ԹՈՂԱՐԿՈՒՄ 28-ՐԴ. ՀԱՏԵԼՈՎ ՅՈՒԿԱՏԱՆԸ

logo3Ողջույններ Մեքսիկայից: Հայկական լրագրողական թիմի անհավանական հետազոտությունը Մեքսիկայում: Ինչպես է ստացվում տեքիլլան: Եվ հատուկ կանգառ Կուբայում: Ազատության կղզին դեռ հիշում է ՉԵ Գեվարային, որտեղ մինչև այսօր էլ կան պիոներ, կուբայական աներևակալելի սիգարներ, որտեղ դեռ կարոտում են Հեմինգուեյին: Հավանա կղզին, կոկտեյլներն ու ռեգետոնի երեկոները….Մեքսկական ծոցից մինչև Կարիբյան ծով:

Արտակ Ալեքսանյան – Սովորաբար հաղորդման ավարտին ենք ասում` մենք բաց ենք ցանկացած նոր գաղափարի ու առաջարկի համար: Հենց այս հնարավորությունից օգտվելով` մի օր մի նկարահանող խումբ զանգահարեց Մեխիկոյից ու առաջարկեց. կուզենաք արդյոք ռեպորտաժ Մեքսիկական ծոցից և Կարիբյան ծովից:
Դժվար չէր գուշակել մեր պատասխանը: Անկեղծ ասած, անկանխատեսելի էր նաև մեր զարմանքը` լրագրող Աշոտ Փարսյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը ուսումնասիրել են, այն, ինչը կարելի է համարել մարտահրավեր մեր կոնյակին ու այլընտրանք օղուն: Խոսքը նույնիսկ Երևանում մեծ ժողովրդականություն վայելող տեքիլլայի մասին է: Մեր նկարահանող խումբը հասել է հենց Տեքիլլա` քաղաք, որտեղից որ սկիզբ է առել և այսօր էլ արտադրվում է ժամանակակից փարթիների ու հայկական խնջույքների նորեկը: Ի դեպ, ռեպորտաժի ամենագլխավոր ինտրիգը` տեքիլլան ամենևին էլ կակտուսից չեն պատրաստում:

mexikaԱշոտ Փարսյան – Մեքսիկա… երկիր Կենտրոնական Ամերիկայում, որը համարվում է աշխարհի ամենամարդաշատ իսպանախոս երկիրը: Ունենալով առավել քան 110 մլն բնակչություն` արդեն իսկ կարելի է պատկերացնել, թե ինչ քաոս է տիրում այստեղ: Հատկապես այս քաոսային իրավիճակն ավելի ակնհայտ է դառնում մոտ 25 միլիոնանոց մայրաքաղաքի պատմական կենտրոնում, որտեղ յուրաքանչյուր վաճառական իր ձայնի առավելագույն հզորությամբ փորձում է գովազդել և վաճառել իր ապրանքը` արդյունքում ապահովելով անսպառ աղմուկ:
Մեքսիկան իր մշակույթով և պատմությամբ շատ առանձնահատուկ է և խիստ տարբերվում է Լատինական Ամերիկայի մյուս երկրներից: Այստեղ կողք կողքի ապրում են այսպես կոչված հին ու նոր Մեքսիկաները: Հենց մայրաքաղաք Մեխիկոից մոտ 50 կմ հեռավորության վրա կա մի վայր, որը կոչվում է Teotihuacan, ինչն էլ թարգմանաբար նշանակում է “աստվածների երկիր”:
photo25Ըստ լեգենդի` աստվածներն օլմեկներին նվիրեցին ագավայի բույսից ալկոհոլային նեկտար ստանալու գաղտնիքը, որն այժմ ամբողջ աշխարհին հայտնի է որպես տեկիլա:
Տեկիլա առաջին անգամ արտադրվել է 16-րդ դարում Խալիսկոյի Տեկիլա քաղաքում, որտեղից էլ ստացել է իր անվանումը, իսկ տեկիլա բառն իր հերթին նշանակում է բերքատու երկիր: Այս փոքրիկ քաղաքը, որն ի դեպ գրանցված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի աշխարհի ժառանգությունների ցանկում, իր հյուրերին առաջարկում է այցելել տեկիլայի գործարաններ, բազմատեսականի խանութներ և իհարկե տեկիլայի միակ թանգարանը:
photo18Ագավան, կամ ինչպես այլ կերպ ընդունված է անվանել երկնագույն ագավա, իրականում կակտուս չէ, ինչպես սխալմամբ պատկերացնում են շատերը: Այս բույսը պատկանում է շուշանազգիների ընտանիքին և այն հիմնականում աճում է Մեքսիկայի Խալիսկո նահանգի բարձր լեռնային շրջաններում: Մանրացման և քամելու գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև որ ոչ մի կաթիլ հյութ չմնա, այդ նպատակի համար նույնիսկ չնչին քանակությամբ ջուր է ավելացվում: Իսկ վերջնական և ամբողջովին հյութազրկված թափոններն էլ ուղարկվում են կրկին դաշտեր` որպես պարարտանյութ օգտագործելու համար:
photo35Թարմ քամած ագավայի հյութն այնուհետև խառնվում է խմորիչի, ջրի և շաքարեղեգի հյութի հետ` այս դեպքում mixto տեկիլա ստանալու նպատակով, իսկ արդեն ստեղծված հեղուկ զանգվածն ուղարկվում է խմորման, որը տևում է երեք օր: Հենց այս ընթացքում է, որ խմորիչի և հատուկ կարգավորվող ջերմաստիճանի շնորհիվ օսլան և շաքարը վերածվում են ալկոհոլի: Արդեն իսկ կարելի է պատկերացնել, թե խմորման սրահում ինչ բույր է տարածվում, որն ի դեպ չափազանց մոտիկից շնչելը կարող է այրել շնչուղիները:
photo45Արդեն պատրաստի տեկիլայի մի մասը գնում է ուղիղ շշալցման, իսկ մյուսը` հնեցման: Հնեցումն իրականացվում է նախկինում բուռբոն պատրաստելու համար օգտագործված կաղնուց տակառներում` առավել նուրբ երանգ և համ ստանալու նպատակով: Իսկ հնեցման գործընթացն Էլ իր հերթին տևում է մինչև մի քանի տարի` կախված այն բանից թե ինչ տեսակի տեկիլա է պետք ստանալ:
Արտադրական պրոցեսն ավարտվում է շշալցմամբ, իսկ շշալցման ենթակա տեկիլայի թնդությունը պետք է կազմի 35-55 աստիճան` կախված ներմուծող երկրի օրենքներից:
Տեկիլան լայն սպառում ունի ինչպես Մեքսիկայում այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Աստվածները տեկիլան նվիրեցին Մեքսիկային, իսկ Մեքսիկան` ամբողջ աշխարհին:

Արտակ Ալեքսանյան – Ֆեդերիկա Գարսիա Լորկան ասում էր, որ Միացյալ Նահանգները աշխարհին տվել են երկնաքերեր, ջազ և կոկտեյլներ: Ընդամենը: Բայց Կուբայում` մեր Ամերիկայում, ավելի լավ կոկտեյլներ են պատրաստում:

Աշոտ Փարսյան – Երբ 1492 թվականին Կոլումբոսն առաջին անգամ ոտք դրեց Կուբա, նա գաղափար անգամ չուներ, թե ուր է եկել: Նա համոզված էր, որ այսքան գեղեցիկ կղզին, որը նմանեցնում էին ջրի տակից դուրս եկող ալիգատորի, ունի անսահման հարստություն, որից կարելի է օգուտ քաղել, և իսկապես այս կղզին ունի մի հարստություն, որը չունի ոչ մի այլ երկիր:
Հավանա. այս սոցիալիստական երկրի մայրաքաղաքն իսկական համաշխարհային հարստություն է: Քաղաքի բնակիչներն ասում են, որ Կուբան հենց Հավանան է, իսկ մնացածը պարզապես գեղեցիկ տեսարաններ են:
cuba2Առաջինն ինչ այս քաղաքում աչքի է ընկնում, ամերիկյան և սովետական հինավուրց մեքենաներն են, որոնցից շատերի տարիքը գերազանցում է հիսուն տարին: Կադիլակները, Ֆորդերն ու Շեվռոլեները զարդարում են այս քաղաքն ու հանդիսանում Կուբայի սիմվոլը: Սակավաթիվ այս մեքենաների և հեծանվորդների շնորհիվ երթևեկությունն այստեղ հանգիստ է, և խցանումներ գրեթե չեն նկատվում, բայց այնուամենայնիվ քաղաքը շատ աղմկոտ է, քանի որ բոլորն այստեղ խոսում են շատ ու շատ բարձր:
Աննկատ չեն մնում նաև պիոներիկներն իրենց կապույտ ու կարմիր վզկապներով, իսկ Հավանայի աղջիկները պարզապես առանձին թեմա են…
Քաղաքի տեսարժան մասն է Հին Հավանան, որը ՅՈՒՆԵՍԿՈՆ համարել է Համաշխարհային ժառանգություն, իսկ պատմական թաղամասի ամենանշանակալից ճարտարապետական կառույցը անխոս Կապիտոլիոն է, որն, ի դեպ, նույնիսկ փոքր-ինչ բարձր է իր վաշինգտոնյան նմանակից:
photo55Հավանան աչքի է ընկնում նաև իր բազմազան բնակիչներով ու չնայած առաջին հայացքից թվում է, թե նրա բնակիչների մեծ մասը սևամորթներ են, իրականում նրանք կազմում են ընդամենը տասը տոկոսը, հիմնական բնակչությունը սպիտակամորթներն են, մուլատներն ու մետիսները:
Այստեղ ապրել և շարունակում են ապրել ամենատարբեր մարդիկ, որոնցից թերևս ամենանշանավորներից է եղել ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը, նա Հավանայում ապրել է` սկսած 1949 թվականից, որտեղ էլ ծնվել են նրա Ում մահն է գուժում զանգը՚ և Ծերունին ու ծովը ստեղծագործությունները` վերջինիս համար արժանանալով Նոբելյան մրցանակի:
photo65Նա շատ էր սիրում Հավանան և ասում էր, որ իրենց գեղեցկությամբ միայն Վենետիկն ու Փարիզը կարող են մրցել Հավանայի հետ:
Պլասա դե լա Կատեդրալ: Այս հրապարակը Հավանայի պատմաճարտարապետական խորհրդանիշն է, որտեղ տարիներ շարունակ նույն մարդիկ զբաղված են նույն գործով` շրջում են ահռելի սիգարներով, զբաղվում անհեթեթ գուշակություններով, պարապ նստած լուսանկարվում զբոսաշրջիկների հետ ու պատմում զանազան պատմություններ` կապված քաղաքի հետ:
La bodegita del medio, այս փոքրիկ սրճարանը դարձել է իսկական կուբայական մոխիտո խմելու տիպիկ վայր, որն իհարկե հայտնի է դարձել հենց Հեմինգուեյի շնորհիվ: Այստեղ պատերից կախված են նշանավոր սրճարանի նշանավոր այցելուների նկարները: Բացի այդ, պատերն ամբողջությամբ ծածկված են այցելուների գրառումներով, և գրեթե անհնար էր նույնիսկ մի ստորագրության համար որևէ ազատ տեղ գտնել:
photo73Մոխիտո պատրաստելու համար անհրաժեշտ է երկու գդալ շաքարավազ, կիտրոնի հյութ, այնուհետև անանուխի տերևներ, որոնք պետք է զգուշությամբ տրորել, որպեսզի տերևները չվնասվեն: Որից հետո պետք է ավելացնել ռոմ, սառույց ու գազավորված ջուր, մի փոքր խառնել ու այն պատրաստ է: Կա ևս մի կոկտեյլ` Guarabana-ն, այն կարելի է փորձել միայն այստեղ: Guarabana պատրաստելու համար անհրաժեշտ է Գուառապո` շաքարեղեգի թարմ քամած հյութ, որն ունի աննկարագրելի քաղցրություն, ինչպես նաև ռոմ, նարնջի հյութ և սառույց:
Ռոմի պատմությունը ուղղակիորեն կապված է շաքարեղեգի պատմության հետ, 1860-ականներին Կուբայում հայտնվեց թորման տեխնոլոգիան, իսկ 1878-ից սկսվեց Հավանա Կլուբի պատմությունը:
photo83Կուբայում պարերն ու երաժշտությունը շատ ներդաշնակ են: Գիշերային շատ ներկայացումներ ուղեկցվում են պարային համարներով` հին կաբառեների լավագույն ավանդույթներով: Աշխարհում ամենահայտնի կաբառե Տրոպիկանան այսօր հանդես է գալիս որպես 40-ից 50-ականների կուբայական երաժշտության և խորեոգրաֆիայի թանգարան, այն էլ բաց երկնքի տակ, ավելի ճիշտ աստղերի և լուսնի բնական լույսի տակ:
photo92Հավանայում կա ևս մի հանրահայտ ակումբ ` Հավանա Կաֆե, այս դեպքում այն կարելի է կոչել թանգարան-ակումբ: Հինավուրց մեքենաները, ինքնաթիռն ու այլ ատրիբուտները ստեղծում են իսկական կուբայական մթնոլորտ ու տրամադրություն: Ամենագրավիչն այստեղ այն է, որ տարբեր համարներ դիտելուց բացի կարելի է նաև անձամբ մասնակցել: Այստեղ շատ մոդայիկ և տպավորիչ է ռեգետոնի մրցույթը լատիանաամերիկուհիների միջև, որի ժամանակ աղջիկները պետք է հնարավորինս ճարպիկ և կրքոտ շարժեն իրենց մարմնի տարբեր մասերը` արժանանալու մի շիշ կուբայական ռոմի:

Մեկնաբանությունները փակ են: