ԹՈՂԱՐԿՈՒՄ 29-ՐԴ. ԽՈՐԸ ՇՆՉԵԼՈՎ

logo5Օծանելիքը` 21-րդ դարի նոր այցետոմս, որ կարող է դառնալ հաջողության կամ անհաջողության պատճառ: Էժանագին օծանալիքը վատը չէ: Այն վնասակար է: Նոր հազարամյակի վիագրան: Օծանելիք, որ առաջացնում է սեքսուալ ցանկություններ: Մենք ուսումնասիրել ենք հոտերն ու հոտառությունը, նրանց, ովքեր, հայկական քթից հրաժարվելով, կորցրել են նաև հոտի զգացումը: Առանց հոտառության ապրելու դժվարությունները: Հատուկ Ռեպորտաժի մարդաբանական թողարկումներից:

Արտակ Ալեքսանյան – Բառացիորեն մի քանի օր առաջ Անվտանգ Կոսմետիկայի խումբը, որ համաշխարհային կազմակերպություն է, վերջապես ավարտեց ու հրապարակեց ժամանակակից օծանելիքների ուսումնասիրությունը: Զեկույցն արդեն առաջացրել է շոկ ու մեծ աղմուկ: Պարզվում է` նույնիսկ ամենահայտնի օծանելիք արտադրող ընկերությունները օգտագործում են ոչ թե տասնյակ, այլ հարյուր-հազարավոր քիմիկատներ, որոնք չեն էլ նշում օծանելիքի կամ դրա տուփի վրա: Ընդ որում, այդ քիմիկատներից 14-ը կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ ու նույնիսկ հորմոնային խանգարումներ: Ճանաչված, բայց վտանգավոր օծանելիքի ցուցակում են հայտնվել Դոլչե Գաբանան, Արմանին, Քելվին Քլայնը, Օլդ Սպասն ու Շանելը: Այդ բրենդների հատկապես որ օծանելիքներն են ամենաթունավորը` կարող եք կարդալ մեր բլոգում:
Այս ընթացքում Տիգրան Զարեյանն ուսումնասիրել է հայկական շուկան ու հայ սպառողներին: Պարզվել է` մեզ մոտ վատ օծանելիքով ոչ միայն հեղեղված է շուկան, ընդ որում վատ ասելով, նկատի ունեմ, կեղծ ու ավելի թունավոր, այլև կան նաև դրա զոհերը: Մարդիկ, որոնք կեղծ օծանելիք օգտագործելու պատճառով ձեռք են բերել մաշկային հիվանդություն ու նույնիսկ կորցրել հոտառությունը:
Իսկ հոտերի շուկայում վերջին նորույթներից է ֆերոմաններով արտադրանքը: Մասնագետները պնդում են, որ ֆերոմանով օծանելիքը կարող է առաջացնել նույնիսկ կարճատև, բայց սիրահարվածության զգացում: Մի խոսքով, խորը շնչելով, Տիգրանն ուսումնասիրել է հայկական հոտերն ու հոտառուներին:

Տիգրան Զարեյան – Օծանելիքը կարող է քայքայիչ լինել` մաշկը, անձնական կյանքն ու նույնիսկ կարիերան: Ոմանք կասեն` այդպես չի լինում, բայց այդպես եղել է ու պատահել է 21-ամյա Իրինայի հետ:

photo112-Չնայած ոչ շատ բրենդային, բայց բավականին նորմալ խանութից բավականին բարձր գնով` քսան հազար դրամ արժողությամբ օծանելիք գնեցի: Սակայն անուշ բույրի փոխարեն այն սկսեց գարշահոտություն տարածել ցանվելուց քսան րոպե անց: Արդյունքում և ընկերոջիցս բաժանվեցի և ինձ աշխատանքի չընդունեցին,- պատմում է Իրինա Մկրտչյանը:

Լատիներեն per fumum, այսինքն` ծխեցրած: Այժմ` պարֆյում: Օծանելիք ստեղծելու արվեստը սկիզբ է առել Հին Միջագետքում: Առաջին քիմիկոսը, որ Երկիր մոլորակին նվիրեց օծանելիքը, ենթադրաբար հնդիկ էր ու կին: Նրան կոչում էին Տապուտի, որի անունը հիշատակվում է Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակում: Պարֆյումերիան օգտագործվել է Հին Եգիպտոսում, մշակույթը անցել է Հին Հռոմ ու Պարսկաստան: Պարֆյումերիան Արևմտյան Եվրոպա թափանցեց 14-րդ դարում միայն, մասամբ` իսլամի տարածմամբ: Օծման արվեստը կատարելագործման հասավ Ֆրանսիայում: Միջին դարերում ֆրանսիացիները հազվադեպ էին լողանում: Պարֆյումը դարձավ հարուստ ֆրանսուհիների գարշահոտությունը քողարկելու անփոխարինելի միջոց:
1937 թվականին Խորհրդային Հայաստանում բացվեց առաջին հանրախանութը` ՑՈՒՄ-ը: Հանրախանութում կար օծանելիքի բաժին, որը առաջինն էր երկրում: Բաժինը գեղեցիկ էր, հիմնականում փայտակառույց: Այն ժամանակ մեծ պահանջարկ ուներ Կռասնի Մոսկվա օծանելիքը:

photo28– Այստեղ էր: Էստեղ արդեն խանութն էր սկսում և առաջին բաժինը կանացի օծանելիքի բաժինն էր,- հիշում է Ավետիք Իսահակյանի թոռը` Ավիկ Իսահակյանը:

Ավետիք Իսահակյանի որդուն և Ավիկ Իսահակյանը հորը` Վիգեն Իսահակյանին, հանձնարարում են ֆիլմ պատրաստել հանրախանութի բացման մասին: Բաժնի առաջին վաճառողուհին 16-ամյա գեղեցկուհի Զաբել Տկտբրյանն էր: Ասում են, նա այնքան գեղեցիկ էր, որ ոչ ոք անտարբեր չէր անցնում: Ավելին, նրան համարում էին ժամանակի ամենագեղեցիկ հայուհին: Մի քանի օր անց Վիգենը Բելլային հրավիրում է իրենց տուն: Նրանց դիմավորում է Եղիշե Չարենցը:

photo38– Մայրս ասում է` բարձրացանք, զանգը տվեցինք, Չարենցը խալաթով էր: Տնային միջավայր էր: Ասաց`Վիգեն, էս եղնիկին որտեղից ես գտել,- պատմում է Ավիկ Իսահակյանը:

Հայաստանի առաջին օծանելիքի առաջին վաճառողուհին` Բելլա Իսահակյանը, աշխատեց ընդամենը մի քանի օր: Օծանելիքի բաժինը գործեց մինչև Միության փլուզումը և անգամ դրանից հետո: Օծանելիքի բաժինը գուցե հպարտանար իր երկարակեցությամբ, բայց ոչ որակով: Խորհրդային օծանելիքի հոտը սուր էր, երբեմն` նույնիսկ ալերգիա առաջացնող: Մինչդեռ որակյալ օծանելիքը գրեթե զերծ է քիմիկատներից: Բարձրակարգ պարֆյումը պատրաստվում է ծաղիկներից ու անցնում է արտադրական 5 փուլ: Լավագույն պարֆյումն իր բույրը պահպանում է առավելագույնը 7օր: Դրա ճիշտ գործածումը մի ամբողջ ծիսակարգ է` սկսած առավոտյան լոգանքից:

photo47– Պետք է լողանալ լոգանքի գելով: Դրանից հետո քսվի մարմնի լոսյոն, կամ մարմնի կրեմ: Դրանից հետո փչվի օ դե տուալետ: Երեկոյան մաքուր պարֆյումը ոչ թե պիտի փչվի, այլ քսվի այ էես հատվածներում,- բացատրում է օծվելու մասնագետ Լյուդմիլա Ղազարյանը:

Կեղծ պարֆյումի գործածումը հղի է ֆինանսական կորուստներով, բազմաթիվ հոգսերով ու տհաճ անակնկալներով: Ավելի վտանգավոր են ոչ անմիջապես ի հայտ եկող հետևանքները: Անորակ պարֆյումը պարունակում է անվերահսկելի քանակությամբ քիմիկատ, ուստի հետևանքներն էլ կարող են անդառնալի լինել: Անորակ պարֆյումը կարող է հանգեցնել մաշկային բորբոքման, ու նույնիսկ մաշկի քաղցկեղի:

photo57– Անորակ ապրանքների մեջ դրանց քանակը չի հսկվում: Կարող են առաջանալ թունավորումներ: Ինչքան ավելի երկար, այնքան ավելի շատ կարող են առաջնալ բորբոքումներ` նախաքաղցկեղային կամ քաղցկեղային վիճակներ,- զգուշացնում է մաշկաբան, ալերգոլոգ Մանուշակ Ասրյանը:

Երիտասարդների շրջանում, պարզվում է, այսօր կան սովորույթներ, որոնք առաջին հայացքից են միայն անմեղ թվում: Պարզվում է շատերը, սեքսից առաջ նախընտրում են օծվել պարֆյումով, ընդ որում օծանելիքը շաղ տալիս հատկապես սեռական օրգանների շուրջն ու վրան: Ավելին, դա անում են հատկապես սեռական ակտից առաջ: Մազածածկ հատվածներն էժան պարֆյումով ցողելը նոր հոգսեր է ավելացնում: Այն ոչ միայն նպաստում է քրտինքի առաջացմանը, այլև բարենպաստ պայմաններ է ստեղծում վարակների համար:

photo67– Օծանելիքի չարաշահումը սեռական օրգանների շուրջը, անմիջապես վրան, իհարկե, առաջացրել են բորբոքային պրոցեսներ: Բայց շատ ուշ ենք հայտնաբերել, որ պատճառը ոչ թե սեռավարակն է, այլ հենց օծանելիքի առատ կիրառումը,- նկատում է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Գայթակղող էֆեկտով օծանելիքը պարունակում է ֆերոմոններ: Նման օծանելիքի արտադրությունն ու վաճառքը սկսվեց մոտ 15 տարի առաջ: Այն ժամանակ, երբ հայտնաբերվեցին ֆերոմոնները: Դրանք հիմնականում հոտ չունեցող նյութեր են:

– Արդեն ապացուցված է, որ դրանք սեքսուալ գրավչությունը և գայթակղությունը ուժեղացնելու պոտենցիալ հատկություն ունեն,- բացատրում է սեքսապաթոլոգը:

Հայաստանում ֆերոմոնով հագեցած օծանելիք վաճառվում է մոտ 5 տարի: Պարզվում է` կան անգամ այդ օծանելիքի զոհեր: Տարբերելու համար սիրահարություն է, կիրք, թե պարզապես խորամանկ քայլ, անհրաժեշտ է ընդամենը սպասել: Գայթակղող օծանելիք փորձարկելուց առաջ մասնագետները խորհուրդ են տալիս անպայման խորհրդակցել բժշկի հետ: Շուկան ողողված էրոտիկ արոմաների ու օծանելիքի կեղծ տեսականին կարող է ոչ միայն օգնել, այլև խանգարել:

photo75Անորակ օծանելիք պատրաստելն, ի տարբերություն բարձրակարգի, հեշտ է: Կեղծարար երկրների ցանկում առաջատար են Չինաստանը և Հնդկաստանը: Կեղծելով ու փոխել հայտնի բրենդերի անվան ընդամենը մեկ տառը, նրանք կարողանում են վաճառել էժան ու անորակ ապրանք: Հայաստանում գործում է սերտիֆիկացման 17 մարմին և 67 լաբորատորիա, որոնք փորձաքննության են ենթարկում ներկրվող օծանելիքը:

Մաքսային մարմնինները չունեն հսկողական ֆունկցիա: Օրինական ներմուծողը, եթե ի հայտ է բերում իր ապրանքանշանով կեղծ արտադրանք, պետք է դիմի մաքսային մարմին: Եվ դրանից հետո միայն կսկսվեն ստուգումները: Ըստ պետեկամուտների կոմիետի` անցած տարի 29 երկրից Հայաստան է ներմուծվել 82 տոննա պարֆյում: Այսինքն` յուրաքանչյուր բնակչին հասնում է տարեկան մոտ 36 կգ:

Գերթանկ, թե ուղղակի` ճաշակով ընտրված պարֆյումն այսօր քաղաքային մշակույթի ու մարդկային հարաբերությունների, անտեսանելի, բայց միշտ ներկա ու բոլոր դեպքերում պարտադիր ակսեսուար է, հատկապես կանանց համար: Քանի որ եթե տղամարդու անհատականությունը նրա խառնվածքն է, ապա կնոջ մասին կարող է խոսել նրա բույրը:

Արտակ Ալեքսանյան – Գալիս է ամառը, և հատկապես հիմա հրատապ է դառնում անձնական հիգիենային առավել ուշադրությամբ հետևելը: Դրա պակասը Երևանում զգում են հատկապես հանրային տրանսպորտում: Բայց կան մարդիկ, ովքեր նույն երթուղայիններում շատ ավելի հանգիստ են նայում հարևանությամբ բուրող հոտերին: Նրանց անտարբերության պատճառը` հոտառության բացակայությունն է:
Սոնա Աբրահամյանն ուսումնասիրել է նրանց, ովքեր չունեն հոտի զգացում: Մի մասը այն կորցնում է քթի պլաստիկ վիրահատությունից հետո, մյուսները չունեն ի սկզբանե: Վեց զգայարաններից մեկի անգործունեությունը կարող է երբեմն բերել աղետալի հետևանքների:

Սոնա Աբրահամյան – Վեց տարի Մարինեն հիվանդության հետ կռիվ մղեց: Ծեծում էր բժիշկների դռները, սպառազինվում դեղորայքով ու կրկին պատրաստվում հնարավոր բարդությունների: Բայց ռինգում պարտվում է ամենաթույլը. Մարինեն չզիջեց, հիվանդությունը չզիջեց, հոտառությունը գնաց թոշակի: Վեց տարի առաջ հոտառությունն ընդմիշտ հեռացավ: Հիմա ինքն անտարբեր է բոլոր բույրերի հանդեպ, անզոր է նույնիսկ աղբի ամենազոր հոտը:

photo122– Բոլորը վայ-վայ, էս ինչ ա, ոնց եք ապրում, իսկ ես ուրախ նայում եմ բոլորի դեմքին ու հասկանում եմ, որ էդ մի բանով գոնե պետք ա ուրախանամ,- կատակում է Մարինեն:

Հոտառության բացակայությունը գերդաստանի պիտակն է, թե պատուհասը, դժվար է ասել: Մի բան հաստատ է. Մարինեն տնեցիներին զարմացնելու ոչինչ չունի. հայրն էլ, մայրն էլ, հորեղբայրն էլ հոտառություն չունեն: Վերջերս հոտառությունը Մարինեի հարևանուհուց էլ հեռացավ:

photo94– Ես շատ նուրբ հոտառություն ունեի: Հեռավորության վրա նույնիսկ կարող էի զգալ` ինչ են ուտում, վարունգ են ուտում կամ կոնֆետ են ուտում դյուշես: Բայց տարիների ընթացքում այսպես ստացվեց, մի տեսակ անհետաքրքիր ստացվեց կյանքը, անգույն, սև ու սպիտակ` առանց հոտառության,- թախծում է Մարինեն:

 
40 տարեկան է, մասնագիտությունը` գծագրող կոնստրուկտոր, աշխատում է տանը` մայրիկ: Բակի ծաղկի խանութ մեկ-մեկ մտնում է, սիրում է գեղեցիկ ու հոտավետ ծաղիկներ, որոնց կարելի է երկար նայել: Սոսեն է: Հիշում է իրեն վիրահատությունից առաջ` ժպիտով, վիրահատությունից հետո` գոհ ու երջանիկ: Այն, ինչ եղավ այդ արանքում, հիշում ու պատմում է ամեն հարմար առիթով: Մեղավորը հայկական երազանքն էր` ուզում էր փոքր քիթն ավելի փոքր դարձնել:

– Մի օր ես արթնացա ու հասկացա, որ վատ եմ շնչում, ու քանի գնում, էնքան վատանում էր: Որոշեցի` գնամ բժշկի, ինձ ասացին, որ պետք է վիրահատվեմ: Դե, ասի քանի անում-անում ենք, բացի նրանից որ միջնապատը պիտի արվի, ասեցի` պլաստիկա էլ անենք,- ափսոսանքով ու տխրությամբ հիշում է Սոսեն:

Վիրահատության սարսափն անցավ: Սկսվեց հետվիրահատական երկարատև շրջանը: Սոսեն դիմանում էր. Չէ որ նոր ու ավելի կոմպակտ քիթ էր ձեռք բերել: Էլ ինչ իմանար, որ վիրահատական սեղանին մի կարևոր բան էր կորցրել:

– Ինչ-որ տարօրինակ էի ինձ զգում: Երբ որ հասկացա, որ ես ոչ մի հոտ ընդհանրապես չեմ զգում, պանիկայի մեջ էի,խուճապի էի մատնվել ու ասում էի մամաաաաաաաաա, էս ինչ ա կատարվում:

photo101Բժիշկը հանգստացրեց. քթի պլաստիկ վիրահատությունից հետո հոտառությունը շատերն են կորցնում, դա ժամանակավոր է: Սոսեն սպասում էր, միակ զբաղմունքն այդ օրերին ճուտիկներ պատրաստելն էր: Հեռախոսի լարերը եռում էին, օրվա լուրը` հոտառության կորուստն էր: Նոր գնած օծանելիքը վերջանում էր, Սոսեն դրա հոտը դեռ չէր էլ առել: Բախտը բերեց: Օծանելիքը չհասցրեց վերջանալ, հոտառությունը կրկին տիրոջ մոտ եկավ:

– Ես հասկացա, որ էն, ինչ որ տվել ա Աստված մարդուն, էդ շատ կարևոր ա: Երբ որ մարդ ունի հոտառություն, նա դա կարծես չի գնահատում,չի տեսնում, այ երբ որ նա կորցնում է դա….

Ավտովթարից հետո Կարինեն երկար ժամանակ մահվան դեմ կռիվ էր տալիս: Բժիշկներն ասում էին, եթե այս մի օրն էլ հանես, իմացիր փրկված ես: Հանեց ու ողջ մնաց: Բայց ուղեղի ցնցումն իրենն արեց. Կարինեն հոտառությունը կորցրեց: Դեպրեսիայի ու հիասթափության մեջ մի քանի օր տնից դուրս չէր գալիս, բժիշկներն էլ անտարբեր էին: Այն, ինչ չեն զգում ռունգերը, զգում է հասարակ սև մատիտը: Հոտառությունը կորցնելուց հետո Կարինեի կտավները ավելի գունեղ դարձան: Քսան տարի է անցել, իսկ հոտառությունը դեռ չկա ու չկա: Հիմա մի բանից է վախենում, որ հոտառությունը վերականգնվի: Կարինեն բոլոր հոտերն արդեն մոռացել է, վերհիշել` չի ուզում

photo113– Այ որ ասենք փոքր ժամանակ, որ վայ երեխես չունի հոտառություն, տանենք մի հատ պոլիկլինիկա, թող բժիշկը նայի, նույն մոլորությունը բժշկի մոտ կար: Տղա ջան, դու հոտառություն չես զգում, ասում եմ` չէ, իսկ համ զգում ես` հա: Չի կարող պատահել,- հիշում է ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը:

 
Տեսահոլովակների ու սերիալների ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը անհոտ մանկություն է ունեցել: Հոտի զգայարաններն այնքան վաղուց են քնած, որ չի էլ հիշում` կորցրել է հոտառությունը, թե չի էլ ունեցել:

– Նի տո երկրորդ, նի տո երրորդ դասարոնում էի, չեմ հիշում, դաչայում ինչ-որ ծաղիկ էր մի հատ շատ գեղեցիկ, հոտ քաշեցի, օչնուլսյա` գիպս,- պատմում է Ստեփան Մարտիրոսյանը:

Ով ունի հոտառություն, չի էլ կասկածում, որ դա կարևոր է: Ու միայն նրանք, ովքեր գիտեն` ինչ է բույրազուրկ կյանքը, երազում են զգալ գոնե բակում կուտակված աղբի հոտը: Նրանցից ամեն մեկը հիշողության մեջ միայն ամենահարազատ հոտն է պահել:

5 մեկնաբանություն

  1. Ararat Saakyan 29 May 2010, 19:01

    Shat hetaqrqir en dzez hatuk reportajnern,mec hachuyqov ditum em amen angam,ev mec bavakanutyun em stanum…cankanum em dzez anxapan eter 😉

  2. Շուշան 30 May 2010, 19:27

    Շնորհակալություն նյութի համար, ինքս օրինակ տեղյակ չէի, որ սեռական օրգանների շուրջ չարաշահումը կարող է լուրջ հետևանքների բերել, բայց երբ խոսք գնաց այն օծանելիքների մասին որոնք գայթակղիչ ազդեցություն ունեն, ես լսել եմ մի հաղորդման մեջ, որ հիմնականում օծանելիքների մեջ կենդանիների ֆերմոններ են օգտագործում և ոչ թե մարդու, այնպես որ այդ բանն էլ հաստատ չէ:Իսկ օծանելիք չօգտագործել հիմնականում չի լինում, այնպես որ դեռ բազմաթիվ խնդիրներ կլինեն:
    Մի հարց ունեմ.Հայաստանում երևի չկան չէ? օրիգինալ օծանելիքներ, առանց քիմիկատների:

  3. Geghecik 30 October 2010, 22:47

    Shat hetaqrqir e, firmayin ocaneliqneri xanutneri ocaneliqnern el en patend. Ete djvar che karajarkeq original, aranc qimikatneri ocaneliqi xanut?