ԹՈՂԱՐԿՈՒՄ 27-ՐԴ. ՇՈՒՇԻՆ` ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

vernagirԱրամ Մանուկյանից մինչև Գարեգին Նժդեհ ու Ղազանչեցոց եկեղեցիով` փռվում է այս երեք փողոցների վրա` Շուշին: Արցախի երկրորդ քաղաքն ապրում է իրական վերակառուցման շրջան` փողոցներ, տանիքներ, դպրոցներ, մշակույթի տուն: Շուշիի ազատագրման 18-ամյակի առիթով Հատուկ Ռեպորտաժի լրագրողական թիմը մեկնել է Արցախի Փարիզ: Նելլի Հարությունյանը, Մանու Իրիցյանը, Արտակ Վարդանյանը` նրանք նկարահանել են, զրուցել գրեթե բոլորի հետ, տեսել ու ներկայացրել ամեն ինչ: Շուշիի նորոգումը, կոշկակարները, վարսավիրները, թատրոնն ու թանգարանը, շինարարներն ու նոր սերունդը: Դեռ ոչ ոք այսքան մանրամասն չի ուսումնասիրել: Չի նկարահանել: Չի ներակայացրել: Հատուկ Ռեպորտաժի բացառիկ թողարկումներից:

Արտակ Ալեքսանյան – Այսօրվա Շուշին իսկական շինհրապարակ է հիշեցնում: Քաղաքն ամբողջությամբ նորոգվում է` հիմնականում զրոյից կառուցվում են Արցախի երկրորդ քաղաքի ենթակառուցվածքները: Սա իրականացնում է Հայաստան համահայկական հիմնադրամը, որի նախորդ դրահամավաքն ու հանգանակված 15 մլն դոլարի մեծ մասը Շուշիի համար էր: 2011 թվականին ամբողջությամբ կավարտվի քաղաքի ճանապարհների նորոգումը, ջրամատակարարման համակարգը, դպրոցները, գրադարանը, մշակույթի տունն ու նույնիսկ թատրոնի շենքը: Կնորոգվեն բնակելիների տանիքները, կհամալրվի շտապօգնության մեքենաների ավտոպարկը: Մի խոսքով, այսօրվա Շուշին` նոր շնչառությամբ ու շինարարությամբ, իսկապես տպավորիչ է: Նելլի Հարությունյանը` Հայաստան հիմնադրամի իրականացրած աշխատանքների ու քաղաքի նոր հեռանկարի մասին:

Նելլի Հարությունյան – Շուշիի վերակառուցման մեկնարկը տրված է: Շինարարական աղմուկը ոչ թե խանգարում, այլ շոյում է շուշեցիների ականջը: Վերակառուցվում է քաղաքի գլխավոր` Ղազանչեցոց փողոցը: Հենց այս փողոցի վրա են Ղազանչեցոց եկեղեցին, Աբովյանի անվան դպրոցն ու էլի մի քանի կարևոր կառույցներ:

– Ղազանչեցոց փողոցը կդառնա միակողմանի ճանապարհ, հիմնականում կիջնեն, իսկ քաղաք բարձրացողները կգան Արամ Մանուկյան և Նժդեհ փողոցներով,- հեռանկարի մասին է խոսում Շուշիի վարչակազմի ճարտարապետության բաժնի վարիչ Գրիգոր Ավանեսյանը:

photo13Վերակառուցվող փողոցի վրա են վերականգնվող մշակույթի տունն ու նոր կառուցվող Գերագույն դատարանի շենքը: Արամ Մանուկյանից է սկիզբ առնում քաղաքի մյուս գլխավոր փողոցը` Գարեգին Նժդեհը: Երկուսը միասին` մեկ կիլոմետր: Վերակառուցումից հետո քաղաքի մի ծայրից մյուսը գնալը մի քանի րոպեի հարց կլինի:

– Փետրվարին ենք սկսել աշխատանքները և նոյեմբերին երկուսն էլ որակով կհանձնենք , համոզված եմ,- խոստանում է Քարավան ընկերության աշխղեկ Մամիկոն Գևորգյանը:

photo3218-ամյա Հայաստան համահայկական հիմնադրամը 18 տարի առաջ ազատագրված Շուշին նախ ազատում է ճանապարհային խոչընդոտներից: 2009-ի նոյմեբերի հեռուստամարաթոնն անցկացվեց Մեր Շուշին կարգախոսով: 15 միլիոն 875 հազար դոլար հավաքվեց: Մոտ 11 միլիոնն ուղղվեց Շուշին վերականգնելուն:

 
photo22– Շատ ճիշտ է, որ այս պահին ենք Շուշիում աշխատում: Մարդիկ կան, որ կասկածներ են հայտնում Ղարաբաղի ապագայի մասին: Աշխատելով Շուշիում` փաստում ենք, որ մենք` հայերս, ոչ պատրաստ ենք, ոչ մտադրություն ունենք ինչ-որ բան հանձնելու,- ասում է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

photo42Աբովյանի անվան դպրոցը վերաբացվեց 92-ի հոկտեմբերին, Շուշին ազատագրելուց ընդամենը 5 ամիս հետո: 9-րդդասարանցիները պատերազմ չեն տեսել, միայն Հայոց պատմության դասագրքում են կարդացել: Հերոսներին ճանաչում են անուն առ անուն: Արկադի Տեր-Թադևոսյան, նույն ինքը Կոմանդոս, այս անունը նրանց հարսանիք է հիշեցնում` լեռներում:

photo52
 
– Ուզում եմ դառնամ ծրագրավորող, մնամ Շուշիում, աշխատեմ այստեղ: Կուզեմ ավերակները վերանորոգեն, կառուցեն,- իր ապագան այսպիսին է տեսնում դպրոցի աշակերտ Սուրիկ Հայրապետյանը:

 
– Հիմնականում պատերը քարուքանդ վիճակում են, դրանք պիտի վերանորոգվեն: Համոզված եմ, որ վերանորոգումից հետո և մեր աշխատանքային պայմանները կբարելավվեն, և կունենանք տաք ջեռուցված դպրոց, աշակերտների համար լավ կլինի,- համոզված է ուսուցչուհի Գեղանուշ Նարիմանյանը:

photo62
Ցրտի, խոնավության ու անարգելք լույսի առջև անգամ գրադարանի տնօրենն է անզոր:
Ճարտարապետներն արդեն եկել են, գծագրեր կազմել: Կենտրոնական գրադարանը կնորոգվի, ջեռուցում էլ կունենա, կայուն ջերմաստիճան էլ:

 
Շուշի Վերածնունդ հիմնադրամի ու Լեռնային Ղարաբաղի կառավարության միջոցներով 2009-ին կառուցվեց Թադևոսի հիմնական ջրատարը: Խմելու ջուրը մտավ Շուշի: Հիմա գործի է անցել Հայաստան համահայկական հիմնադրամը: Ներքին ջրագիծն են անցկացնում:

– Ծրագիրը երկու տարով է, արդյունքում ողջ քաղաքը կունենա շուրջօրյա ջրամատակարարում,- ասում է Շուշիի վարչակազմի ղեկավար Գեորգի Հայրիյանը:

photo71– Մեր միջամտությունից հետո դժվար է ասել, քաղաքն ինչ տեսք կստանա, բայց միանշանակ, քաղաքը կդառնա քաղաք, կունենա բոլոր ենթակառուցվածնքները, որոնք խթան են հետագա զարգացմանը,- ասում է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

&#160′
Արտակ Ալեքսանյան – Շուշին առաջին հերթին մարդիկ են, ովքեր կենդանի են պահում քաղաքի շնչառությունը: Մանու Իրիցյանը շրջել է քաղաքով, զրուցել մարդկանց հետ` նրանք, ովքեր հիշում են 92-ը, ովքեր չեն տեսել, բայց լսել են, հետո որոշել բնակվել` Հաղթանակի քաղաքում: Մանու Իրիցյանն այցելել է նաև Շուշիի բերդ. պնդում է, որ Ցվետանա Պասկալևայից հետո նա առաջին կին-լրագրողն է, որ եղել է անառիկ ամրոցում:

photo82Մանու Իրիցյան – Փոքրիկ մառախլապատ հայկական Փարիզն է` Շուշին: Շուշիի մեծահարուստ ընտանիքներից մեկն իր հուշերում գրել է. շուշեցիներն իրենց տունը բաժանում էին երկու մասի` արևելայն և արևմտյան: Հյուրերից յուրաքանչյուրը կարող էր ընտրել իր նախընտրած ոճը: Շուշի քաղաքն էլ է այդպիսին` արևելյան ու արևմտյան, հայկական և ոչ այնքան, քրիստոնեական և ոչ միայն: Այստեղ մզկիթից մինչև եկեղեցի և ավերակից մինչև կանգուն շինություն` մեկ քայլ է:

Մայիսը տոնական ամիս է շուշեցիների համար: Տոնական օրերին կլինեն անակնկալներ. շուտով նորից իր դռները կբացի նաև արևելայն շուկան, միայն թե մրգերի ու բանջարեղենի փոխարեն կվաճառվեն արդեն տեղի արհեստավորների ձեռքի աշխատանքները: Շուշիի ղեկավարները քաղաքի ապագան կապում են զբոսաշրջության հետ:

– Հիմնական մասը պետական հիմնարկներում, դպրոցներում, կրթօջախներում է աշխատում: Արտադրությունը քիչ է`երկու հացի փուռ, եվրոպատուհանների արտադրություն և շինարարություն: Գործազուրկ են հիմնականում կանայք, կբացվի տրիկոտաժի գործարան, մինչև մայիս կբացվի, կանայք կաշխատեն,- հավաստիացնում է Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյան:

Վարպետ Արմենը համեստություն չի անում, շուշեցի մյուս երկու կոշկակարներն իրեն մրցակից չեն, ինքը կոշիկ է կարում, նրանք` նորոգում: Տեսականին էլ է մեծ: Վեցից տասը հազար դրամ` և շուշեցիները կհագնեն եվրոպական սպորտային կոշիկներ:

photo91
– Հարմար գներ ա Շուշվա ժողովրդի համար: Սկուտերի 7-րդ սեզոնն ա, իրա օրիգինալի գինը շատ թանկ է, ես էժան սարքում եմ: Բայց որակով մերն է լավը, նրանցից հոտ է գալիս, մերոնցից` ոչ,- ասում է կոշկակար Արմեն Ասիրյանը:

 
Ըստ պաշտոնական վիճակագրության, Շուշիում ապրում է մոտ 3600 մարդ: Պաշտոնապես գրանցված է հարյուր գործազուրկ, բայց չգրանցվածներն անհամեմատ շատ են: Նոր աշխատատեղերը հիմնականում ժամանակավոր են, բայց և այնպես փորձում են գոնե խթանել բազմազավակությունը` գումար բացելով բանկում, կամ բնակարան նվիրելով բազմազավակ ընտանիքներին:

Թե ինչպես Շուշին դարձնել զբոսաշրջության կենտրոն, լավ է պատկերացնում Շուշիի թանգարանի տնօրենը: Հնեց թանգարանում է պահպանվում հին Շուշին, ասում է թանգարանից դուրս` նոր, զբոսաշրջիկին չհետաքրքրող քաղաքն է:

photo10
Շուշիի բանտը Կովկասի խստագույն կալանավայրերից է եղել: Խորհրդային տարիներին էլ ծառայել է որպես հայ դիսիդենտների կալանավայր: Այսօր այն սովորական քրեակատարողական հիմնարկ է, թեև կարոտ է վերակառուցման:

 
photo111– Այս հիմնարկը նախկինում կառուցվել է` որպես բերդ: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այստեղ պիտի պատիժ կրեն: Ամեն ինչ արվում է, որ մարդ իրեն նվստացած զգա: Դրա համար շատերը երևի ցանկություն են հայտնում` տեղափոխվեն ՀՀ մեկ այլ քրեակատարողական հիմնարկ,- ասում է Շուշիի քրեակատարողական վարչության պետ Սամվել Պետրոսյանը:

Ռազմագերիներ բանտում չկան,վստահեցնում է Սամվել Պետրոսյանը, բայց թե քանի հոգի է իր պատիժը կրում այստեղ, չի ասում: Ինչպես նախկինում, այսօր էլ բանտը համարվում է Կարմիր գոտի: Սա նշանակում է, որ այսպես կոչված գողական աշխարհի գողական օրենքներն այստեղ չեն անցնում: Բոլորը հավասար են և ենթարկվում են ԼՂՀ օրենսդրությանը:

Սարոն Սումգայիթից է, բայց արտասահմանցիներն ինտերնետով հենց նրանից են իմանում Շուշիի մասին: Հետո արդեն հյուրընկալվում են նրա տանը: Բարոնուհի Քոքսը ամենապատվավորն է: Պատմաբան Սարոն սկզբում Շուշիիում տեղավորում էր փախստականներին, հետո սկսեց իր զբաղմունքին ավելի լուրջ վերաբերվել ու դարձավ Շուշիի, այսպես ասենք` ոչ պաշտոնական տուրիզմի գործակալ:

photo121
– Կա սենյակ, որը դեռ չեմ մտել, սպասում եմ ժամանակին: Բան չունեմ էլի, հետաքրքրություն: Շուշեցիները պատմում են, որ ստեղ ապրող մարդը հարուստ մարդ էր,- հարևաններից լսածն է փոխանցում Սարո Սարյանը:

 
Հալեպի քյուֆթայից ու Շուշիի փլավից հետո, Ալբերտ Խաչատրյանը հյուրերին ցույց է տալիս իրենց փոքրիկ դրախտավայրը: Շուշեցիների հետ է կիսում իր հարստությունը: Լիության ծաղիկն արդեն ամեն ընտանիքում կա: Հերթը փասիաններինն ու սիրամարգերինն է:

– Սիրամարգն, արդեն սովորել եմ, կարողանում եմ աճեցնել, փասիաններին դեռ ոչ: Թե կենդանիների, թե ծաղիկների խնամքը մարդուն դաստիարակում է, բարի է դարձնում,- շուշեցի Ալբերտ Խաչատրյանը:

photo131Շուշիի հանրահայտ Ռեալական դպրոցի տնօրենի որդին իր պարտքն է համարում ամեն հյուրի ցույց տալ հնամենի Շուշին, իր ու իր գերդաստանի օրինակն էլ որպես ապացույց բերել: Խաչատրյանները Շուշին ոչ միայն չեն լքում, այլև շենացնում ու ծաղկեցնում են: Սա արդեն Շուշիում ապրող յուրաքանչյուր ընտանիքի պարտքն է:
 

Արտակ Ալեքսանյան – Երկար է, դժվար համալսարանի ճանապարհը` Շուշիի ուսանողները բուհական կրթություն ստանալու համար ստիպված են մեկնել Ստեփականակերտ: Քաղաքն ունի մեկ հումանիտար քոլեջ, երկու դպրոց: Արտակ Վարդանյանը Շուշի գործուղման առաջին օրերին փորձում էր հասկանալ, թե վերջապես որն է երիտասարդների ժամանցի ձևը և վայրը: Կար բուքմեյքերական գրասենյակ, որը նաև ինտերնետ-ակումբ էր, գարեջրատուն: Այն էլ փակվեց: Հետո արդեն պարզեց, որ այստեղ կյանքն իսկապես հոգստաշատ է և ժամանցի ժամանակ էլ չկա: Իսկ եթե ազատ են, ապա հանգիստը ոչ թե շենքերի ներսում է, այլ բնության գրկում: Հատուկ Ռեպորտաժի լրագրողական թիմը եղել է Զոնտիկում` Շուշիի ամենագեղեցիկ վայրերից մեկում, որ կարող է դառնալ զբոսաշրջային վայրերից մեկը:

Արտակ Վարդանյան – Շուշիի երիտասարդությունը բաժանվում է երկու մասի: Մի մասը պասիվ, մյուս մասը` ակտիվ: Նրանցից շատերը հասարակական գործունեություն են ծավալում, մյուս մասը պարապուրդի է մատնվել, խենթ է ու զարմանալի:

Ժամանակին այստեղ Շուշիի պետական հումանիտար քոլեջն էր: Երիտասարդները փաստի առաջ էին կանգնում: 10-ն ավարտելուց հետո ուսման ծարավը չգիտեին որտեղ հագեցնել, մինչև հանրակացարանի շենքը փոխարինվեց քոլեջով: Այժմ ոչ միայն Շուշիի, այլև ամբողջ Ղարաբաղի երիտասարդության համար քոլեջը միջնակարգ կրթությունը շարունակելու հարմար տարբերակ է:

photo14– Ամեն տարի աճ է նկատվում: Այս տարի 20 դիմորդով ավելացել է քոլեջ ընդունվողների թիվը: Դա ուրախացնող է, նշանակում է դպրոցից հետո ցանկություն կա շարունակելու ուսումը,- ոգևորված է քոլեջի տնօրենը:

Ֆրանսիացու արտաքինով, ղարաբաղցու ոգով, շուշեցու առօրյայով: Մի քանի տարի առաջ հայրենասիրական ոգին նրան բերեց հայրենի հող: Փարիզի կենտրոնում ապրող Արմենը փոխեց իր կենցաղը:

– Ֆրանսիայում 9.5 քմ բնակարան ունեի, 7-րդ հարկում, առանց լիֆտի ու վարձով էի ապրում, 70 քմ էստեղ իմ սեփականությունն է, էսքան լավ բնակարան ես երբեք չեմ ունեցել,- ասում է Արմենը:

Եթե Փարիզում նա ջանք չէր թափում տուն-տեղ կառուցելու համար, ապա Շուշիում նա պատրաստ է գիշեր-ցերեկ աշխատել: Աղավնի հասարակական կազմակերպության հիմնադիրն է, առայժմ ինտերնետային գրադարան են պատրաստում: Երևան չի գալիս, որ գերածախս չունենա: Ինտերնետով` սոցիալական ցանցում, շփվում էր Ռումինիայում ապրող իր ապագա հարսնացուի հետ: 20-օրյա շփումը բավական եղավ Ղարաբաղ այցելելու մտքով տարվելու համար:

photo15Շուշեցի երիտասարդներն առայժմ իրենք են ստեղծում իրենց առօրյան` ժամանցը դարձնելով հագեցած ու հետաքրքիր: Տաթևը ուսումը շարունակելու է Երևանում, բայց խոստանում է ավարտելուց հետո անպայման վերադառնալ Շուշի: Դեռահասն իր ապագան այստեղ է տեսնում: Ուշադիր հետևում է Ղարաբաղյան կարգավորման բանակցություններին: Մարտական է տրամադրված:

– Խաղաղություն եմ ուզում, բայց եթե հարկ լինի` պատերազմի միջոցով Ղարաբաղը մերը լինի, ես պատրաստ եմ,- ասում է Տաթևը:

photo16Շուշիի երիտասարդներն իրենց առօրյան չեն պատկերացնում առանց քաղաքի հայտնի վայրի` այսպես կոչված` զոնտիկի, որտեղ միշտ անձրևում է: Զոնտիկ հասնելու համար մեր նկարահանող խումբը ստիպված եղավ Շուշիի երիտասարդների ամենօրյա ճանապարհը կտրել-անցնել: Երիտասարդները Շուշիի բնության առեղծվածի ու գեղեցկության մասին հպարտորեն են խոսում: Զոնտիկ տանող ճանապարհը հաճելի ու միևնույն ժամանակ դաժան անակնկալներ է մատուցում:

– Էդ փոսը, որ տեսնում եք, դրանց կողքը քարեր են, մի ընտանիք բարձրացել էր էդ տեղով, անձրև էր սկսվել: Անձրևից պատսպարվելու համար մտել էին դրա տակը, քարերը թափվել էին, ժողովուրդը մնացել էր տակը, կնոջ վարսից են իմացել այդ մարդկանց տեղը,- պատմում է Շուշիի ամենաակտիվ երիտասարդներից Վլադիմիրը:

Հաղթահարելով բոլոր դժվարությունները` վերջապես հասանք: Զոնտիկն է իր ողջ հմայքով: Վլադիմիրի համար սա կրկնակի տոն է: Այստեղ նա եղել էր մեկ տարի առաջ` սիրած աղջկա հետ:

Մեկնաբանությունները փակ են: