ԹՈՂԱՐԿՈՒՄ 24-ՐԴ. ԶԵՅԹՈՒՆՑԻՆ

logo6Արևմտյան Հայաստանը տեսնելու համար աշխատացրեց նույնիսկ 21-ամյա 06 մակնիշի մեքենայի մարտկոցը: Տեսել է Դվինը, Վանը, Մուշը… տարվել է Արևմտյան Հայաստանի ամբողջ հմայքով, տպավորվել նախնիների ծննդավայրով` Զեյթունով: Ականատեսի բացառիկ նկարահանումները նույնիսկ այնտեղ, ուր արգելում են, ու հնարավոր չէ: Ծխախոտի տուփը երբեք այսքան արժեքավոր չի եղել. պապենական հողը բերելու նրա տարբերակն էր: Արևմտյան Հայաստանը, Զեյթուն քաղաքը, զեյթունի ծառը, Զեյթուն թաղամասն ու Զեյթուն կրպակը` ականատեսի աչքերով:

photo113– Գիշերն առանց քնելու ճանապարհ դուրս եկանք: Ցերեկը հասանք Զեյթուն: Ծանր ապրումներ ունեցա: Ամայի դաշտերը շատ էին, բայց որ Մարաշից Զեյթուն թեքվեցինք, բոլորը զեյթունի ծառեր էին, իսկ լիճը մի չնաշխարհիկ բան էր: Եթե աշխարհում յոթ հրաշալիք կա, ես էլ երկուսը կավելացնեի` Զեյթունի լիճը և Վանա լիճն իր կղզով: Փոքր ժամանակ տատիկս պատմել էր, որ թուրքերը ստիպում էին կրոնափոխ լինել, թե չէ ջուրն էին գցում:

Լևոն Մարաշլյան, 50 տարեկան, մեր ամենակայացած ականատեսը

photo28– Էդ հողերը տեսնես ու չգժվես… չգիտեմ: Վանա լճի կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, ախր, մտածում ես` սա հայի ձեռքով ա կառուցված:

– 06-ով չորս հազար կիլոմետր գնալը խաղ ու պար չի: Դուրս ենք եկել Ջավախքով, Վրաստանով մտանք Թուրքիա: Իմ նպատակը` գոնե մի փոքր հող ու ջուր բերեի, իմ պապիկ-տատիկի գերեզմանին լցնեի: Ամեն տեղով անցնելիս ծխախոտիս տուփի մեջ մի փոքր հող էի լցնում, տասնյոթ քաղաքի հող կա ինձ մոտ: Մեքենայի մեջ մի քանի տեղ Զեյթունի հող էի պահել:

photo38– Հիմնականում մեծ քաղաքներում բնակչություն կար, արանքներում ամայի դաշտեր էին: Մենակ քրդեր էին: Ոնց կար, ընենց մնացել էր: Մենք Զեյթուն եղանք, նույնիսկ հին տներն էին մնացել:

– Մարդու սրտից արյուն ա կաթում: Պապերիս պատմածը, էդ տեսածս, եկել եմ, մինչև հիմա, մի տարի կլինի, ուշքի չեմ գալիս: Ցանկանում եմ գոնե մի անգամ ամեն մեկը գնա, տեսնի: Շատ հող ու ջուր բաժանեցի` փոքրիկ տարաներով:

Ինչ անել

Արևմտյան Հայաստանը կարոտ էր, կորած երազ մեր պապերի համար, ու մի քանի տասնամյակ առաջ: Հիմա արդեն, այնտեղ մեկնելը հնարավոր է` զբոսաշրջային ուղեգրով և Վրաստանի տարածքով: Նրանք, ովքեր դրա փորձն արդեն ունեն, և զբոսաշրջային գործակալությունները խորհուրդ են տալիս հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք.

Ցանկալի է ճանապարհվել փոքր միկրոավտոբուսներով, մեծ ավտոբուսները, այն էլ հայկական համարանիշներով խնդիրներ են հարուցում:
Թուրքական վիզան կարելի է ստանալ հենց վրաց-թուրքական սահմանին:
Վիզայի արժեքը 15 դոլար է: Պարտադիր է նաև մեքենայի ապահովագրությունը:
Վիզայի առավելագույն ժամկետը 29 օր է:
Կան ռազմական կարևորության բնակավայրեր, որտեղ հայ զբոսաշրջիկների մուտքն արգելված է կամ թույլատրելի է միայն զինվորական ուղեկցությամբ:
Նկարահանումները թույլատրելի են, եթե չեն անցնում սիրողականի սահմանը:

Փորձագետները զգուշացնում են` եթե չեք ուզում խնդիրներ ունենալ, չխախտեք կարգուկանոնը:
Մի օգտագործեք ալկոհոլային խմիչքներ: Ի դեպ, Արևմտյան Հայաստանի տարածքում չի վաճառվում նույնիսկ գարեջուր:

Հաղորդումն ամբողջությամբ դիտեք այստեղ

Մեկնաբանությունները փակ են: