ԹՈՂԱՐԿՈՒՄ 18-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

logo7Առանց փողկապների ու պատասխանող կողմի` ՏՏ լիդերների ծաղկաձորյան քննարկումները` ՏՏ կրթության ու կրթվածության շուրջ: Առանց հաստափոր գրքերի, միայն օնլայն ռեսուրսներով: Ինչպես գրել կուրսային աշխատանք, դիպլոմային ու թեզ` չհեռանալով համակարգչից: Եվ, ինչպես միշտ, բլոգամոլների ֆուտբոլային գրառումները, վիրտուալ աշխարհի վերջին իրադարձությունները, և, իհարկե, Ամենայութուբ. Երաժշտության կենարար ու կենդանարար ուժը:

Կրթությունը, այն էլ նոր հազարամյակում, դժվար է պատկերացնել առանց նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու: Եթե չգիտես, ուրեմն պահանջարկդ էլ այդպիսին կլինի` անորոշ ու անորակ: Առաջարկները լսելու, նոր լուծումներ փնտրելու և քննարկելու նպատակով` առանց փողկապի ձևաչափով ոլորտի մասնագետներն ու որոշում կայացնողները հավաքվել էին Ծաղկաձորում: Թե ինչ առաջարկներ հնչեցին, ինչ լուծումներ գտան և ինչի շուրջ վիճեցին ՏՏ պաշտոնյաներն ու փորձագետները, գիտի Մանու Իրիցյանը:

photo25Մանու Իրիցյան – ՏՏ լիդերերների ավանդական առանց փողկապի հանդիպման առիթն ու թեման այս անգամ կրթությունն է: Դեռ սեպտեմբերին լիդերները հանդիպել էին, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության ոլորտում:

– Եթե մենք ուզում ենք ստեղծել բարձր տեխնոլոգիաների երկիր, ուրեմն այդ շղթայի բոլոր անդամները պետք է հավակնություն ունենան: Յոլա գնալու հավակնությամբ դասախոսը չի կարող լավ մասնագետ ստեղծի այդ հավակնությամբ, որը կհանի մեզ առաջին տեղ,- ասում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հայաստանն ամեն տարի կորցնում է մոտ 1500 աշխատատեղի հնարավորություն: Միջազգային ընկերությունները խուսափում են ներդրումներ անել միայն այն պատճառով, որ այստեղ չկան մասնագետներ: Կարեն Վարդանյանը հուշում է. եթե կրթությունն ուզում ենք բիզնես դարձնել, ուրեմն հենց այդ կանոններով պետք է շարժվենք: Մինչդեռ պատվիրատուները` ծնողներն ու ուսանողները, վճարում են, բայց չեն պահանջում:

photo17Կրթության եւ ՏՏ ոլորտի երկխոսությունը դեռ չի ստացվում, կարծում է փորձագետ Արմեն Աբրահամյանը: Պատասխանողները` Կրթության ներկայացուցիչները, հանդիպմանը չէին եկել, թեև հրավերը ստացել էին: Մեր կրթական համակարգում դեռ գործում են 15 տարի առաջվա ստանդարտները, առավել ևս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

– Պետությունը, ժամանակն է, որ ավելի խիստ մոտենա խնդիրներին. ՏՏ ոլորտի կազմակերպություների ու պրոֆեսիանալների հետ 2-4 տարում սահմանեն չափորոշիչներ: Որով 2-4 տարում կարելի է հասնել, որ Հայաստանում արդիական մակարդակի բարձրանա: Հակառակ դեպքում, Հայաստանն արդեն իսկ դառնում է ոչ արդյունավետ և ցանկալի տեղ, որ արտասահմանյան լուրջ կազմակերպությունները ներդրումներ անեն,- նկատում է CAPS-ի ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը:

Արման Աթոյանը մի քանի տարի առաջ ինքն էլ էր ուսանող, մինչդեռ այսօր արդեն առանց փողկապի հանդիպմանը մասնակցում է` որպես ՏՏ ընկերության տնօրեն: Երբ ինքն էր սովորում, մրցակցությունը մեծ էր, մոտիվացիան` հիմնավոր: Ինքն էլ այս ոլորտ մտավ մրցույթում հաղթելուց ու հեղինակավոր ընկերությունում աշխատանք ստանալուց հետո:

– Եթե լավ ասպիրանտը լավ թեզ է գրում, պետք է հնչեղություն տրվի դրան: Որ տեսնենք, որ կա ուսանող, որ աշխատում է, ենթադրենք 1000 դոլար: Որ իրենց կողքը նստած իրենցից չտարբերվող ուսանողը ինքն է իրեն պահում,- առաջարկում է Արման Աթոյանը:

photo34Ապագա ուսանողների, բայց այսօր դեռևս աշակերտների հայր է Հայկ Չոբանյանը: Հանրակրթական դպրոցների կառավարման խնդիրները լավ գիտի, ծնողների մտահոգությունները նաև իրենն են: Ներկայացրել է հանրակրթական դպրոցների կառավարման համակարգ: Ծրագիրն արդեն փորձարկվել է ութ մարզային դպրոցներում. Ոչ մի թղթաբանություն, ամեն ինչ օնլայն:

– Դասարանի հետ կապված բոլոր գործողությունները հաշվառվում են, հաշվառվում են աշակերտները, դասաժամերը, դասացուցակը: Հաշվառվում են աշակերտների ամենօրյա հաճախումները: Քանի որ վեբ հենքի վրա կառուցված կարող են նաև ինտերնետի հետ համակցել, արտաքին օգտագործողների համար էլ են աշխատում: Ծնողները կունենան ծածկագիր ու ծածկանուն,- ծրագիրն է ներկայացնում Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը:

photo44Ծրագիրն արդեն ներկայացրել է Կրթության նախարարություն, հավանել են: Հասկանալի է, որ ուսուցչական կազմը դժվար թե հաճույքով ու հեշտությամբ կտրվի թղթից ու անցնի համակարգչին: Բայց առավելությունները շատ են, թղթաբանությանը հատուկ մեքենայությունները` քիչ:

 
Օրվա վերջում ՏՏ լիդերների հանդիպմանը մասնակցելու եկավ Էկոնոմիկայի նախարարն իր ընտանիքի հետ: Մինչև զեկույցները լսելն ու վարչապետին ներկայացնելը, Ներսես Երիցյանը Ծաղկաձորում վայելեց ընտանիքի հետ հանգիստը եւ ՏՏ ոլորտի լիդերների կենացները: Կոնֆերանսն առավոտյան շարունակվեց արդեն նախարարի մասնակցությամբ:

ՏՏ ԼՈՒՐԵՐ

ttՀայկական Վիքիպեդիան փորձում է ընդլայնել ու հարստացնել հայալեզու բովանդակության ներկայությունը համաշխարհային հանրագիտարանում: Թե ինչ արդյունքներ կլինեն, ցույց կտա ժամանակը, իսկ այդ ընթացքում Ինտերակտիվը ձեզ ցույց կտա` վիզուալ լուրեր վիրտուալի մասին` ըստ Նելլի Հարությունյանի:

 
photo54Սինոփսիսը ձեռք է բերել Վիրաժ Լոջիքը: Կորպորացիայի յուրաքանչյուր բաժնետոմսի համար Սինոփսիսը պետք է վճարի 12 դոլար: Գործարքի ընդհանուր արժեքը 315 միլիոն դոլար է: Այդպիսով կիսահաղորդիչների նախագծման, ստուգման և ծրագրային միջոցների համաշխարհային առաջատար Սինոփսիսը սեփական թիմը կունենա նաև բարդ ինտեգրալ սխեմաների նախագծման գործում:

Ինտերնետային ծառայություն մատուցող Էքստերնետ ընկերությունը տհաճ անակնկալ է մատուցել բաժանորդներին: Առանց իրազեկելու այն դադարեցրել է ինտերնետի մատակարարումը: 400-ից ավելի բաժանորդների մեջ եղել են նաև այնպիսիները, որոնք 9 ամսվա վճարը նախապես են մուծել: Առավել վատ վիճակում են հայտնվել ընկերությունները, ում Էքստերնետը հոսթինգային ծառայություն է մատուցել am.տիրույթում:

photo63Մայքրոսոֆթը հեռուստացույցների համար նոր լինզաներ է մշակել, որոնք թույլ են տալիս 3 Դե ֆորմատի վիդեոները դիտել առանց հատուկ ակնոցի: Այն կարելի է տեղադրել հենց հեռուստացույցի մեջ:

Հոնկոնգում կբացվի առաջին վիրտուալ գերեզմանատունը: Հանգուցյալի հարազատները օնլայն գերեզմանոցում կտեղադրեն իրենց հանգուցյալի նկարը, նրան նվիրված տեսահոլովակներ, կգրեն մեկնաբանություններ:

ԻՄԱՆԱԼ ԻՆՉՊԵՍ/ KNOW HOW?

knowՀազարամյակը փոխվեց, փոխվեցին նաև սովորելու, կրթվելու մեթոդներն ու ձևերը: Այսօր մեր ուսանողները այլևս մահճակալին պառկած կամ խոհանոցում չէ, որ լուսացնում են գիշերները, այլ համակարգչի առաջ և համացանցում: Այլևս հարկավոր չէ հաստափոր գրքեր բռնել ձեռքում, պետք է ուղղակի նստել մոնիտորի առջև: Իսկ եթե դուք պատասխանատու աշխատանք պետք է ներկայացնեք դիպլոմայինի կամ կուրսային աշխատանքի տեսքով, ապա ձեզ կօգնի նույն համացանը: Ինչպես օնլայն ռեֆերատներ ու կուրսային աշխատանքեր գրել ու փնտրել, պարզել է Ինտերակտիվը:

photo73Ուզում եք արժեքավոր տեղեկություններ գտնել ձեր ատնեախոսության կամ որևէ գիտական ուսումնասիրության համար, այցելեք www.ndltd.org կայք, փնտրում կատարեք ձեզ հետաքրքրող թեման, օգտագործված աղբյուրի համար անպայման հղում կատարեք, նաև կարող եք այցելել Գիտությունների ազգային ակադեմիայի էլեկտրոնային գրադարան:

Հիմնականում հայալեզու ուսումնասիրությունների համար կարող եք այցելել ԵՊՀ-ի կայքի գրադարան: Գտեք ձեր ֆակուլտետը, փնտրում կատարեք ձեզ անհրաժեշտ գրքի անունը, եթե չեք գտնում, կարող եք օգտվել նաև ձեր ոլորտին առընչվող ընկերությունների կայքէջերից:

5 մեկնաբանություն

  1. shushanik 27 June 2010, 12:18

    Լավ կլիներ, որ գոնե այստեղ ներկայացնեիք մի քիչ ավելի շատ հղումներ: