ԹՈՂԱՐԿՈՒՄ 23-ՐԴ. ՄԻ ԹՈՇԱԿ ԿՅԱՆՔ

logo Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ:

Ուշադրություն բոլորին: Երկիրն անցնում է կենսաթոշակային նոր համակարգի, որովհետև տարեցները շատ են, աշխատողները քիչ: Եվ հետո` հին համակարգը անարդյունավետ էր ու անարդար: Թոշակը ապագայում վճարելու է ոչ թե պետությունը, այլ մասնավոր հիմնադրամը: Հատուկ Ռեպորտաժն ուսումնասիրել է կենսաթոշակային նոր համակարգը և հին համակարգի նոր թոշակառուներին: Ինչպես են ապրում վաստակաշատ հայերը, ու ինչ է նշանակում վաստակած հանգիստ:

Արտակ Ալեքսանյան– Նոր համակարգը բարդ, դժվար բացատրելի մեխանիզմ է: Գլխավոր փիլիսոփայությունը հետևյալն է. այժմ գործում է սերուդների համերաշխության սկզբունքը, այսինքն` երիտասարդները աշխատում են ու ապահովում են թոշակառուների թոշակները: Սակայն կյանքը փոխվում է, բնակչությունը ծերանում է, հասարակության ներսում ավելի շատ թոշակառու է կուտակվում, քան աշխատող, և պետական կենսաթոշակային համակարգն ի վիճակի չէ հաղթահարել ժողովրդագրական փոփոխությունը: Ու սա ոչ միայն Հայաստանում:

ՄԱԿ-ի հաշվարկով՝ 60-ից բարձր տարիքի մարդկանց թիվը առաջիկա հիսուն տարիներին եռապատկվելու է։ Մարդու կյանքի տևողությունը երկարում է, ծնելիությունն էլ ընկնում է. հենց այս հիմնական պատճառներն են աստիճանաբար բարդացնում պետության գործը: Կենսաթոշակային նոր համակարգին անցնելու համար վճռորոշ եղավ <<Խուսափելով ծերացման ճգնաժամից>> հայտնի աշխատությունը։ Այն հրապարակվեց 1994թ., և դրանից հետո ՀԲ-ը սկսեց աջակցել նոր մոդելի տարածմանը: Նոր գաղափարախոսությունը խրախուսում էր պետականից անցումը մասնավոր կենսաթոշակային համակարգի։ Շատ հետազոտողներ սկսեցին մասնավոր կենսաթոշակային համակարգն անվանել <<բանկի մոդել>>՝ <<բանկ>> ասելով նկատի ունենալով ՀԲ-ին։ Հաջորդող տարիներին կենսաթոշակային համակարգերի բարեփոխումների վերաբերյալ բանավեճերում հիմնականում քննարկվում էր բարեփոխման այս մոդելը, և ՀԲ-ն ավելի քան 80 երկրների օգնեց փոփոխել ազգային կենսաթոշակային համակարգերը։

Համաշխարհային բանկն այս ոլորտում աջակցում է նաև Հայաստանին: Այսպիսով երկիրն անցնում է միանգամայն նոր համակարգի, որտեղ ամեն քաղաքացի իր գլխի տերն է և կառավարությունից հասնում է միայն պահպանել մակրոտնտեսական կայունությունը և արդյունավետ կարգավորել ու վերահսկել ֆինանսական շուկան: Բարեփոխումների ավարտին, այսինքն 2018 թվականին, հայ թոշակառուի թոշակը հավասար է լինելու է իր սպառողական զամբյուղին: Սա իդեալում: Իրականում, նոր համակարգը նաև մեծ ռիսկեր է կրում: Նախ, պետք է փոխվի հարկային դաշտը, լինելու է նոր հարկ, որը կոչվելու է միասնական սոցիալական հարկ, որը իր մեջ ներառելու է եկամտահարկն ու սոցվճարը: Արմատապես փոխվելու է պետական ֆինանսների կառավարումը:

Այս ընթացքում պետական, հիմա գործող և 2014-ից վերացող կենսաթոշակային համակարգի առավելություններն ու թերությունները քննարկման դարաշրջանն արդեն անցյալում է: Դրա ճակատագիրն արդեն որոշված է: Իսկ թե ինչ ճակատագիր ու տեսք կարող է ունենալ նորը` ուսումնասիրել է Նելլի Հարությունյանը:

Նելլի Հարությունյան– Թոշակի անցնելուց հետո Արեգ Լուսինյանը գրեթե չի ստեղծագործել, ի մի է բերել անցած տասնամյակների իր ստեղծագործությունները: Նրա գրած ռեքվիեմը 1985 թվականից պատրաստ է, խոստացել են կատարել, և մինչև հիմա կոմպոզիտորը սպասում է: Հույսն աստիճանաբար մարում է: Տարիների վաստակը նրան չապահովեց բարեկեցիկ ու անհոգ ծերություն: Այսօր էլ ստիպված է աշխատել: Երբեմնի բարձր աշխատավարձն ու այսօրվա կենսաթոշակն իրար հետ կապ չունեն:

lusinyan– Աշխատավարձը, որ ստանում էինք, ամենաբարձր 275 ռուբլի էր, բայց հետո, երբ թոշակի անցանք, բոլորը հավասարվեցին: Եթե ստաժը նույնն է, անկախ ստացած աշխատավարձի չափից նույն թոշակը ստացանք,- ասում է կոմպոզիտոր և կենսաթոշակառու Արեգ Լուսինյանը:

Դեռևս գործող համակարգը ունի մի մեծ թերություն: Այն հաշվի չի առնում, որ կյանքի միջին տևողությունն ավելանում է: Տարիներ հետո թոշակի անցած մարդիկ ավելի շատ են լինելու ու ավելի երկար ժամանակով մնալու կենսաթոշակառուների բանակում: Կառավարությունը 2008 թվականին հաստատեց կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը: Հայաստանում սկսեցին խոսել կուտակային կենսաթոշակի մասին: 2010-ի դեկտեմբերին Ազգային ժողովն ընդունեց Կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը: Կենսաթոշակային կուտակային համակարգն օրենքի ուժ ստացավ: Այս տարվանից կգործի կամավոր կուտակայինը, 2014-ից պարտադիրը:

140211artem-asatryan– Այսօրվանից սկսած կատարել խնայողություններ, որպեսզի կենսաթոշակի անցնելուց հետո նորից եկամուտ ստանա: Ավելի բարձր, քան բազային կենսաթոշակն է,- կուտակայինի առավելությունների մասին է խոսում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը:

Կամավոր կարող են կուտակել բոլոր աշխատողները`անկախ տարիքից: Եթե որոշեցիք անցնել այդ համակարգին, հետդարձի ճամփա չկա: Կամավոր կուտակել հնարավոր է միայն լիցենզավորված կենսաթոշակային հիմնադրամի, ապահովագրական ընկերության և բանկերի միջոցով: Լիցենզավորողն ու վերահսկողը Կենտրոնական բանկն է: Դաշտը կարգավորելու համար 71 իրավական ակտ էլ դեռ պետք է ընդունեն: Նախատեսվում է, որ մասնագիտացած հիմնադրամների լիցենզավորումը կավարտվի մինչև մայիս:

Կամավոր կուտակային համակարգը գործում է այսօր, կգործի նաև հետագայում: Սակայն 2014-ին մեր կյանքում կավելանա կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը: Օրենքը կտարածվի այդ պահին 40 տարին չբոլորած աշխատողների վրա:

2Երիտասարդ դասախոսը 3 տարի հետո իր աշխատավարձի 5 տոկոսը պետք է փոխանցի կենսաթոշակային հիմնադրամ, նույնչափ կավելացնի պետությունը: Կենսաթոշակային հիմնադրամն այդ գումարը կդնի շրջանառության մեջ ու տոկոսներով կվերադարձնի, երբ Սերգեյը դառնա 63 տարեկան ու թոշակի անցնի:

– Ես կուզենայի, որ լիներ ընտրության հնարավորություն, ոչ միայն ֆոնդը: Արդյոք ես ուզում եմ, որ հիմա պահեմ 5 տոկոս, որ հետո վերադարձնեն: Դա նման է ծնողական պարտադիր հոգատարություն հասուն մարդու նկատմամբ, մանավանդ որ հինգ տոկոս է, 1-2 լիներ, այդքան իրարամերժություն չէր առաջացնի,- մտահոգվում է դասախոս Սերգեյ Սարգսյանը:

8– Երիտասարդները չեն մտածում իրենց ծերության մասին, դա բոլորիս համար հասկանալի մտածելակերպ է: Դեռևս 100 տարի առաջ մտածվել են նման համակարգեր: Պետությունը պարտադրում է, որ հետո` ծերության տարիքում էլի եկամուտ ստանան,- բացատրում է փոխնախարար Արտեմ Ասատրյանը:

 
Հիմնադրամի կառավարիչը ստիպված է հաշվետվություն ներկայացնել ոչ միայն կուտակողին ու իրեն վերահսկող Կենտրոնական բանկին, այլև երրորդ հսկողին: Նրան հետևում է աշխարհում հայտնի Նասդաք ՕԷմԷքս-ը: Ի վերջո, գումարների որոշ մասը մտնելու է արժեթղթերի շուկա:

11– Կառավարությունը որոշելու է, թե որքան մասը կարելի է դրսում ներդնել, որքանը պետք է Հայաստանում մնա: Կան քանակային սահմանափակումներ… սա էլ է երաշխիքի տեսակ,- ասում է ԿԲ խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը:

– Մենք ասում ենք, ժողովուրդ ջան, եկեք վստահեք մեզ 20-30 տարի, որ հաստատ կստանաք այդ փողերը: Որն է ապահովագրությունը,- հարցնում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

– Օրենքով հստակ ամրագրվեց այդ երաշխիքային հիմնադրամի ձևավորման կարգը, գիտեք ավանդների երաշխավորման հիմնադրամ կա, այդ օրինակով նաև երաշխիքային հիմնադրամն է օրենքով ամրապնդվել,- պատասխանում է Արտեմ Ասատրյանը:

hakobyan– Եթե մենք այսօր այդ քայլը չանենք, վաղվա թոշակը չենք կարողանա ապահովել: Դրա համար պետությունը գնում է տնտեսական, քաղաքական ռիսկի` ապահովելով վաղվա պատվավոր կենսաթոշակը,- ասում է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը :

 
– Եթե անձը աշխատում է և ստանում է մոտ 100 հազար դրամ, 63 տարին լրացավ, անցավ կենսաթոշակի, 26-28 հազար է միջին կենսաթոշակի չափը: Սա նշանակում է, որ իր եկամուտը կազմելու է մեկ օր առաջվա եկամտի մոտ 28 տոկոսը, ընդհանրապես, ընդունելի է համարվում, որ 40 տոկոս պետք է ապահովվի,- նկատում է Արտեմ Ասատրյանը:

16Ամեն ամիս կուտակած տոկոսները աշխատողի սեփականությունն են, և դա կարելի է ժառանգաբար փոխանցել: Մեկ սահմանափակում. եթե կենսաթոշակային հիմնադրամ փոխանցվող աշխատավարձի 5 տոկոսը 25 հազար դրամից ավելի է, պետությունն ավելացնում է միայն 25 հազար և ոչ ավելին: Բայց սա չի նշանակում, որ դուք չեք կարող ավելին փոխանցել ձեր կենսաթոշակային պահուստին: Կենսաթոշակային կուտակային համակարգը նոր և բարդ երևույթ է Հայաստանում, այդ իսկ պատճառով կառավարությունը ստեղծել է նաև հանրային իրազեկման կենտրոն:

Արտակ Ալեքսանյան– Կենսաթոշակը վաստակած հանգիստն է, որի համար միջին վիճակագրական քաղաքացին աշխատում է ավելի քան քառասուն տարի: Ու պետության լավ կամ վատ լինելը, զարգացման մակարդակը որոշում են հենց թոշակառուի բարեկեցությամբ: Անկախացման առաջին տարիներին թոշակառուն այնքան չնչին գումար էր ստանում պետությունից, որ հարկադրված էր դուրս գալ փողոց` մուրալու և իր պես վատ ապրող մարդկանց գթասրտությանն ապավինելու: Բայց կյանքն աստիճանաբար կայունացավ, թոշակները` բարձրացան: Թեև հիմա էլ այն բավարար չէ: Այն ուղղակի քիչ է, նույնիսկ համեստագույն կյանքով ապրելու համար: Պարզապես գերդաստանային կամ ընտանեկան ավանդույթներն են դեռ օգնում. տարիքն առած ծնողները ապրում են հասուն զավակների հետ, նրանց խնամքի տակ, և թոշակի կարիքը սուր չի զգացվում: Սա զավակի երախտապարտության դրսևորումն է: Բայց չէ որ հանրությունն էլ պետք է որ ունենա կոլեկտիվ երախտապարտության զգացում այն տարեցների հանդեպ, ովքեր մեծ վաստակ են ունեցել երկրի կյանքում: Ինչպիսին է կյանքը թոշակառու դառնալուց կամ թոշակի անցնելուց հետո. հայտնի կենսաթոշակառուներին այցելել է Տիգրան Զարեյանը:

Տիգրան Զարեյան– Երվանդ Մանարյանը վաղուց թոշակառու է, սակայն ինչպես երիտասարդ ժամանակ հիմա էլ աշխատում է ու գրեթե ամեն օր գնում է աշխատանքի: Առողջությունը իհարկե նախկինը չէ, սակայն վաստակաշատ դերասանն ու իրական արվեստագետը չի կարող առանց իր սիրելի աշխատանքի: Թոշակի մասին չի ուզում հիշել: Իսկ եթե անգամ հիշում է, խիստ զայրանում է:

manaryan3– Դա ինձ համար նշանակում է օրական, ասենք, 1000 դրամ նպաստ, որ ինձ պետությունը տալիս է: Ուրիշ ոչ մի բան չի նշանակում: Բացարձակապես ոչինչ չի նշանակում,- ասում է <<Ագուլիս>> տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը:

Հիմա ազատ ժամանակ ավելի շատ ունի: Ղեկավարում է իր ստեղծած տիկնիկային <<Ագուլիս>> թատրոնը: Ու եթե անգամ ներկայացմանը ներկա է ընդամենը մեկ երեխա, միևնույն է, խաղում են մինչև վերջ ու հաճույքով: Ու կարևոր չէ, թե որքան գումար կաշխատեն: Մի երեխայի ժպիտն ու երանությունը շատ ավելին է, քան աշխարհի բոլոր հարստությունները: Զայրանում է, երբ մարդիկ ընկնում են նյութականի ետևից:

zadoyan-3Նախկին գյուղնախարարը, որը մի քանի ամսից թոշակի կանցնի, բանաստեղծություններ է գրում ու արտասանում իր գրածները: Երբ գյուղնախարար էր, նրան ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց, թե ինչով կզբաղվի պաշտոնը թողնելուց հետո, ասաց, որ լոլիկ կաճեցնի: Հողի ու բնության հանդեպ սերը գալիս է մանկությունից: Հիմա իր հողակտորն ունի, ջերմոցը:

-Հիմա շատ եմ կարդում: Այս պահին ուսումնասիրում եմ մի քիչ ավելի խորը Հաֆեսի,- անկեղծանում է Դավիթ Զադոյանը:

Հեռուստացույց չի սիրում դիտել: Ու երբ նայում է` նյարդայնանում է, հատկապես շոու բիզնեսից: Իր կյանքի փորձով համոզվել է, որ մարդ պետք է զբաղվի այն գործով, որի մասնագետն է: Այլապես խառնաշփոթ կստացվի:

matevosyanՀրանտ Մաթևոսյանի եղբորը` հրապարակախոս, լրագրող և գրող Հրաչյա Մաթևոսյանին ծանր մտքերը հանգիստ չեն տալիս: Դառնացած է ընտրած մասնագիտության, անցած կյանքի ու տեսած անարդարությունների պատճառով: Առողջությունը վատ է: Հիմնականում չի գրում: Իսկ եթե գրում է, չի կարողանում հրատարակել: Ապրում է երազելով ու երազներով: Առանց դրանց չի պատկերացնում իր կյանքը: Թոշակ ու թոշակառու բառերը լսել անգամ չի ցանկանում: Սարսափում, զայրանում ու բարկանում է:

-Ամեն ամիս, երբ թոշակի օրն է գալիս, ապրում եմ մեծագույն վիրավորանք` այդ ստացած թոշակի, չեղած հոնորարի համար: Սարսափելի բան է թոշակը,- մտքերով կիսվում է Հրաչյա Մաթևոսյանը:

– Յուրաքանչյուր հայ տղամարդ, յուրաքանչյուր հայ կին ծնվան օրից պետք է դառնա հայրենիքի զինվոր,- ասում է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:

dalibaltayanՊատերազմի տարիներին գեներալը մասնակցել է գրեթե բոլոր մարտական գործողություններին: Նա բազմաթիվ անգամներ նայել է մահվան աչքերի մեջ: Բայց միշտ պահպանել է սթափ բանականությունն ու կարողացել է ռացիոնալ որոշումներ կայացնել: Գուրգեն Դալիբալթայանը այժմ հուշեր է գրում, սակայն պատրաստ է հարկ եղած դեպքում կրկին հայտնվել խրամատներում` երիտասարդ զինվորների կողքին, ու պաշտպանել հայրենիքը:

Սոս Սարգսյանը և թոշակառու է, և Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Համարում է, որ իր գործով ապրող մարդու համար թոշակը լոկ բառ է և ուրիշ ոչինչ: Հիմա արդեն անցած տարիների բարձունքից նայելով` խոստովանում է, որ ամենալավ բանը իր համար բեմն է: Թեև երեք անգամ հեռացել է թատրոնից ու բեմից, սակայն էլի վերադարձել է: Վերադարձել է, որովհետև չվերադառնալ չէր կարող: Այս տարիքում արդեն կցանկանար ունենալ մի փոքր հողակտոր ու մի քանի ծառ` զբաղվելու համար: Ու քանի որ չունի կարդում է` շատ:

sos-sargsyan-Կներեք անհամեստության համար, բայց ես էնքան բան գիտեմ մարդու մասին: Եվ ինձ այլևս ոչինչ ոչ զարմացնում է, ոչ զայրացնում: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ,- ասում է Սոս Սարգսյանը:

Հիմա արդեն իրեն մի քիչ միայնակ է զգում: Չկան այն ընկերները որոնց հետ մի ամբողջ կյանք է անցել: Ու ակամա սկսում է մտածել հավերժի ու հավերժականի մասին: Սակայն մահից չի վախենում: Մի խնդրանք ունի Աստծուն. միտքը չվերցրած, հոգին չվերցնի:

Դերասան թե գեներալ: Պարուհի, նախարար թե հրապարակախոս: Նրանց բոլորին միավորում է անցած տարիների կուտակած փորձն ու եկող սերնդին դա փոխանցելու մեծ ցանկությունը: Նրանք բոլորն էլ հավատում են, որ կյանքը շարունակվում է, քանի դեռ գործում ես: Ու համոզված են, որ կենսաթոշակը կյանքի վաստակը փոխհատուցելու միջոց չէ, այլ ընդամենը պայմանականություն, որն ամեն ամիս հիշեցնում է. չհանձնվես, դու դեռ անելիք ունես այս աշխարհում:

1 մեկնաբանություն

  1. Սմբատ 23 March 2011, 19:08

    Անշուշտ հիանալի ռեպորտաժ էր: Թեման արդիական էր ու շտապ լուծում պահանջող:Կեցցեք բանաձևցիներ….