ԹՈՂԱՐԿՈՒՄ 3-ՐԴ. ՉԱՓԱԾ – ՁԵՎԱԾ

special3 Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ:

Եկել է գեղեցիկ ու նորաոճ հագնվելու ժամանակը: Նորաձև ու նորաձևության աշնանային սեզոնը սկսված է: Պրետա-պորտեի ու հայ-կուտյուրի հայրենիք Միլանն այսօր նորաձևության ինդուստրիալ մայրաքաղաքն է: Բացառիկ ռեպորտաժ Միլանի ամենահին ու ամենաթանկարժեք բրենդի մասին` Զենյա: Եվ նրանց հարևանությամբ ու իտալացիների հետքերով այսօր արագ զարգացող նոր պրետա-պորտե Վրաստանից: Նյու-Յորքում ցուցադրվող, Փարիզում վաճառվող և Մոսկվայում իրացնող, ամենահաջողակ ու ամենաէքսցենտրիկ վրացի դիզայներներն ու նրանց հաճախորդները: Վրաց-իտալական դիզայներն ու նրանց հագուստը, ախորժակն ու նոր տենդենցները…

Արտակ Ալեքսանյան– Օրերս ավարտվեց Նորաձևության շաբաթը Միլանում: Իտալիայի հյուսիսային մայրաքաղաքում են անցկացվում ամենաշատ ֆեյշըն ուիքերը, այսինքն` նորաձևության շաբաթները, որտեղ դեֆիլե են կազմակերպում հայ-կուտյուրից, այսինքն` դիզայների հատուկ զգեստներից մինչև պրետա-պորտեն, այսինքն` ամենօրյա կրելու հագուստի մոդելավորողները: Միլանից է սկիզբ առել, Միլանում է զարգացել տղամարդկանց ամենահայտնի ու ամենաթանկարժեք հագուստի ապրանքանիշը` Զենյան: Ի դեպ, ես էլ, ռեպորտաժի հեղինակ Մանուն էլ, արտասանում էինք` Զեյնա, մինչդեռ պարզվեց, որ այն Զենյա է: Մանուն պարզեց, երբ մեկնեց Իտալիա` մասնակցելու Զենյայի հիմնադրման` հոբելյանական 100-րդ տարեդարձին: Զենյան միջինից բարձր խավի տղամարդկանց համար է, ընդ որում, ոչ միայն հարուստ, այլև սպորտային կազմվածքով: Դա մոտավորապես Բրեդ Փիթի և Պուտինի պես արտաքինով, կառուցվածքով ու հնարավորություններով մարդկանց համար է: Մանուին Միլանում զարմացրել էր ոչ այն փաստը, որ Զենյայի միակ մրցակիցն աշխարհում նույն իտալական Արմանին է, ոչ էլ, որ Վերսաչեն ու Գուչին կարվում են Զենյայում, այլ թե ինչ խնամքով է պատրաստվում այդ հագուստը` կոճակները` Եգիպտոսում են, բուրդը` Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում, մետաքսը` Արևելքում: Այդքանից հետո, թե <<ինչու է այդքան թանկ>> հարցն այլևս դառնում է հռետորական կամ գոնե անտեղյակության պատճառ:

manuՄանու Իրիցյան– Աշխարհի մայրաքաղաքներից միակը, որ կարող է մրցել նորաձևության մայրաքաղաքի՝ Փարիզի հետ: Աշխարհի գրեթե բոլոր բրենդներն ու նորաձևության տները Միլանում ունեն իրենց ներկայացիչը: Միլանի հազարավոր խանութներից մեկի տնօրենը երեք տարի առաջ, երբ բացեց այս բուտիկը, զգեստադարակները շատ արագ էին դատարկվում, իսկ հաճախորդներից տեղ ու դադար չկար փոքրիկ խանութում: Հիմա զեղչերը մեծ են, բայց գնորդները, միևնույն է, քիչ են: Տնտեսական ճգնաժամը հասավ նաև նորաձեւության աշխարհ:

-Ինչպես տեսնում եք` խանութում մարդ չկա,- ասում է խանութպան Ռինալդո Պիլարիան:

Նրբաճաշակ, նորաձև, թանկ, բայց միայն տղամարդկանց համար: Կանայք նախանձով են հետևում միայն տղամարդկանց համար հագուստ արտադրող այս ընկերության սեզոնային հավաքածուներին: Բայց սեռային փոփոխություն չի լինի: Իտալական Զենյան միայն տղամարդկանց համար է:

– Մենք երբեք անսպասելի փոփոխություն չենք անում: Սա հզոր բրենդ է՝ լուրջ պատմությամբ, և մենք կարող ենք դառնալ առաջինը: Ու դա այն է, ինչ ուզում ենք մենք,- ասում է Զենյա ընկերության ոճի պատասխանատու Աննա Զենյան:

zenya3Տիկին Աննան Զենյա ընկերության տնօրենների խորհրդի անդամ է և Զենյա ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչը: Ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթների ու Զենյա հագուստի ոճի պահապան հրեշտակն է:

– Սրանք շատ բարձր վայրերում ապրող կենդանիներ են: Հենց նրանց բուրդն է վերածվում կտորի, ապա նաև հագուստի: Տեղի հովիվներն են նրանց խնամում,- պատմում է Աննա Զենյան:

Հարյուրամյա ոճն ու իտալական ընտանիքի պատմությունը ներկայացված են այս մի քանի սրահներում: Բրենդի անունը կրող Էրմենեջիլդո Զենյայի նոթատետրերը ու բոլոր գրառումները Աննա Զենյան անգիր է արել փոքրուց. Դրանք ընտանեկան բիզնեսի հիմնական դասագրքերն են:

-Մենք ունենք 3 հիմնական ուղղություն. Սարտորիա՝ բիզնեսմենների համար, Կուտյուր, որը բարձր նորաձևությունն է, Զենյա` Սպորտ: Այս հագուստը վաճառքում հայտնվում է միայն ֆեյշն-շոուներում ցուցադրվելուց հետո,- բացատրում է Ադամ Սմիթը:

adamԱդամը զբաղեցնում է ընկերության կարևոր պաշտոններից մեկը, թեև Զենյա ընտանիքից չէ: Նա բոլոր հյուրերին նախ հրավիրում է Զեյնա ընկերության գլխավոր գրասենյակի կենտրոնական դրախտավայր: Ապակիները և հատուկ մետաղաշերտերը հնարավորություն են տալիս օգտագործել արևի էներգիան ու խնայել էլեկտրաէներգիան: Բնությունն ընկերության գլխավոր գործընկերն է ու հովանավորը: Զենյա ընտանիքի պապենական տունն արդեն կիսով չափ վերածվել է թանգարանի:

Զենյա կոստյում հագնելու համար շատ փող ունենալը բավարար պայման չէ. պետք է նաև մանեկենի ատլետիկ կազմվածք ունենալ: 530 խանութներ՝ մոտ ինը տասնյակ երկրներում և լիակատար վերահսկում յուրաքանչյուր փուլում՝ հումքից մինչև արտադրանք՝ բարձրակարգ որակ ստանալու համար:

-Ժամանակին այստեղ միայն լեռներ էին ու շատ քիչ տներ: Լանֆիցիոյի՝ Զենյայի առաջին ֆաբրիկայի կառուցումն աշխուժացրեց այս տարածքը,- պատմում է Լաուրա Զեյնան:

zenyasportԼաուրան նույնպես Զենյա ընտանիքի ու ընկերության անդամ է: Աշխատում է Տրիվերոյում, որտեղ էլ հենց հիմնադրվել է Զեյնա ընկերությունը: Միայն այս քաղաքում է հնարավոր գնել Զենյայի հագուստը կես գնով, միայն այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես է բամբակի սովորական մանածագործական արտադրամասը վերածվել ժամանակակից նորաձևության ֆաբրիկայի ու սոցիալական նախագծերի:

 
Զենյա ընտանիքի համար հագուստից ոչ պակաս կարևոր է այն աղբյուրը, որից ստացվում է հումքը: Օազի Զեյնան այս ընկերության գլխավոր ու ամենամեծ սոցիալական ու բնապահպանական նախագծերից մեկն է: Բնական արգելոց, որը ստեղծվել ու պահպանվում է ընկերության ջանքերով:

Արտակ Ալեքսանյան– Այս շաբաթ Թբիլիսում մեկնարկել է նորաձևության շաբաթը, որի ընթացքում իրենց նոր մոդելներին ու հագուստն են ներկայացնում վրացի դիզայներները: Վրացիները նորաձևության բիզնեսը զարգացնելու մոդել են մշակել, ըստ որի` տարին երկու անգամ` ամռանն ու աշնանը հրավիրում են գնորդին, մեծ ընկերություններին և առաքող կազմակերպություններին` դիտելու իրենց երկրի ստեղծագործ մտքի արտադրանքը: Սա ճիշտ հաշվարկված, բայց որքան էլ զարմանալի է վրացիներից, խորամանկ քայլ է: Պարզ է, որ նրանք փող չունեն` առանձին-առանձին դեֆիլեներ կազմակերպելու համար: Իսկ այս դեպքում արդեն գումարը, նախ` վատնում են իրենց երկրի ներսում, երկրորդ` ծախսերը նվազագույնն են և երրորդն ու ամենակարևորը` բոլորը հնարավորություն ունեն ցուցադրելու իրենց տեսականին: Վրացական նորաձևության բիզնեսը նոր շունչ ու թափ է հավաքել, ավելին հավակնում է այս անգամ էլ դառնալ` տարածաշրջանային կենտրոն: Ռուզան Վարդերեսյանը, ծնունդով Թբիլիսիից, Բուրջանաձե աշխատանքային ծածկանվամբ, մեծ հաճույքով ու սիրով մեզ համար ուսումնասիրել է վրացական մոդան, մոդելներին ու դիզայներներին:

ruzanՌուզան Վարդերեսյան– Վրացական մոդան զանգվածայինը չէ: Յուրաքանչյուրը փորձում է հագնել ու կրել այն, ինչ մյուսները չունեն: Նրանք չեն սիրում միանման լինել, նույնիսկ նույն կտորից հագուստ կրել չեն սիրում` ի տարբերություն Երևանի, որտեղ, եթե մեկը մի բան հագնում է, մյուսներն իրենց պարտքն են համարում, ինչ գնով էլ լինի, ձեռք բերել հենց այդ նույն հագուստից:

– Գործվածքները բերում եմ Իտալիայից, բայց ամեն տեսակից շատ քիչ` այնքան, որքան պետք է մեկ զգեստ կարելու համար, որովհետև գիտեմ, թե ում համար եմ աշխատում: Այստեղ միօրինակություն չեն սիրում և նույն մոդելի երկրորդը երբեք չի կարվում,- հաստատում է դիզայներ Թեոնա Թավարթքիլաձեն:

vraci2Վրացական նորաձևությունն արդեն հասել է այն մակարդակին, որ փորձում են փոքրիկ դիզայներական ստուդիաներից անցնել ֆաբրիկաների, որոնք կստեղծեն վրացական պրետա պորտեն` ամենօրյա հագուստը: Բայց որպես լուրջ բիզնես այն դեռ չի ձևավորվել:

Վրացական բրենդի պահանջարկը մեծ է ոչ միայն Վրաստանում, այլև Վրաստանի սահմաններից դուրս: Վրացի դիզայներները պարբերաբար ցուցադրություններ են անցկացնում Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Ղազախստանում և Միացյալ Նահանգներում: Իսկ ահա սեփական երկրում մինչև 2010-ի գարուն այդ ցուցադրությունները համակարգված չէին:

– Մոդայի շաբաթի ավանդույթ ձևավորելու նպատակը վրացական բրենդն աշխարհում հայտնի դարձնելն է: Ոչ թե դիզայները պետք է իր գործերը տանի երկրե երկիր ցուցադրելու, այլ դա պետք է արվի քաղաքակիրթ եղանակով,- ասում է մոդել <<Վրացական նորաձևության շաբաթի>> կազմակերպիչ Թակո Չխեիձեն:

Վրացական շաբաթվա առաջին ու ամենասպասված դիզայները Ավթանդիլն է: Այս բրենդը Վրաստանում է արդեն տասը տարուց ավելի և սպասարկում է վրացական վերնախավին` բոլորին, առանց բացառության: Իր դիզայներական ճկունության պատճառով Ավթո Ցքվիտինիձեն հայտնի է ոչ միայն Վրաստանում: Նա սպասարկում է ատասահմանյան բիզնեսմեններին և շուո բիզնեսի ներկայացուցիչներին:

avtandil – Ես ընտրյալ հաճախորդներ չունեմ: Ոչ էլ հայտնի անուններ եմ սիրում տալ: Սակայն կա մեկը, որին հագցնելն ինձ համար պարզապես մեծ հաճույք է: Նանի Բրեգվաձե,- նշում է Ավթանդիլ Ցքվիտինիձեն:

Իսկ ահա Թեոնան, որն իր դիզաներական կրթությունն ստացել է Ֆրանսիայում և Գերմանիայում, և չի կարող պակաս պրոֆեսիոնալ լինել, բացում է դիզայներական աշխարհի գաղտնիքը և խոստովանում. որ ցանկացած ցուցադրություն չի կարող չանցնել առանց միջադեպի:

– Երբ ցուցադրւթյունից առաջ մի քանի օր մոդելը քաղցած է մնում, պոդիումի վրա ուշագնաց կլինի: Կամ էլ, եթե դա կատարվում է նախքան պոդիում դուրս գալը, մենք պարզապես արագ-արագ նրա հագի շորերն ենք հանում, որ մեկ ուրիշը ցուցադրի դրանք,- ասում է դիզայներ Թեոնա Թվարթքիլաձեն:

– Ինձ հիվանդ մոդելներ պետք չեն: Եթե բնածին նիհարություն է’ խնդրեմ, բայց եթե պետք է սովամահ լինելու հաշվին մոդել դառնան… Աստված ազատի մեզ նման մոդելներից,- հակադարձում է դիզայներ Բակուր Բակուրաձեն:

Բակուրաձեն խիստ է, երբեմն էքսցենտրիկ: Տանել չի կարողանում անտեղյակ հաճախորդներին և եթե որևէ մեկը ամսագիրը ձեքին ներկայանա նրան ու խնդրի մեկ այլ դիզայների հագուստ կրկնօրինակել` սկանդալը պատրաստ է:

vraci4Վրացական 2010-ը – 2011 սեզոնի մոդան խոստանում է ավելի գունեղ ու ինքնատիպ ոճ ու հագուստ: Այս տարի հատկապես դժվար է լինելու գործարար և առավելապես խիստ ոճի սիրահար կանանց համար: Կոստյումներն ու պիջակներն արդեն հնաոճ են, այնպես որ դիվանագետ կանայք նույնպես ստիպված են լինելու ընդգծված նուրբ հագնվել: Նորաձևության հետևողներն ու մոդայիկ հագուստի սպառողները առաջին հերթին կանայք են: Ըստ վրացի դիզայներների, տղամարդիկ հագուստը պատվիրելիս միանգամայն այլ դրդապատճառներով են առաջնորդվում:

– Մեր տղամարդիկ պարզապես լավ ուտել են սիրում: Նրանք մեզ մոտ են գալիս ոչ թե օրիգինալ հագուստ ունենալու, այլ պարզապես իրենց չափով հագուստ պատվիրելու համար,- պարզաբանում է Թեոնա Թվարթքիլաձեն:

Դա է պատճառը, որ վրացի դիզայներների խանութներում տղամարդկանց համար շատ փոքր հատված է առանձնացված:

3 մեկնաբանություն

  1. Ani 5 October 2010, 11:02

    Yes diteci Vrastani noradzevutyan toxarkum@. Cheq karcum, vor shat govaciq vracinerin. Haskanum em vor noradzevutyun@ uzum e zarganal ayntex, bayc duq chgiteq, vor hay azgy aydqan el chi sirum vracinerin ev charjer aydqan animast tex@ goval nranc

  2. Գոհար 5 October 2010, 19:33

    Մի օր մենք հասկանալու ենք վերջապես, որ այլ մշակույթներում տեղի ունեցող առաջընթացներին, զարգացումներին հետևելը, դրանց մասին տեղյակ լինելը և, ամենակարևորը` դրանք ընդունելը մեզ էլ կարող է տանել առաջընթացի ու զարգացման. այլ ճանապարհ չկա: Թե մենք շարունակելու ենք էսպես ջայլամի նման ապրել ու չուզենալ նկատել “մեզնից դուրս” տեղի ունեցող որևէ դրական բան… Հրաշալի հաղորդում էր, ինչպես ձեր բոլոր հաղորդումները, շատ ուշագրավ: Շնորհակալություն….