ԹՈՂԱՐԿՈՒՄ 2-ՐԴ. ԾՈՎ ՍԵՎԱՆ

logo2 Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ:

Առաջին անգամ այս տարի ֆրանսիացիները նկարահանել են Սևանի հատակը: Ու գտել մինչև այժմ անհայտ քարանձավ, ինչպես նաև` մեթանի աննախադեպ մեծ քանակություն, որ կարող է ոչնչացնել ամբողջ Սևանի ստորջրյա աշխարհը: Հատուկ Ռեպորտաժի բացառիկ պատմություններից` Սևանը ներսից և դրսից: Հիդրոսպորտը` Սևանի խորքում և ալիքների վրա: Ֆրանսիահայկական արշավախմբի բացառիկ հայտնագործություններն ու ջրային սպորտի ամենաթանկ ձևերը մեկ վայրում:

Արտակ Ալեքսանյան– Այս տարի առաջին անգամ Ֆրանսիայից ժամանած մասնագետներն ուսումնասիրել են Սևանի ընդերքը: Պարզվում է` Սևանա գեղեցկուհուն այդքան խորքից դեռ ոչ ոք չի տեսել, այլ խոսքով, Սևանի ընդերքը և հատակը երբեք նորմալ չի ուսումնասիրվել: Ջրասույզների նպատակը մեկն էր` տեսնել, թե ինչ վիճակում է գտնվում և ինչ քիմիական բաղադրություններ ունի լիճը, ուսումնասիրել քարանձավներն ու ֆլորան ու ֆաուան: Այն, ինչ հայտնաբերել են, այն էլ մի քանի օրում ուղղակի սենսացիոն է: Պարզվել է, լիճն իր մեջ ունի ստորջրյա գետ, ավելին, քարանձավներ, որոնք մինչև այժմ հայտնի չէին ոչ մեկին: Այս ոգևորող հայտնագործություններին զուգահեռ եղան նաև խիստ մտահոգիչները. պարզվում է Սևանի հատակում մեթանի պարունակությունն այնքան բարձր է, որ սպառնում է կենդանական աշխարհին: Այս մասին ավելի մանրամասն կշարունակի Գոհար Մանուկյանը:

Գոհար Մանուկյան– Պղպջակների գերակտիվությունը հուշում է` ջրի տակ ջրասուզակ կա: Իսկ հատակի պղպջակները հուշում են. ընդերքում քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում: Այստեղ հոմոսափիենսներին կասկածով են վերաբերվում:

Սևանա լճի տիրակալները

12Գեղամա գեղեցկուհին Կլոդ Թուլումջյանին կանչում է դեպի իրեն, թեև հմուտ ջրասուզակը գիտի` արտաքին տեսքը խաբուսիկ է: Նույնիսկ ամռան շոգին ջրի տակ միջինը 18 աստիճան է: Սակայն հենց էքստրեմալ պայմաններն են յոթանասունամյա Կլոդին Ֆրանսիայից բերել Սևանի ափ: Ջուրը մտնելուց առաջ ջրասուզակը պետք է ստորագրությամբ հավաստի, որ սուզվում է սեփական կամքով: Հետազոտությունների առաջին կանգառը Բերդկունք ամրոցի փլատակների շրջակայքն է: Օդի բալոնները կբավականացնեն մեկ ժամ: Առաջին օրվա համար ավելի քան բավարար է: Թույլատրելի խորությունը` մինչև 30 մետր:

21Չափագրված քարտեզների ուսումնասիրություն և փորձնական մի քանի սուզում` ու արդեն պարզ է, թե լճի հատակի հատկապես որ հատվածում իմաստ ունի որևէ հետաքրքիր բան փնտրելը: Առաջին զույգը ժամանակ չի կորցնում: Հայ-ֆրանսիական արշավախմբի ղեկավարի կարևոր ցուցումը` փնտրել ստորջրյա քարանձավներ: Կլոդը հենց ստորջրյա անձավների հետազոտության մասնագետ է: Մարսելի ջրասուզումների եւ հետազոտությունների կենտրոնի նախագահը 45 տարի ապրում է ջրում և ցամաքում: Խորասուզման անձական ռեկորդը 150 մետր է: Նրան անծանոթ էր միայն Սևանի հատակը. տասը տարվա երազանքն իրականացավ 2010-ի հունիսին:

– Ապրիլին եկանք ու ինստիտուտների հետ կոնտակտ արինք, որ հունիսին էքսպեդիցիա անենք: Այն կտևի ավելի քան տասը օր, էդքան գործ կա Սևանում,- ասում է Մարսելի ջրասուզումների կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը:

31Սևանի` 70 կմ երկարությամբ եւ 55 կմ լայնությամբ հատակը երբևէ չի նկարահանվել: Ջրասուզակը, նմուշներ հավաքելուց բացի, գիտնականների համար նկարահանում է տեղանքը: Գիտնականները ջրասուզակներին սպասում են ափին: Հայաստանի Գիտությունների ակադեմիայի երկրաբան- քիմիկոսները ջրից դուրս եկած բոլոր նմուշներն անպայման գրանցելու են: Պետք է արձանագրել, թե հատկապես որ խորության վրա և ինչպիսի պայմաններում է ապրել ջրիմուռը կամ խեցգետինը: Ջրասուզակը պետք է բոլոր հարցերին պատասխան ունենա:

– Լճի տակ տեսնում ենք այնպիսի բաներ, որոնք էրոզիայի արդյունք են,- ասում է ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի բաժնի վարիչ Արա Ավագյանը:

41Առաջին ենթադրությունը ջրի տակ արդեն հաստատվել է: Ջրասուզակի համար տարօրինակ, սակայն քիմիկոսի համար միանգամայն հասկանալի երևույթ է: Մեթանի պարունակությունը ջրում գերազանցում է թույլատրելի սահմանը: Սևանի ջրում մագնեզիումի պարունակությունը կալցիումից շատ է: Հենց այդ է պատճառը, որ լողորդի օրգանիզմը դժվարությամբ է ընտելանում այս լճի ջրին: Երկրաբանները Սևանում նաև ջրային աղբյուրների հետքեր են գտել: Լճի մեջ գետ կա` տեղանքն արդեն հստակեցրել են:

– Գավառագետը շարունակություն ունի Սևանի մեջ, դա արդեն ապացուցել ենք և այս ընթացքում նմուշներ կհավաքենք Մեծ ու Փոքր Սևանի մեջտեղում ևս մեկ ձորակ կա: Գետակը ջրի տակ է, ձորակը գոյություն ունի,- պատմում է ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի բաժնի վարիչ Արա Ավագյանը:

51Սեւանի ափը նաև գիտական վարկածների բախման հրաշալի վայր է: Արա Ավագյանը պնդում է, որ հայտնաբերել են ստորջրյա հրաբխի տեղանք, ինչի մասին վկայում են նախկին քարտեզները: Չէ որ Սևանի հատակով է անցնում երկրաբանական ամենամեծ խզվածքը, ու այս պատճառով է, որ Սևանը տասնամյակներ շարունակ եղել է երկրաշարժային գոտի: Արշավապետի ակնկալիքն արդարացավ. Սևանի հատակին հայտնաբերվեցին ստորջրյա անձավներ: Քարանձավները հայտնաբերել են, սակայն ներս մտնել չեն կարողացել: Արշավախումբը հատուկ սարքավորումների և մասնագետների բազմազանության առումով թերի է: Ջրից դուրս բերած բոլոր նմուշները հանգրվանել են ակադեմիայի լաբորատորիաներում: Ամիսներ անց գիտնականները կտան բոլոր հարցերի պատասխանները: Մեծ հետաքրքրություն առաջացրած նմուշներն արդեն ուղարկել են արտասահման` փորձաքննության:

Ֆրանսահայ ջրասուզակը մի քիչ հիասթափված է. Սևանի հատակին այդպես էլ ձուկ չտեսավ: Փոխարենը կար ագրեսիվ խեցգետինների մեծ հրոսակախումբ, որը հարձակվում և խանգարում էր նկարահանումներին:

Արտակ Ալեքսանյան– Այս ամառ առաջին անգամ գրանցվել է ջրային սպորտի աննախադեպ աշխուժություն: Վինդսերֆինգը դարձել է ջրային ամենապոպուլյար սպորտը: Պոպուլյար` բայց միայն բուրժուազիայի համար, քանի որ այն չափազանց թանկարժեք է` հագուստը, սպորտային գործիքները մի քանի հազար եվրո արժեն: Ովքեր են զբաղվում, ինչու են զբաղվում և ինչ հաջողություններ են գրանցել Սևանի ալիքներին` պարզել է Ալկա Չիլինգարյանը:

Ալկա Չիլինգարյան– Հողմասահքի սևանյան դպրոցում ձեզ կօգնեն հասնել ամերիկյան պրոֆեսիոնալիզմի այս մակարդակին, բայց դա կլինի տեսական դասընթացներն անցնելուց հետո միայն:

61– Մարզաձևը պահանջում ա խելք առաջին հերթին, որովհետև իր մեջ պարունակում ա նաև շատ գիտություններ և մետերոլոգիա, և աէրոդինամիկա, և անատոմիա: Էդ ամեն ինչը պետք ա ի մի բերվի,- բացատրում է Հայաստանի հողմասահքի դպրոցի տնօրեն Մհեր Թովմասյանը:

Այս սպորտաձևի բարդություններից չվախեցավ նաև դպրոցի տնօրենի դուստրը: Հինգ տարի առաջ առաջին անգամ վերցրեց առագաստը ու սլացավ ալիքների վրայով: Թույլ սեռին պատկանելու հանգամանքը նրան ամենևին ետ չպահեց: Այստեղի սաները համարում են, որ հողմասահքը սպորտաձև է բոլորի համար: Հենց այդ սկզբունքով էլ դիմավորում են բոլոր ցանկացողներին:

71– Այս սպորտաձևով կարող են զբաղվել տղամարդիկ էլ, կանայք էլ, որովհետև այստեղ ամեն ինչ կախված է քամուց ու քո ընտրած առագաստից, այստեղ գոյապայքարի խնդիր չկա: Ես հուսով եմ, որ Հայաստանում հողմասահքով զբաղվող աղջիկները կշատանան,- լիահույս է
2006թ. Եվրոպայի չեմպիոն, 2000-2007թթ Ֆրանսիայի հողմասահքի չեմպիոն
Սառա Հերբերտը:

Սառա Հերբետը հողմասահքով զբաղվում է 8 տարեկանից: Մեծ հաջողությունների է հասել, 2006-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն: Երկու տարի առաջ Սառայի առագաստի վրա հայտնվեցին բոլորիս քաջ հայտնի երեք տառերը “ԱՐՄ”, մարզիչն էր համոզել` ֆրանսաբնակ Միշելը: Սառան էլ եկել էր Հայաստան` երիտասարդներին խորհուրդներ տալու:

81– Երեկ ես հետևում էի երեխաներին, և շատ սխալներ նկատեցի: նրանց ամենամեծ պրոբլեմը այսպես կոչված “ջագն” է, այսինքն` մեծ արագության ժամանակ կտրուկ շրջադարձ անելը: Անթերի ջագ անելը մարզիկի համար շատ կարևոր է: Հայ երեխաները դա այնքան էլ լավ չեն կարողանում անել,- նկատում է Սառա Հերբերտը:

 
Հողմասահքը էքստրեմալ սպորտաձևերի շարքում ամենաանվնասն է: Չի խանգարում սրտի աշխատանքին, ամբողջ բեռը միայն մկաններն են կրում: Տիգրանը հինգ տարում հասցրեց հողմասահքով հետաքրքրվել, դրան նվիրվել և դափնիներ նվաճել: Հիմա էլ անցել է դժվար հնարքներին: Իր ընկերների հետ դրանք սովորելու ու կիրառելու պրակտիկ տակտիկա է մշակել: Մարզիկը պատրաստվում է սպորտի վարպետի կոչում ստանալ այս տարի, բայց մի բան հաստատ է որոշել` սա իր համար միշտ էլ հոբբի է լինելու: Հողմասահքի չեմպիոնը իրականում իսկական բժիշկ է լինելու:

91– Այս սպորտաձևը փող աշխատելու միջոց չի կարող լինել: Սա հոբբի ա բոլորի համար, որովհետև ինքը շատ թանգանոց սպորտաձև ա ու գումարը շահելու մեծ չի: Ավելի շատ ծախսում ես, քան շահում ես,- ասում է Տիգրան Մինասյանը:

Մուշեղ Հովակիմյանը տախտակի վրա առաջին անգամ կանգնեց 1984 թվականին: Արդեն 26 տարի է անցել, բայց այս սպորտի հանդեպ սերը չի մարել: Այսօր նա մարզում է երեխաներին` նրանց հիշեցնելով հողմասահքի ամենակարևոր կանոնը:

– Ամենակարևորը, որ մենք սովորեցնում ենք, որ երբեք բաց չթողնեն լողամիջոցը, ոչ մի անգամ չհեռանան տախտակից:

Յուրաքանչյուր տարերք գրավիչ է և ջուրը բացառություն չէ: Ալիքներն ու քամիները մի անգամ որ գրավեցին` էլ ազատ չեն արձակի: Լճի վտանգները զգուշավորների համար են, քմահաճույքները` անվախների:

Մեկնաբանությունները փակ են: