական իշխանության շվաքի տակ են ապրում, բայց ոչ բոլորը: Մայր բուհի ուսանողական ակտիվիստները նույնիսկ պատրաստ են բարձրաձայն խոսել իրենց կոռուպցիոն հոգսերի մասին:

– Որ ռեկտորը ասի, թե կրթական համակարգում չկա կոռուպցիա, ես պատրաստ եմ նստել ու իրենց հետ փաստերով խոսել,- ասում է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը:

– Որքան է ռեկտորների ու դեկանների բաժինը?

– Ընենց հարց եք տալիս, որ ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև ինֆորմացիա չունեմ, չեմ կարա նաև հերքեմ` իրանք կան էս ամեն ինչի մեջ, թե ոչ, որովհետև պարզ բան ա, որ ուսանողական խորհրդի նախագահը դա չէր իմանա,- անկանկալ հարցից խուսափում է Ցոլակ Ակոպյանը:

hr5ԵԱՀԿ գրասենյակը, արդեն երկու տարի է,պատերազմ է հայտարարել բուհական կոռուպցիային: Առաջին ճակատամարտերը ուսանողական ճամբարում էին: Դասախոսները վերցնում են, որովհետև տվող կա: Ուսանողները պետք է հասկանան, որ անմեղ ծաղկեփունջը կամ շոկոլադը ստուգարքից առաջ արդեն կաշառք է:
Հակակոռուպցիոնիստ ուսանողները հիմա էլ որոշել են կոռուպցիայի չափ ու քանակը որոշել: Կրթության գիտության նախարարությունը խոստացել է օգնել:

Շատ տարածված ա այդ երևույթը, ուսանողներն էլ եթե կաշառք տվել են, բնական է, չեն ցանկանա դրա մասին խոսել,- սոցիոլոգ Անահիտ Սարգսյանի դիտարկումն է սա:

hr12Ռումբը պայթեց երեք տարի առաջ, երբ հրապարակվեցին սոցհարցման արդյունքները: Առաջին հորիզոնականում Գյուղակադեմիան է: Ուսանողների 96 տոկոսը չի ժխտում, որ կաշառքն այստեղ իրենն արել է: Բժշկականը երկրորդ տեղում է: Կոռուպցիա կա` ասել է 86 տոկոսը, կաշառք եմ տվել` խոստովանել է 74 տակոսը: Պոլիտեխնիկը երրորդն է` 85.5 տոկոս ցուցանիշով:
Հարցումը պատուհաս դարձավ սոցիոլոգների համար: Գյուղատնտեսականում սկսեցին հաշիվներ պարզել, Բժշկականում ճնշումը բարձրացավ:

Պրոբլեմներ եղան Բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանի հետ, որից մենք սպառնալիքներով լի նամակ էինք ստացել, շատ կոպիտ, թե ձեզ ոչ ոք չի տեսել այստեղ, դուք ինչ թվեր եք հրապարակում, որ նույնիսկ չեք մտել այստեղ,- ասում է սոցիոլոգը:

Կոռուպցիան վաղուց դուրս է եկել ողբերգության ժանրից: Իր լրագրողական պրակտիկայում Տաթևիկը չի հիշում ավելի զավեշտալի թեմա, քան կոռուպցիան է: Դասախոսների և ուսանողների երևակայությունը հեռու է գնացել: Հիմա կոռուպցիոն ֆիգուրանտը միայն փողը չէ: Կաշառքը կարող է համով, հոտով ու նույնիսկ մի քիչ արբեցնող էֆեկտով լինել:

Օղի վերցնում էին, բայց ոչ լցրածը:

Եթե Ճարտարագիտական համալսարանում բարձր են գները, ապա Մանկավարժականում լիցքավորման քարտը բավարար է երբեմն: Ուսանողները կոռուպցիայի մասին խոսում են միայն շատ ցածր ձայնով: Կոռուպցիան աչքի առաջ է, վախը` սրտում: Դասախոսները դա չեն ների: Կոռուպցիան բուհական համակարգում դիրքավորվել է երկար ժամանակով: Ոչինչ չի փոխվի, քանի դեռ բուհական իշխանությունը աչք է փակում կանաչների շրջանառության վրա, քանի դեռ ուսանողները գնում են քննության ոչ թե սեփական գիտելիքները հարստացնելու, այլ դասախոսների գրպանը լցնելու համար:

Բուհական կոռուպցիան` դրան կուլ գնացողներն ու դիմադրողները, դիտեք այստեղ:

Կոռուպցիան լուսաբանելիս. գետնի տակից էլ լինի, կգտնեն, թե ով եւ ինչպես գտավ Սոնա Աբրահամյանին, կարդացեք այստեղ:
ԵՎ այն դիտեք այստեղ:

5 մեկնաբանություն

  1. Ani 27 February 2010, 21:04

    Կաշառք տալիս է այն ուսանողը կամ աշակերտը,ով վստահ չէ իր գիտելիքների վրա:Նրանք պարզապես չեն հասկանում թե ինչ մեծ սխալ են գործում,չէ որ սովորում են նաև աշխատելու համար,հենց այստեղից է պետք սկսել,գործի ընդունվելուց հաշվի է առնվում դիպլոմի առկայությունը,լավ ծանոթ ունենալը,այլ ոչ թե գիտելիքների պաշարը,հետևաբար ամեն գնով պետք է ունենալ պետական բուհի դիպլոմ:Հայաստանում կա ու կլինի կոռուպցիան,որովհետև դասախոսի մտածելակերպը չի փոխվի,ինչքան էլ աշխատավարձերը բարձր լինեն,դրա համար պիտի փոխվի հայ ուսանողի մտածելակերպը:Անարդար է, երբ խելացի ուսանողը սովորում է այն միջավայրում,որտեղ հանցագործներ կան,ովքեր “սովորեցնելու” են,ինչի մասին կարող են նրանք խոսել,կամ սովորեցնել:Ուսանողը պետք է մտածի արժե՞ արդյոք այդպիսի բուհում սովորել,որովհետև այդ շուկայում կա այլընտրանք:

  2. Edgar 1 March 2010, 18:10

    Son jan husam du qo petakannery normal khandznes, es el im hertakan qnnutyunnery…

  3. Shoghik 4 May 2010, 05:22

    Կոռուպցիան ամենուր է: Այն դարձել է «ադատ», «մենթալիտետ».դա գիտեն բոլորը:Եվ այդ իսկ պատճառով այսօր շատ դժվար է դրա դեմ պայքարելը:Բուհական եւ այլ համակարգերից զատ մարդիկ կոռուպցիայի են դիմում զուտ ժամանակ շահելու պատճառով:
    Եթե նույնիսկ այն վերացնեն, ապա այդ կլինի միայն արտաքին կարգով. էլի ամեն միկն իր գործը «տակից» կանի: Այս ասում եմ իմ սեփական փորձից ելնելով:Իսկ ավելի հնչեղ ես կասեի. «տառապանքս փորձ ունի»: Իսկ այդ փորձը ձեռք եմ բերել հենց բուհական համակարգից, որտեղ ամեն օր հիշեցնում են.«Միայն մեր բուհում է, որ կոռուպցիա չկա, բայց արի ու տես…» :