ԹՈՂԱՐԿՈՒՄ 19-ՐԴ. ՄԱՐՄՆԻ ՄԱՍԵՐ

logoՀայկական գեղեցկության չափերի բազմազանությունն այսօր միայն գավառում է: Մինչդեռ նորաձեւությունը ոմանց դարձնում է աութսայդեր: Գեղեցկության չափանիշները գնալով բարձրանում են, չափերը` նեղանում: Գեղեցկությունը կփրկի աշխարհը, բայց արդյունքում աշխարհն է փորձում փրկել գեղեցկությանը: Կանայք ու նրանց հիվանդագին դիետաները, սննդից հրաժարումն ու դարի ժանտախտը` անորեքսիան, նիհարելու հիմնական ձեւերն ու մեթոդները: Հատուկ Ռեպորտաժի երկամսյա ուսումնասիրությունը կանացի միամսյակի առիթով:

Արտակ Ալեքսանյան – Մենք չէինք կարող շրջանցել, և ձեր պահանջն էլ էր` եկել է կանանց մասին խոսելու ժամանակը: Նրանց միամսյակն է: Նրանց հոգսերն ու մարտահրավերները` մեր ուշադրության կենտրոնում:
Գեղեցկությունը կփրկի աշխարհը, բոլորը գիտեն, սակայն այսօր աշխարհն է փորձում փրկել գեղեցկությանը` ավելի շուտ գեղեցկուհիներին: Պարզվում է` գեղեցիկ ու սլացիկ լինելու համար նոր հազարամյակի կանայք պատրաստ են ու դիմում են ամեն ինչի, ու առաջին հերթին չուտելուն: Այնքան չեն ուտում, որ հիվանդանում են: Չուտելու կամ սննդից հրաժարվելու հիվանդությունը կոչվում է անորեքսիա:
Հայաստանում անորեքսիայի` որպես մահացու հիվանդության մասին սկսեցին բարձրաձայնել 80-ականների սկզբին: Այսօր արդեն այն համաճարակի պես շատ արագ տարածվում է: Եվրոպայում տարեկան 30 մարդ է մահանում այս հիվանդությունից:
Այսօր անորեքսիայով Մեծ Բրիտանիայում տառապում է 6 միլիոն մարդ , Գերմանիայում՝ 2 միլիոն: Անորեքսիայով են տառապել եւ տառապում հայտնի գեղեցկուհիներ` Նիկոլ Քիդմանը, Ռենե Զելվեգերը, Քրիստինա Ռիչչին, Ուիթնի Հյուսթոնը, Քեյթ Մոսսը, Դոնաթելլա Վերսաչեի դուստրը:
Անորեքսիայի առաջացման պատճառները բազմաթիվ են, բայց նրանց մեջ առաջինը նիհար լինելու ցանկությունն է: Նիհար լինելը ժամանակակից աշխարհում համարվում է գեղեցիկ ու մոդայիկ: Այդ պատճառով պատահական չէ, որ անորեքսիկների 90%-ը երիտասարդ կանայք են: Այս աղետը կանգնեցնելու համար նույնիսկ նորաձեւության հայտնի վարպետները սկսել են հրավիրել 90-60-90 չափերին չհամապատասխանող մոդելների` փորձելով կոտրել կարծրատիպը կանացի գեղեցկության մասին: Ավելին, ճապոնացիները, օրինակ, գտել են, որ 40 տարեկանում նորմայից մի քանի կիլոգրամ գեր կանայք ավելի երկար են ապրում, քան նիհարները:
Ամբողջ ուժով, հաճույքով ու հետաքրքրությամբ Հատուկ Ռեպորտաժի գեղեցկուհիներ Մանու Իրիցյանն ու Գոհար Մանուկյանն ուսումնասիրել են նիհարելու հիմնական ձևերն ու մեթոդները: Դրանցից մի քանիսն անձամբ փորձել, մյուսներից հրաժարվել կամ համաձայնել են լինել միայն դիտորդ: Գրեթե երկամյսա լրագրողական ուսումնասիրության արդյունքը այժմ ամբողջացնում ենք Մարմնի մասեր կոչվող ֆիլմով:

photo16Գոհար Մանուկյան, Մանու Իրիցյան – Բնորդուհու հյութեղ մերկությունը մնաց ուսանողական կտավին: Փարթամ մարմնի կոր ուրվագծերը բնօրինակին գոնե մոտեցնելու համար ուսանողները շատ պետք է տքնեն: Փորձառու դասախոսներն ապագա նկարիչներին առաջին կուրսից զգուշացրել են` թմբլիկներին կտավին հանձնելը դժվար գործ է:

Եթե նա ընկալվում է, որպես մայր, օջախի շարունակող, նա պետք է լինի լայն, իսկ եթե ուղղակի գեղեցկության էակ, սիրուհի, էդ դեպքում նա լինում է նիհար եւ ուղղակի գեղեցիկ,- բացատրում է արվեստաբան Եվգենյա Քալանթարյանը:

Քանդակագործը, եթե աշխատանքի ընթացքում չսիրահարվի իր բնորդուհուն, ուրեմն աշխատանքը գին չի ունենա, հավատացնում է ամեն անգամ սիրահարվող քանդակագործը: Ի տարբերություն նորաձեւության արվեստում ստանդարտներ չկան, կարեւորը` քարը շունչ ստանա:

Մեծ կուրծք, կոնք… կարեւոր չէ, կարեւորը ֆորմաների փոխհարաբերույթուն լինի, համահունչ լինի,գեղեցիկ,- ասում է քանդակագործ Տարիել Հակոբյանը:

photo25Նախնադարյան կինը մեծ կոնքերով էր եւ փարթամ կրծքով, դեմք ընդհանրապես չկար: Անտիկ դարաշրջանում գեղեցկությունն արդեն ենթարկվում է համաչափության: Ստացվում է այն իդեալական գեղեցկությունը, որն այսօր կոչում ենք 90/60/90: Միջնադարում կինը համարվում էր եկեղեցուց մերժված էակ եւ պատկերվում էր միայն Տիրամայրը: 14-ից մինչեւ 17-րդ դար ներկապնակի գույներն ընդգծում են կանանց միայն հյութեղ բարեմասնությունները:

Տասնամյակներ անց տղամարդիկ շնորհակալ կլինեն Քրիստիան Դիորին: Հենց նա էր, որ առաջին անգամ պոդիում բարձրացրեց 90/60/90 կանանց: Ավազի ժամացույցի նմանությամբ գեղեցկուհիները Դիորի բրենդն են, նրա եւ տղամարդկանց 99 տոկոսի իդեալը:

photo33Իր իսկ փորձով եւ կառուցվածքով, նաեւ սննդակարգով ու ապրելակերպով Ատեքս նորաձեւության կենտրոնի գեղարվեստական ղեկավար Միկան արդեն տասը տարի օրինակ է ծառայում հայ մոդելներին: Ու ամեն նոր պարմանուհու հիշեցնում է` կինը ռետինից չէ, նա ինքն է որոշում իր գոտկատեղի բարակությունը: Հատկապես որ միջազգային մոդելային շուկայում կոտրվել է 90-60-90 կարծրատիպը:

Հիմա մենք բուտիկների համար ենք նաեւ աշխատում, եւ նրանք ասում են, որ իրենց լայն կոնքերով աղջկներ են պետք,- նշում է Միկան:

2009-ը նորաձեւության համար հեղափոխական էր: Լոնդոնյան բոմոնդը ընդվզեց Դիորի դեմ: Մի ցուցադրության ժամանակ պոդիում բարձրացան առավել քան թմբլիկ աղջիկներ: Մարտահրավերը նետված էր 35 կգ քաշայիններին: Հեղափոխականները գործի դրեցին ծանր հրետանին` բեմ բարձրացավ Նաումի Քեմբըլը:

Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի համար կլիպը կլիպ չի, եթե այնտեղ կին չկա: Բացի գեղագիտական հաճույքից, ռեժիսորը մեկ այլ պատճառ էլ ունի. կոմերցիոն հաջողությունն ուղիղ համեմատական է աղջիկների առատությանը:

photo43
Տեսահոլովակի մեջ հիմա նկարում եմ մի աղջկա, որն այդքան էլ նիհար չէ: Ինքս էլ այդպես նիհար չեմ: Այ, էս աղջիկը գեր է, չեմ նկարի, սա նիհար է, կնկարեմ, ըտենց բան չկա,- գեղեցկության իր չափանիշներով է առաջնորդվում ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը:

 
photo53Աղջիկների չափսերի հանդեպ անտարբեր է նաեւ Վիգեն Մնոյանը: Նրա լուսանկարչական օբյեկտիվում այժմ իսկական քաոս է: Գեղեցկության չափանիշները խառնաշփոթ են ստեղծել ոչ միայն նորաձեւության մեջ, այլեւ ֆոտոարվեստում: Մնոյանին մնում է էկրան հանել կնոջ ամենահետաքրքիր մասերը:

 
Ֆոտոխցիկը սիրում է խորը, հետաքրքիր, խելացի կնոջը: Գեղեցկությունը չաղի կամ նիհարի մեջ չէ:

photo63Տիկին Ծովինարի հարսներից մեկը հարեւանի աղջիկն է, մյուսին որդին փախցրել է Սիսիանից: Քաշային խտրականություն ընտանիքում չկա. հարսներին ընտրելու ժամանակ սկեսուրի ձեռքին սանտիմետր չի եղել:

Մեկը չաղլիկ է, մեկը նիհար,- գոհունակությամբ հարսներին է նկարագրում Ծովինար Մկրտչյանը:

photo72Դիետայի նորամուծությունը հարսիկ Շողիկը Արա գյուղ բերել է Սեւանի ափից եւ տանելու է Ռուսաստան. ամուսինն այնտեղ է աշխատում: Շողիկի անհեղինակ դիետան օգնեց գտնել փեսացու հյուսիսից: Նրբակազմ սկեսուրն առաջինն է հարսին հավանել: Տուն բերելուց հետո էլ բացել է գեղեցկության իր բանաձեւը: Ամուսինները սիրում են խնամված կանանց` գերն ու նիհարը ժամանակի հարց է:

photo81Ատեքսի Միկան ու Արա գյուղի էմման համակարծիք են` կանանց հատուկ դիետա պետք չէ: Որքան էլ ռեժիսորներն ու մոդելյորները սիրում են կլորիկ կանանց, միևնույն է, հոլիվուդյան սլացիկ աստղերի հաղթարշավը թելադրում է գեղեցկության իր չափանիշները: Գերությունն այսօր աղքատության և չափը չիմանալու նշան է: Հենց այդ սոցիալական պիտակին չարժանանալու համար շատերը նախընտրում են նիհարելու ամենածայրահեղ միջոցը` չուտելը: Եվ 21-րդ դարի կանացի հիվանդությունների առաջին եռյակում` անորեքսիան է քաղցկեղից ու միոամայից հետո:

22-ամյա մոդել Լուիսել Ռամոսին ճանաչում բերեց նրա մահը: Չորս տարի առաջ Ուրուգվայում Մոդայի Շաբաթվա ժամանակ նա իր վերջին շրջապտույտն արեց, ապա ընկավ` բոլոր հայտնի մոդելյորների աչքի առաջ: Օրեր անց հայրը սենսացիոն հայտարարություն արեց. աղջկա մահվան պատճառը սրտի կաթվածը չէր: Նիհարելու մոլուցքը Լուիսելին զրկել էր ախորժակից:

Անորեքսիկների 90%-ը երիտասարդ կանայք են: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս հիվանդությամբ տառապողների միայն մեկ երրորդին է հաջողվում լիովին բուժվել, եւ դրա համար պահանջվում է երբեմն 8 տարի:

photo91
Սիրո պակաս ունեն, թերարժեքության բարդույթ: Անորեքսիայով հիվանդները շատ քիչ են դիմում բժշկի: 5 տարվա աշխատանքի ընթացքում դիմել է երեւի 8-10 անորեքսիկ,- ցավով է նկատում դիետոլոգ Վարդանուշ Պողոսյանը:

 
Հայաստանում անորեքսիկների վիճակագրույթուն չկա: Դիետոլոգն իր փորձով միայն կարող է պնդել, որ Հայատանում նույնպես նիհարելու տենդի պատճաով մարդիկ կորցնում են չափի զգացումը: Ավելի նիհար լինելու ցանկությունը բերում է հոգեբանական ծանր վիճակի:

photo131Անորեքսիայով հիվանդ է մոլորակի բնակչության 3-ից 5%-ը: Մինչդեռ սոցիոլոգները պարզել են, որ հողածինների մոտ 15 տոկոսը գեր է, նույնքանն էլ` սովի մատնված: Եվրոպացիների 40 տոկոսն ունի հավելյալ քաշ: Միացյալ Նահանգները բացառիկ առաջատար է` ճարպակալությամբ տառապում է ամերիկացիների 61 տոկոսը:

Հայաստանում նիհարելը գովազդվում է բարձրաձայն, իրականացվում` դռնփակ: Արդեն մեկ տարի է ռուս մասնագետները 350 հայ կանանց ու տղամարդկանց քսանհինգ հոգեբանական հնարքի միջոցով օգնում են քիչ ուտել: Ավելորդ կիլոգրամներից ազատվելու գինը 130 հազար դրամ է:

Ունենք 30-35 կիլոգրամ քաշի նվազեցումներ: Շատերը հասել են իրենց ուզած քաշին, դա եղել է 20, 15 կիլոգրամ,- արձանագրում է հոգեբան, խորհրդատու Արմինե Փաշայանը:

photo141Խմբակային թերապիան պարտադիր է, աշխատանքային լեզուն ռուսերենն է: Չորս օր եւ մարմինը կապ կհաստատի հոգու հետ: Հետո կսովորեցնեն ազատվել սթրեսից` առանց սառնարանի դուռը բացելու: Հրաժեշտին այցելուներն ախորժակ չունենալը կտարբերեն քաղցած լինելուց: Սրանք կենտրոնի պայմանագրի խոստումներն են:

Շատակերությունը, որպես կանոն, թաքնված հույզերի հետեւանքն է: Ուզում եմ սփոփանք գտնել, խլացնել դրանք, բայց մոտակայքում ուտելիքն է: Ուստի մեր հաճախորդներին սովորեցնում ենք հասկանալ սեփական զգացմունքները եւ արձագանքել դրանց,- նիհարելու բանաձեւերից է բացում բժիշկ-հոգեբան Միխայիլ Բոգոլյուբով:

photo101Ավելորդ քաշը հիվանդություն է, բայց նախ պետք է ախտորոշել դա եւ սա էլ մասնագետի գործն է: Առողջության համար վտանգավոր միջոցների դիմելուց առաջ, պետք է վստահել բժշկության համար արդեն վաղուց հայտնի բանաձեւին: Բի-էմ-Ային, այսինքն` մարմնի ծավալի ինդեքսին: Եթե այն 30 Է, ուրեմն` կարող եք հանգիստ սրտով թակել վիրաբույժի դուռը. դուք ճարպակալության առաջին փուլում եք:

photo112
Ստամոքսի բանդաժավորումը Հայաստան է ներմուծվել մեկ տարի առաջ: Հայ վիրաբույժները ստամոքսի ծավալը փոքրացնելու համար ուսանել են Եվրոպայում: Բանդաժավորումն արվում է մեկ անգամ եւ ընդմիշտ: Եվ քո ախորժակն արդեն սարքի ձեռքին է:

 
Հայկական շոու բիզնեսի Պրիմադոննան հերքում է բոլոր ասեկոսեները` իր ստամոքսը չի փորքացրել եւ ոչ էլ դիմել է վիրահատական միջամտության: Պարզապես մի օր արթնացել է ու որոշել նիհարել: Որոշման պատճառը գիրությունը չէր. որոշեց նոր կերպարով բեմ բարձրանալ ու դրայվի մեջ ընկավ. ազատվեց խանգարող կիլոգրամներից:

photo122Կանայք հարցնում են, թե ինչպես են անցել իմ վիրահատությունները: Ես այդպես էլ չհասկացա, թե դա ինչ վիրահատություն էր, ասեկոսներ եղան, որ ես վիրահատվել եմ,- զարմանում է Շուշան Պետրոսյանը:

Շուշան Պետրոսյանի դիետան անխախտ է արդեն մի քանի տարի: Արդեն ծանոթ բանաձեւը երկրորդ երեխայից հետո կրկին օգնեց վերադառնալ նոր կերպարին: Հիմա իր թմբլիկ ընկերներին է օգնում նիհարել: Թեեւ գիտի` ամենաբարի մարդիկ հենց նրանք են` թմբլիկները:

Նիհարելու եւ սեքսուալ գրավչությունը վերակագնելու համար ֆենշուի վարպետները դարեր շարունակ չեն հոգնում խորհուրդ տալուց. ձերբազատվե’ք ավելորդ քաշից և ավելորդ մտքերից` օրական նետելով մեկական անպետք իր: Ձերբազատվեք նաեւ Ձեզ նիհարել խանգարող հին ու սխալ մտքերից: Ողջ գումարը ծախսեք փոքր համարի հագուստի եւ թանկարժեք իրերի վրա, այդ ժամանակ ստիպված կլինեք նիհարել:

Ինչպես թանկարժեք քարը, այնպես էլ կինը, անկախ իր տարիքից, քաշից եւ ժամանակի ներկայացրած չափանիշներից, երբեք չի կորցնում իր արժեքն ու հմայքը: Օրինակ, որքան մեծ է Սվարովսկիի բյուրեղիկների քաշը, այնքան բարձր է դրա գինը: Գինեսի գրքում հայտնված ամենամեծ Սվարովսկին կշռել է մոտ 70 կգ:

Մարմնի մասերն ու գեղեցկության բանաձեւը դիտեք այստեղ

3 մեկնաբանություն

  1. Mery 10 July 2010, 23:57

    ԵՍ ԿՑԱՆԿԱՆԱԻ ՁԵԶՆԻ ԱՎԵԼԻ ՍՏՈՒՅՔ և ԱՎԵԼԻ ԳՈՐԾՈՂ ՄԵՏՈԴ ԼՍԵԼ ՔԱՆԻ ՎՈՐ ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ ՆՎԱԶԵՑՆԵԼՒ ՔԱՇՍ ՍԱԿԱՆ ԻՆՁ ՄՈՏ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ԴԱ ՉԻ ՍՏԱՑՎՒՄ ԵՍ ՀՈՒՍԱՀԱՏ ԵՄ ՈՐՈՎՀԵՏև 25 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ԿՇՌՈՒՄ ԵՄ 85 ԿԳ. ԻՍԿ ՀԱՍԱԿՍ 157 ՍՄ. ՇԱՏ ԿՈՒԶԵԻ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱԶՄ ԼԻՆԵԻ ՀՈՒՍԱՄ ՈՐ ԻՆՁ ԿՈԳՆԵՔ ՆԱՂԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ