ԹՈՂԱՐԿՈՒՄ 17-ՐԴ. ՏԱՆԸ` ՄԻԱՅՆԱԿ

logo1 Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:

Հայաստանում ամեն օր երեխա է մահանում` ըստ պաշտոնական տվյալի: Երկիրն այսօր կանգնած է մանկաբույժների ծայրահեղ սուր կարիքի առաջ: 86-ամյա բժշկուհի Եվան ամբողջ մի շրջանի միակ մանկաբույժն է: Մինչդեռ ոչ բոլորն են բարեխիղճ: Առողջների համար չկա, հաշմանդամ երեխաներն էլ` ընդհանրապես մեկուսացած ու տանը…միայնակ: Հատուկ Ռեպորտաժի առողջապահական ու մտահոգող թեմաներից: Երեխաների խնամքի խնդիրներն ու նոր սերնդի առողջական դժվարությունները:

Արտակ Ալեքսանյան – Ամեն օր Հայաստանում մահանում է մեկ երեխա: Սա ոչ միայն անհավանական փաստ է, այլև պաշտոնական տվյալ: Մահանում են հիմնականում մինչև հինգ տարեկանները, մինչդեռ, ուսումնասիրության համաձայն, կարող էին և չմահանալ: Մանկաբուժությունն այսօր մեր երկրում գտնվում է ոչ թե վատ, այլ աղետալի վիճակում: Հատկապես մարզերում չկան երեխաների համար մասնագետներ: Նրանցից շատերը վաղուց արդեն պետք է թոշակի անցնեին, մինչեռ աշխատում են, որովհետև փոխարինող չունեն: Տիգրան Զարեյանն է շարունակում թեման:

Տիգրան Զարեյան – Հայաստանում ամեն օր մահանում է մինչև 5 տարեկան մեկ երեխա: Երեխաների 43 տոկոսը մահանում է այսպես կոչված` շուրջծննդյան պատճառներով: Մինչև 1 տարեկան երեխաների մոտ 70%-ը մահանում է կյանքի առաջին ամսվա ընթացքում: Երեխաները մահանում են հիմնականում այնպիսի հիվանդություններից, որոնք հնարավոր է կանխարգելել: Մանկական առողջապահության ոլորտում այսօր ամենամեծ բացը երիտասարդ կադրեր չունենալն է:

karine– Մարդկային ռեսուրսների առումով խնդիրներ ունենք: Հատկապես մարզային և Երևան քաղաքի բաշխվածության անհամամասնության առումով: Այո, մենք ունենք կադրային պակաս,- հաստատում է Մոր ու մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:

Ամասիայում աշխատող ու շրջակա 20 գյուղերին սպասարկող բժշկուհին միակն է ու անփոխարինելին: Տիկին Եվան շուտով կդառնա 86 տարեկան: Տասը տարուց ավելի սպասում է փոխարինողին:

eva-Սպասում եմ փոխարիողին, հետո կհեռանամ: Այս երեխաներին ես թողնել չեմ կարող առանց օգնության: Դա իմ սուրբ պարտականությունն է,- ասում է մանկաբույժ Եվա Բեժանովա:

Թալինի Ներքին Բազմաբերդ գյուղում Լուսինեն ամուսնու հետ հաշտ ու համերաշխ տանում է ընտանեկան ծանր լուծը: Այժմ նրանք ունեն 2 երեխա: Սակայն կարող էին ունենալ 4-ը: 26 տարեկան էր, երբ առաջին անգամ հղիացավ: 4 ամսականում վիժեց: Ասում է` բժիշկն էր մեղավոր: Մեկ տարի հետո Լուսինեն նորից հղի էր: Հիվանդանոցը միակն էր ու հեռու` Թալինում:

lusine1– Գնացինք, մոտեցանք: Խոսացինք, վերջացրինք: Ասին, չէ գնացեք: Ու աստիճանները իջնում ենք`հրում է: Ասում է` չէ, պետք է դուրս գաք,- հիշում է Լուսինե Պետրոսյանը:

– Հաջորդ օրը իմ կինը ազատվավ: Մինչև հասցրին տեղ, երեխան մահացավ,- ասում է Արման Սարգսյանը:

 
Հաղթահարելով բարդույթներն ու համակերպվելով երկու երեխաների մահվան հետ` ամուսինները նորից որոշեցին երեխա ունենալ: Սակայն այս անգամ արդեն ոչ մի բժշկուհի: Ծնունդը ընդունեց գյուղի տատմերը: Ու շատ հաջող: Այժմ արդեն ունեն երկու երեխա` 3 տարեկան Քեթրինն ու 2 տարեկան Արմենակը:

11– Մանկական մահացության ցուցանիշը հասարակական հնչեղության, աղմկոտ, վտանգավոր անհանգստացնող խնդիր չէ, որովհետև գնալով նվազում է: Եվ նվազելու տեմպերը պահպանվում են վերջին տասը տարիների ընթացքում,- տեղեկացնում է Մոր ու մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:

26-ամյա Իրինան այն եզակի երիտասարդներից է, որը գիտակցաբար ընտրել է մանկաբույժի մասնագիտությունը: Տարեց կոլեգաները ուրախանում են, երբ տեսնում են նրան:

Irina– Պետք է ուշադրություն չդարձնես, ինչքան գումար ես ստանում: Աշխատավարձ ես ստանում: Պետք է նորմալ բուժօգնություն ցույց տաս` հաշվի չառնելով` քեզ գումար կտան թե, չէ,- ասում է երիտասարդ մանկաբույժ Իրինա Մամյանը:

Առոջապահության նախարարությունը Վոլդ Վիժնի հետ ներդրել է <<Երեխայի առողջության պետական հավաստագրերի>> համակարգը: Եթե երեխան նոր է ծնվել, նրա հավաստագիրը կտրամադրվի ծննդատանը, եթե արդեն հաշվառված է պոլիկլինիկայում, կստանա այնտեղ: Մարզերի երեխաները կարող են անվճար բուժօգնություն ստանալ նաև մայրաքաղաքում:

Qushkyan– Ծրագրի մեջ կա շատ կարևոր մի բաղադրիչ: Դա սոցիալական արդարությունն է, որպեսզի տարբերություն չլինի ապահով-անապահով խավերի միջև` հատկապես երեխաների առողջության հետ կապված: Ունենք խնդիրներ, բայց որ առաջ ենք գնացել հստակ քայլերով և ազգաբնակչության կողմից դրական արձագանքներ ունենք, դա արդեն փաստ է,- նշում է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Ուղիղ տասը տարի առաջ Հայաստանը միացավ ՄԱԿ-ի Հազարամյակի նպատակներին, որոնցից մեկը մանկական մահացության նվազումն էր: Այսօր արդեն փորձագետները հայտարարել են, որ նախանշված ցուցանիշը, որ պետք է ապահովվեր 2015-ին, այսօր արդեն հնարավոր չէ ապահովել: Մինչդեռ երկիրը շարունակում է ապրել, որի գլխավոր խնդիրը` առողջ սերունդ ապահովելը, վտանգված է:

Արտակ Ալեքսանյան – Երեխաների առողջության պահպանման եվրոպական տարբերակներից մեկը հատուկ կենտրոնների ստեղծումն է, որտեղ մանուկները կստանան համապարփակ խնամք: Հատկապես դա վերաբերում է զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին: Արաքս Թադևոսյանն ուսումնասիրել է եվրոպական փորձը, որն այստեղ մի քանի մարզերում իրականցնում է Բաբլոյանի կենտրոնը: Այդպես են անվանում Երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոնը, որը ղեկավարում է Առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը: Բաբլոյանի կենտրոնները գործում են մի քանի մարզերում: Արաքսն ուսուսմնասիրել է դրանք, որոնք դժվար էր բացել և դժվար էր ծնողներին համոզել այցելել:

01_28Արաքս Թադևոսյան – Համլետն ընտանիքի փոքրն է: Ավագ եղբայրն ու 4 քույրերը նրա ծնվելուն անհամբեր սպասել էին, հետո էլ խնամքով բարուրում էին, զբոսանքի տանում, ու ոչ ոք ` նույնիսկ մանկաբույժը առաջին 6 ամիսներին չէր էլ նկատել, որն նա անյքան էլ առողջ չէ: Առաջին անգամ ցնցումներն ունեցավ 6 ամսականում, վերջույթները ձգվեցին, հետո ի հայտ եկան նաև մյուս հոգսերը: Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի իրենց տանը` փակ դռների ետևում` խնամում են իրենց փոքրիկին արդեն 7 տարի: Գավառի << Բարի հույս>> հկ-ն կյանքի է կոչել << Կյանքի առողջ սկիզբ>> ծրագիրը: Այս կառույցի անդամները հայտնաբերում են հենց այսպիսի ընտանիքներ, որոնք ունեն առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիր, նաև գյուղական համայնքներին հատուկ վախ` թե կտեսնեն կիմանան:

01_30– Ցավոք, լինում են դեպքեր, երբ թաքցնում են երեխային կամ չեն գիտակցում կարևորությունը, ունենք դեպքեր, երբ երեխային մինչև 8 տարեկան թաքցրել են հարազատները,- պատմում է Գավառի երեխայի զարգացման կենտրոնի ծառայությունների ղեկավար Հեղինե Մուքոյանը:

 
Ռոզան մինչև տասը տարեկանը տնից դուրս չի եկել, չի քայլել, միայն գրկած են տեղաշարժել, նույնիսկ դպրոց չի հաճախել: Հարազատներին երկար են համոզել, և վերջին երկու տարում երեխան վերականգնողական բուժում է անցնում: Արդեն վիրահատել են ոտքերը, հիմա էլ հետվիրահատական ճանապարհն է հաղթահարում, շուտով դպրոց էլ կգնա: Այսօր արդեն ավելի շատ ծնողներն են իրենց նախաձեռնությամբ կենտրոն այցելում: Հայաստանի մարզերում այսօր գործում են այսպիսի 7 կենտրոններ, ևս մեկը այս տարի կգործի Արտաշատում:

gayane– Ունենք ծնողներ, որ դիմում են: Երեխան 3 տարեկան է, չի խոսում: Լսում են բարեկամներին, թե ինչ-որ մեկը 7 տարեկանում է խոսել, այսինքն` ամեն ինչ կարգին է: Կարևոր է, որ վաղ հայտնաբերվեն այդ նշանները, երբ վաղ ենք հայտնաբերում հեշտ է վերականգնելը, ուշ երբ դիմում են, մենք շատ բան չենք կարող անել, հատկապես մինչև 5 տարեկան,- զգուշացնում է <<Արաբկիր>> ԲԿ վերականգնողական ծառայության ղեկավար Գայանե Զաքարյանը:

Երեխայի կարիքների գնահատումը, մտավոր, ֆիզիկական ու հոգեբանական օգնությունը այս կենտրոններում անվճար է մինչև 18 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է` տեղական մասնագետներին ներգրավելով: Թեև մասնագետ գտնելը բարդ գործ է:

sergey– Գտնում ենք անհրաժեշտ մասնագիտություններին մոտ մասնագետների: Սոցիալական աշխատողի ինստիտուտը չկա,, որ հայտնաբերման գործը պետք է անեն: Չունենք նաև վերականգնողաբան, թերապիստներ, բայց փորձը ցույց է տալիս, որ շարունակաբար աշխատանքի արդյունքում լուծելի հարց է,- ասում է Սերգեյ Սարգսյանը:

 
babloyan– Արաբկիր բարեգործական հիմնադրամի գլխավոր նպատակն է, որ ամեն մարզում մի կենտրոն ստեղծվի, բացառությամբ Սպիտակը` 2, այս առումով տեսնում եմ զարգացումը: Ոչ միայն կենտրոններ, թանկ ծրագիր կլինի: Արդարացված չի լինի այնտեղ, որտեղ պոլիկլինիկա կա: Ոչ թե կգնա այլ կենտրոն, այլ ծառայությունն այնտեղ կստանա,- ասում է << Արաբկի>> ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը:

Հատուկ կարիք ունեցող 80 հազար երեխա կա այսօր Հայաստանում: Ուսումնասիրությունների համաձայն, զարգացման հապաղումներ ունենում է երեխաների մոտ 12 տոկոսը: Գավառի կենտրոնը կարողանում է ամեն տարի ընդունել մոտ 60 երեխա, այն էլ հերթագրելով: Ավելի խոցելի վիճակում են հայտնվում գյուղական համայնքների անապահով ընտանիքների երեխաները: Ճիշտ է բուժումն անվճար է, և կենտրոնները պարտավոր են ու շահագրգռված են երեխայի հետ շարունակական աշխատանք տանել, որ արդյունքը երևա, սակայն ծնողը չի կարողանում տեղաշարժվելու խնդիրը լուծել:

2Քրիստինեն մինչև 5 տարեկան չի խոսել, դրանից էլ պարբերաբար նյարդային ցնցումների մեջ է ընկել: << Բարի հույսի >> աշխատակիցները հորը երկար համոզել են, որ երեխային կենտրոն տանի: Այսօր` մոտ մեկ տարի անց, երեխան երբեմն հասկանալի, երբեմն ոչ ` բայց խոսում է: Հիմա սպասում են, որ պիտի զանգեն ու ասեն` երեխային բերեք, հաջորդ փուլի ժամանակն է: Դրանից հետո էլ պետք է սկսել մտածել դպրոցի մասին, չէ որ Քրիստինեն պիտի կանոնավոր կրթություն ստանա:

4 մեկնաբանություն

  1. Nune 24 January 2011, 13:25

    Problems, problems, problems….

  2. Տաթևիկ Աբրահամյան 8 March 2011, 02:11

    Ամեն ինչից շատ,ամեն ինչից զատ մեր քաղաքը գեղեցկացնում են մանուկները ,չ’է որ հենց նրանք են Հայաստանի զարդերը` երջանիկ,ժպտուն,իրար այնքան նման,բայց միաժամանակ այնքան տարբեր: Ցավալի է,որ նրանց կյանքը շատերի համար միայն գումար վաստակելու միջոց է համարվում , իսկ եթե չկա գումար, թող…
    Մնում է միայն մխիթարվել նրանով,որ կան մարդիկ, ովքեր մտածում ու հոգ են տանում այդ անպաշտպան էակների առողջության համար: Աստված տա, որ շատանան Հարություն Քուշկյանի,Արա Բաբլոյանի,Եվա Բեժանովայի և Իրինա Մամյանի նմանները,ովքեր մտածում են մանուկների առողջության մասին :

  3. Տաթևիկ Աբրահամյան 8 March 2011, 17:17

    Ամեն ինչից շատ,ամեն ինչից զատ ես Հայաստանը սիրում եմ մանուկներով: Չ’է որ հենց նրանք են Հայաստանի զարդերը` երջանիկ,ժպտուն,իրար այնքան նման,բայց միաժամանակ այնքան տարբեր:Ցավալի է գիտակցել,որ փոքրիկների կյանքը փրկելը շատերի համար միայն ֆինանս ապահովելու միջոց է,իսկ եթե չկա գումար,թող…
    Մնում է մխիթարվել միայն նրանով,որ կան Հարություն Քուշկյանի,Արա Բաբլոյանի,Եվա Բեժանովայի և Իրինա Մամյանի նման մարդիկ,ովքեր մտահոգվում են այդ անպաշտպան փոքրիկների առողջությամբ :