ԹՈՂԱՐԿՈՒՄ 25-ՐԴ. ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐԸ

photo_logo2Նրանք կրում են իրենց մեջ պապերի հիշողությունն ու ցավը: Բայց կան նաև նրանք, ովքեր տեսել են այդ ցավը: Եվ վերջապես: Բացառիկ Ռեպորտաժի երևանաբնակ Սողոմոնյան գերդաստանի մասին: Ահա նրանք` Կոմիտասի գերդաստանից: Ցեղասպանության վկաներն ու ժառանգները:

Արտակ Ալեքսանյան– Այսօր, երբ արդեն հստակ է, որ հայ-թուրքական արձանագրություններն առաջիկայում դժվար որևէ կտրուկ շրջադարձ կատարեն, և, ըստ էության, սառեցված են, հայերի և թուրքերի`որպես հարևանների համատեղ ապագան մշուշոտ է: Ավելին, որքան էլ բոլորս խոսենք հանդուրժողականության մասին ու որքան էլ սերունդ փոխվի, որ սկզբում եթե տեսել էր, հետո լսել, հիմա էլ միայն կարդացել է ցեղասպանության մասին, միևնույն է, կա ազգի հիշողություն, որ անջնջելի է:
Ինչ կանեիր այն մարդու հետ, ով քո ծնողներին սպաներ, քեզ զրկեր տնից, տարիների կուտակածից, հայրենիքից: Այս հարցն էին տալիս Արտյոմ Լևոնյանի հերոսները, մարդիկ, որ ուղղակի իրավահաջորդն են մեծ ողբերգության, որոնց համար ցեղասպանությունը, մեծ պապերի ու տատերի պատմելով այնքան իրական է, որ դեռ չեն համակերպվել ու ոչ էլ Մեծ եղեռնը համարում են ընդամենը Հայ ժողովրդի պատմության դասագրքի մի գլուխ:

allԱրտյոմ Լևոնյան– Նոյեմ տատի մասին ողջ գյուղը գիտի: 100-ամյակին բոլորին էր հրավիրել: Անգամ բարձրաստիճան հյուրեր էին եկել: Այդ օրը ինքը զուգվել զարդարվել էր. ասում է պատասխանատվություն է մեկ դար ապրելը: Հիմա մեկ տարի անցել է, 101-րդը եկել: Հարյուրամյակին ուշադրությունը շատ էր, բայց անուշադրության պակաս վերջին տարիներին չի ունեցել: Եվրոպայից, ԱՄՆ-ից եկել են իր տուն: Նա տեսել է ցեղասպանությունը, փրկվել, իսկ հիշողությունները մինչև այսօր թարմ են:

– Շատ ժողովուրդ կոտորվեց, անթիվ, անհամար: էնտեղ մարդիկ շատ են մահացել: Քեռիս ա մեռել, մերս, ախպերս :

noyemՎանի Այգեստան փողոց: Հասցեն մինչև օրս հիշում է: Թաղված ոսկիների մասին լեգենդն էլ հանգիստ չի տալիս: Ասում է` հարուստ ենք եղել: Երբ թուրքերը թալանը սկսել են, ստիպված թաղել ենք հողի տակ: Ծնողները հասցրել են վերցնել միայն երեխաներին:
Նոյեմ տատը բոլորին ջերմությամբ է հիշում: Իսկ թոռների ու ծոռների թիվն ու անունները սկսել է շփոթել: Միակ բանը, որ երբեք չի մոռանում, աղթոքն է: Գրեթե մի ամբողջ պատարագ անգիր, բայց սրտանց` երբեք չի լռում:

Դեռ 80-ականներին Արտաշես Էմինի ցուցակում Նոյեմ տատի ճակատագրով 60-70 մարդ կար: Պատվիրել էր Զոլյանի ինստուտը: Նկարահանում էին ականատեսներին: Այսօր բոլոր նյութերը պահպանվում են ԱՄՆ-ում: 70 հոգանոց ցուցակից հաջողվեց նկարահանել միայն 12-ին:

a– էդ օրերին մենք մի քիչ շեղված էինք ման գալիս, որովհետև ոնց որ էդ ամեն ինչը աչքիդ առաջ կատարվեր,- մինչև հիմա էլ ծանրությամբ է հիշում ու պատմում թարգմանիչ Արտաշես Էմինը:

15-ամյա Մասնագիտական փորձառությունն ու աշխատաքային փորձն անգամ էքսկուրսավարի նյարդերը չեն ամրացրել: Մոտ 60 հազար նմուշ` և բոլորը սարսափի ու մահվան մասին: Վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք են բերել շուրջ 4000 նմուշ: Ինստիտուտը պատրաստվում է Մեծ եղեռնի 95-ամյա տարելիցին: Մուքտը այստեղ` միայն ֆոնդապահի թույլատվությամբ: Այստեղ են պահվում ամենարժեքավոր նմուշները: Շատ են ականատեսների ձեռագրերը:

– Գրվում է` ինչ նյութ է, ինչ վիճակում է, ով է հեղինակը,- պարզաբանում է արխիվի պատասխանատուն` Ալվարդ Դավթյանը:

Այս նույն գործընթացով է անցել Անժելա Ալբոյաջյանը: Նույն վերելակով իր հոր հետ տարիներ շարունակ բարձրացել է նույն 5-րդ հարկը: Բնակարանում թանկարժեք իրերից այս գիրքն է մնացել: Հոր` Հարություն Ալբոյաջյանի հիշողություններն են: Ցեղասպանություն, աքսոր, պատերազմ: Սա այն կարճ ցուցակն է, որ վերապրել է, իսկ դուստրը` սղագրել երկու տարի շարունակ: Բարձրագույն կրթությամբ, բայց որբանոցում մեծացած Հարությունին դժվար էր չնկատել: Անգամ Ջեմալ Փաշան աչքաթող չի արել:

anjela– Ջեմալ փաշան էսպես խփում ա ուսին, ասում ա էս երեխային լավ նայեք, ինքը շնորհքով երեխա ա,- հոր պատմածներն է հիշում Անժելա Ալբոյաջյանը:

Սովից ու գաղթից նրան փրկել է ամերիկուհի բարերար միսս Մորլին: Անգամ բազմաթիվ տարիներ անց նամակագրությունը չի դադարել: Հորը կացնահարել էին թուրքերը, իսկ մայրը անշնչացել էր` այն ժամանակ դեռ անհայտ հիվանդությունից: Այժմ այս վկայությունները թանգարանում են: Դուստրը մեդալ ու շնորհակալագիր է ստացել, բայց ամենաթանկը` հոր պատգամն էր` պատմություն է` պետք կգա:

azatuhi-Այ, հիմա շատ հետաքրքիր պահ ա, Մասիսների դիմացն ենք ու կարծես ինքն էլ մի հուշարձան ա, կարծես երկու բարձունքներով նայում են իրար,- հպարտորեն է խոսում Ազատուհի Սիմոնյանը:

7 տարի է հայրենիքում է: Մինչև այդ գաղթած ծնողների հետ բնակվել է Իրանում: Համայնքում ակտիվ գործունեությամբ զբաղվել: Ցեղասպանության հուշակոթող գալիս է ոչ միայն ծաղիկներ դնելու: Վրդովմունքը երբեմն ավելին է լինում, քան ցավը:

– Ինչի պիտի դու քո հայրենիքում չծնվես , ինչի պիտի օտար մթնոլորտում, օտար միջավայրում սովորես, ապրես:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ուզում է տալ ապագա դիվանագետը: Նա ոչ վերապրող է, ոչ էլ պահանջատեր: Ասում է` ազգային արժանապատվության հարց է:

Արտակ Ալեքսանյան– Ցեղասպանության ամենամեծ ականատեսներից, ամենահնչեղ անունն, անշուշտ, Կոմիտասն էր: Սարյանի կտավը` վարդապետը, իր արյան ու ողբերգության մեջտեղում, Մեծ Զարդի խորհրդանիշերից է: Ինչ եղավ Կոմիտասի հետ, գիտեն բոլորրը, ու հատկապես երևանաբնակ Սողոմոնյանները, որոնք Կոմիտասի ուղիղ զարմիկներն են: Նելլի Հարությունյանը զրուցել է Սողոմոնյան գերդաստանի հետ` պարզելու, ովքեր են նրանք Կոմիտասի ժառանգորդները, ոչ թե երաժշտական ժառանգության, այլ շավիղի ու գեների:

Նելլի Հարությունյան– Կուտինայում նրան անվանում էին փոքրիկ թափառական երաժիշտ: Թուրքիայի Քյոթահիա կամ Կուտինա քաղաքում է ծնվել Սողոմոն Սողոմոնյանը: Մեկ տարեկան չկար, երբ կորցրեց մորը: Ընդամենը 11 տարեկան էր կոշկակար Գևորգի որդին, երբ հայրն էլ մահացավ: Որբուկի ու մեծագույն երաժիշտ Կոմիտասի հետագա պատմությունը բոլորին է հայտնի:
1915 թվականը նրան զրկեց բանականությունից: Խենթացած հանճարը կյանքի վերջին 20 տարիներն անցկացրեց Փարիզի հիվանդանոցներից մեկում: 1936-ին Կոմիտասի աճյունն ամփոփվեց այսօր արդեն նրա անունը կրող պանթեոնում: Սա բոլորին է հայտնի, բայց մի բան կա, որ միայն նրանք գիտեն:

gevorg– Պապիկս ու Կոմիտասը հորեղբոր տղաներ էին: Անուններն էլ է նույնը,- ասում է Գևորգ Սողոմոնյանը:

Այս մասին Գևորգ Սողոմոնյանին հայրն է ասել` Գալուստ Սողոմոնյանը: Գաղտնիքը մի պայմանով էր բացել, որ որդին ոչ մեկի չի ասի: Նա վախենում էր աքսորից. ստալինյան ռեժիմի տարիներն էին: Այսօր Սողոմոնյաններից ամենաավագը ամենաշատը գիտի իրենց գերդաստանի մասին: Օրվա կատարվածը գուցե դժվար հիշի, բայց հոր պատմածներից ոչինչ չի մոռանում: Նա պատմել է, որ հորեղբայր Գևորգի տանը մի անգամ են եղել, փոքրիկ Կոմիտասին այդ ժամանակ են տեսել: Այլևս չեն հանդիպել: Իրենք ապրել են հարևան Նալլիհան քաղաքում: Պապը հարուստ վաճառական է եղել… Մինչև 15 թվականը …

tohmacarԳաղթականի ճակատագիրը Սողոմոնյաններին հասցրեց Հունաստան: Գևորգ Սողոմոնյանն ու կինն այնտեղ էլ մահացան: 32 թվականին Սովետական Հայաստանում ներգաղթ սկսվեց, Սողոմոնյանները եկան հայրենիք: Հայրը դերձակ էր, հորեղբայրները` կոշկակար, ինչպես Կոմիտասի հայրը: Անունների նման այդ արհեստն էլ Սողոմոնյանների տոհմում փոխանցվում է սերնդե սերունդ:

-Կոշկակարությունը ժառանգաբար փոխանցվում է, հորեղբայրներից տղաներն են սովորել, նրանցից մեկի մոտ էլ Գալուստս է սովորել կոշիկի երես կարել,- պատմում է Գևորգ Սողոմոնյանը:

Սպորտի նախարարության Երիտասարդական քաղաքականության վարչության պետն է Արսեն Սողոնյանը: Նա էլ հենց առիթ դարձավ, որ հորեղբայր Գևորգը բայացահայտի իրենց տոհմի ամենամեծ գաղտնիքը: Մշակույթի նախարարությունը հիմնի մրցույթ էր հայտարարել: Մինչև այդ միայն վարչական գործոով զբաղվող Արսեն Սողոմոնյանը հանկարծ` մի գիշերվա մեջ դարձավ երգահան: Արամ Խաչատրյանի երաժշտության համար նոր տեքստ գրեց:

arsensox-Գիշերը էդ բառերը գրվեցին, մոտ 40 րոպեի ընթացքում,- հիշում է Արսեն Սողոմոնյանը:

Չէր ուզում հայտ ներկայացնել, բայց ով լսեց երգը, խորհուրդ տվեց անպայման մասնակցել: Արսենն այդպես էլ արեց: Երկրորդ փուլ անցավ ընդամենը հինգ ստեղծագործություն, մեկն էլ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ ու Արսեն Սողոմոնյանի հեղինակած օրհներգն էր:
Արսենի գրած հիմնը Գևորգ հորեղբորը մտածելու առիթ տվեց: Միայն այդ ժամանակ նա որոշեց բացել գաղտնիքը: Նա որոշեց, որ այդ մասին բոլոր ազգականները պետք է իմանան: Նրան լսեցին, հավատացին ու շատ բան իր տեղն ընկավ:

Աշոտ Սողոմոնյանը տնտեսագետ իրավաբան է, բայց երաժշտությունը միշտ գրավել է նրան: Մանկավարժ երաժիշտն առանց աշակերտների օրը չի պատկերացնում: Դպրոցում ակորդեոնի խումբ չկար, ինքն է բացել: Կոմիտասի մասին իմանալուց հետո հպարտությունից բացի պատասխանատվությունն էլ մեծացավ:

ashotsox-Կոմիտաս ասելով` հասկանում ենք բարություն, քնքշություն, հավատք: Ես օգտագործում եմ իր բոլոր մանկավարժական սկզբունքները,- ասում է Աշոտ Սողոմոնյանը:

Դասն առանց Կոմիտասի օգնության չի անցնում: Միայն նրա նկարներին նայելիս Աշոտն ուժ է ստանում: Կուզեր ավելի շուտ իմանալ նրա մասին, ավելի շատ ուսումնասիրել Կոմիտասի գործունեությունը: Դպրոցում և շրջապատում շատ մարդ չգիտի, թե ում ազգականն է Աշոտը, միայն աշակերտներին է պատմել: Նրանք ոգևորվել են:

Ասում են` Կոմիտասին ամենից շատ Արմեն Սողոմոնյանի պապն էր նման: Թոռը, սակայն, պապին չքաշեց` ոչ ձայնով, ոչ տեսքով, ոչ էլ մասնագիտությամբ: Արմենն իրենց տոհմում միակ վարսավիրն է: Երբեք բարձրաձայն չի երգում, բայց երգը միշտ նրա մտքում է: Վարսավիրանոցում խոսում են ամեն ինչի մասին, մեկ-մեկ էլ Կոմիտասին են հիշում: Այդ ժամանակ քչախոս Արմենը սկսում է խոսել: Հաճախորդները զարմանում են այնպես, ինչպես ինքը զարմացավ, երբ առաջին անգամ լսեց Կոմիտասի մասին:

armensox-Համամարդկային արժեք ունեցող մարդ ա Կոմիտասը, որ իմացանք, ուղղակի ցնցված էինք,- պատմում է Արմեն Սողոմոնյանը:

Պապից մի քանի նկար, իսկ մեծ պապից`բանկային անդորրագրեր են մնացել: դրանց կրկնօրինակները, Արմենից բացի, պահում են նաև Արսենն ու Աշոտը, բնօրինակները Գևորգ Սողոմոնյանի մոտ են: Երկու տարի առաջ դրանք ներկայացրին Արդարադատության նախարարություն` ֆրանսիական ԱՔՍԱ ապահովագրական ընկերությունից փոխհատուցում ստանալու համար: Նախարարությունում ապշել էին. հարյուր տարի առաջվա փաստաթղթեր հատուկենտ մարդիկ ունեին:

-Ցուցակում նայեցինք ու գտանք էդ պապիկիս,- հիշում է Գևորգ Սողոմոնյանը:

Սողոմոնյանների ընտանիքում ոգևորությունը մեծ էր, չէին կասկածում, գրեթե համոզված էին, որ փոխհատուցում կստանան: Նույնիսկ սկսել էին երազել: Բայց նրանց մերժեցին: Մինչև հիմա չեն հասկանում, թե ինչու: Աքսայից գումար չստացան, բայց երազանքը մնում է: Մի օր կայցելեն թե Նալլիհան, թե Կոմիտասի ծննդավայր: Թեկուզ և պատմությունը լռում է Կոմիտասի ազգականների մասին, բայց Սողոմոնյանները գիտեն, թե ում ժառանգակիցն են:

2 մեկնաբանություն

  1. Aro 29 April 2010, 06:02

    “Հատուկ ռեպորտաժ” -ի ամենահաջողված թողարկումներից մեկը, ես կասեի ամենահաջողվածը:

    Հաղորդումը շատ հուզեց, հատկապես ինձ, որովհետև միշտ էլ առանձնակի ցավով ու հարգանքով ես նայում այն բոլոր վերապրածներին, լսում ես նրանց պատմածները, որոնք անկեծորեն տեսախցիկի առջև պատմում են համարյա մեկ հարյուրամյակ առաջ տեղի ունեցած մասին….

    Առանձնապես շատ դուր եկավ “ՄԵԾՆ ԿՈՄԻՏԱՍԻ” ժառանգորդների մասին պատմությունը:

    Միշտ էլ մեծ հաճույքով եմ նայում էն բոլոր ռեպորտաժները և հարցազրույցները, որոնք ժամանակ տեսախցիկի առջև գտնվող մարդիկ անկեղծորեն, առանց “դերասանության” խոսում են այս կամ այն հարցի շուրջ, փորձում են հեռուստացույցի առջև գտնվողին փոխանցել էն բոլոր ուրախ կամ տխուր էմոցիաները: Ասեմ, որ Բանաձև-ի մոտ դա ստանդարտ ձևաչափ է, այդ իսկ պատճառով էլ գնահատվում է:

    Մերսի:

  2. Aro 29 April 2010, 06:05

    ԱՌԱՆՁՆԱԿԻ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԻՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ` հեռուստատեսության ոլորտում նորամուծության համար:

    Գնահատվում ես շատերի կողմից: