ԹՈՂԱՐԿՈՒՄ 32-ՐԴ. ՋՐԻ ԿԱՐՈՏ

logo Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ:

Ոչ թե կարմիր կապույտ ծիրանագույն, այլ մոխրագույն, խամրած ու աղակալած` երկրի իրական գույներն են: Այսօր երկրում ջրի իրական սով է: Անունը կա, հունը կա, ջրամբարը կա, բայց միևնույն է, ջուր` չկա: Ինչու է երկրի ոռոգման համակարգն այդքան աղետալի վիճակում: Ոչ թե ջրի գին, այլ ջուր` նավթի գնով: Ու որակով: Հատուկ ռեպորտաժն ուսումնասիրել է երկրի գյուղատնտեսության թիվ մեկ խնդիրը` ոռոգումը և ոռոգման գինը:

Արտակ Ալեքսանյան– Երկիրն ապրում է շունչը պահած և հողի մշակին օգնելու, առաջին անգամ պետական ցանկությամբ: Երբ նախագահը գյուղատնտեսությունը հռչակեց տարվա ոլորտ, երբ բանկերն առաջին անգամ իջեցրին տոկոսները, ու երբ փոխվեց նախարարը, հետո նաև փոխնախարարները, բոլորը հասկացան, որ վիճակն իսկապես լուրջ է: Ու առաջին անգամ սկսեցին խոսել գյուղի հոգսերի մասին: Գյուղատնտեսության աքիլլեսյան գարշապարը ոռոգման համակարգն է: Այն ուղղակի աղետալի վիճակում է: Երկրի ոռոգման համակարգը տնօրինում են Զրօգտագործողների ընկերությունները, որոնք իսկական պատուհաս են դարձել բոլորի ու առաջին հերթին գյուղացու գլխին: Դրանք այն կազմակերպություններն են, որոնք ջուրը պետությունից գնում են և վերավաճառում գյուղացուն: Այդ ընթացքում ստանալով նաև փող` հատուկ դոտացիա կառավարությունից, ամեն տարի մոտ հինգ միլիարդ դրամ: Թվում էր` ստեղծվել են բոլոր պայմանները, որ համակարգը սկսի աշխատել: Մինչդեռ վիճակագրությունն այլ բան է պնդում: Ոռոգվող ջրի 70 տոկոսը կորչում է, սա բավական մեծ ցուցանիշ է: Օգտագործվում է ընդամենը 30 տոկոսը: Երկրորդ. ոռոգելի հողերը վերջին 15 տարում կրճատվել են երկուսուկես անգամ: Տարիների ընթացքում` ջրի գինը բարձրացել է 6 անգամ:

10Զոհրաբ Հարոյան– 1992 թվականից հայտնվեցին ջրի մարդիկ ու ջրաչափերը: Հետո ստեղծվեցին Ջուր սպառողների կոոպերացիաները, բայց չարդարացրեցին իրենց: 2003 թվականին ուսումնասիրվեց միջազգային փորձը, ընդունվեց օրենք և ստեղծվեցին ՋՕԸ-երը: Նախկինում ուսուցիչ, այժմ թոշակառու գյուղատնտես Ռուշան Արոյանի մտքի ծայրով անգամ չի անցել, որ ինքն էլ է Ջուր Օգտագործողների Ընկերության անդամ, ավելին` որ իր իսկ հիմնած ընկերությունն էր անցած տարի դատի տվել իրեն: Խանջյան գյուղում Արոյանների ընտանիքը միակը չէ, որ ջրի համար չի վճարել ու պարտքեր ունի:

– Այս տարվա ընթացքում դատարան ենք ներկայացրել 19 գործ մոտ 3 մլն 200 հազար դրամ հայցապահանջով,- ասում է Արմավիր ՋՕԸ իրավաբան Թամարա Ահարոնյանը:

– Գույություն ունի ոռոգման սեզոն: Ամեն տարի սեզոնի սկիզբը եղել է մինչև ապրիլի 10-ը: Այս տարի մենք ապրիլի 3-ից արդեն ջուր ունենք,- նկատում է Արմավիր ՋՕԸ գործադիր տնօրեն Հովհաննես Պետրոսյանը:

12Այս այգին Ժորա Վասիլյանը նոր է հիմնել: 1 հեկտար այգին ջրելու համար տարին 110 հազար դրամ է վճարելու, եթե խնդիրներ չծագեն: Իսկ խնդիր առաջացավ հենց տնկելու ժամանակ: Ոռոգման ջուր չկար: Ընկերոջից ցիստեռն խնդրեց ու նորատունկ ծառերը դրանով ջրեց: Մարտուն Խաչատրյանը մինչև ոռոգմանը հասնելը հազար ու մի գյուղատնտեսական ծախսեր ունի անելու: Հաշվարկ է արել, եզրակացրել է իրեն չնչին գումար է մնում աշնանը: Ոռոգման ջրի հարցում էլ կասկածում է, որ իրեն խաբում են ջրբաշխը: Արմավիր ՋՕԸ աշխատակիցները պնդում են, որ ջուրը պակաս չեն տալիս: Պատրաստ են ջրաչափ տեղադրել, եթե գյուղացին պահանջի:

Ջրի գնից միաբերան բողոքում են բոլոր գյուղացիները: Բարձր է, չեն կարողանում մշակել հողը: Հայկասար Անտոնյանի ձեռքին է իրենց ՋՕԸ-ի վերջին չորս-հինգ տարվա բյուջեն: Գումարում ու հանում է, բայց միևնույն է ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, այդ ինչպես է ստացվում, որ 71 լումա արժեք ունեցող ջուրը 2 կիլոմետր անցնելուց հետո, դառնում է 11 դրամ:

8– 2011 թվականին այս հաշվարկից հետո էլ 11 դրամ չի կազմում` 8.8 դրամ է կազմում: Անդամավճար էլ կա, 5000 էլ յուրաքանչյուր հեկտարի համար անդամավճար ենք տալիս,- ասում է Քարակերտ գյուղի բնակիչ Հայկասար Անտոնյանը:

Կառավարության որոշում կա: 2007 թվականի փետրվարի 8-ի համար 188 որոշումով այս տարի ոռոգման ջրի գինը 11 դրամից ավելի չի կարող լինել, բայց պակաս կարող է: Հայաստանում բոլոր ՋՕԸ-երում սակագինը նույնն է 11 դրամ: Գնագոյացումը որոշվում է ՋՕԸ ընդհանուր ժողովի ժամանակ: ՋՕԸ-երը իրենց բյուջեն տնօրինում են ինքնուրույն: Հայկասարը չի դադարում պայքարել: Ասում է` գնալու է մինչեւ վերջ: Իրավաբանական ընկերույթունը փաստաթղթերը պատրաստել է դատական հայց ներկայացնելու համար:

Արտակ Ալեքսանյան– Հայաստանի հողերի 82 տոկոսն անապատացել է, իսկ 26 տոկոսը` ծայրահեղ անապատացած է: Սա իհարկե ոչ միայն ջրի պատճառով է` անապատանում է անտառները թշնամու պես ոչնչացնելու, չմշակելու, աղակալման ու այլ պատճառներով: Սակայն այդքանով հանդերձ, նույնիսկ մեր պես փոքր երկրի համար, մենք օգտագործում ենք գյուղատնտեսական նշանակության հողերի չնչին մասը միայն: Հենց այդ պատճառով է, որ գյուղմթերքը թանկ է, այդ պատճառով է, որ ագրոբիզնեսը շահութաբեր չէ, պարենային անվտանգության գլխին էլ կախված է բյուրոկրատների դամոկլյան սուրը: Անջրդի մնացած ու անապատացած համայնքներ է այցելել ու ծանր տպավորությամբ վերադարձել Արաքս Թադևոսյանը:

20Արաքս Թադևոսյան– Կառավարությունը դեմքով դեպի գյուղն է շրջվել, տեսնես էդ որ գյուղն է, հարցնում են Շիրակի մարզի գյուղացիներն ու սկսում պատմել իրենց անթիվ հոգսերի մասին: Իսկ ոռոգման ջրի մասին խոսում են միայն անցյալ ժամանակով: Գետքում ոռոգում չկա, այդ պատճառով էլ միայն ցորեն ու գարի են ցանում: Անձրև կգա` բերք կհավաքեն, չէ, էլի կտուժեն: Ոռոգման համակարգը 1976թ-ին է կառուցվել, վերջին անգամ նորոգվել է 13 տարի առաջ, հիմա մեծ մասը շարքից դուրս է եկել:

Այս դաշտերում մկներն են իշխում: Գյուղում որոշել են` այս տարի մկնդեղը բոլորը միաժամանակ լցնել բները, որ մուկը փախչելու տեղ չունենա, բայց ամեն գյուղացի չի, որ դաշտ է դուրս գալու:

– Հիմնական չջրվող տարածքն է, որ ջուրը չի հասնում, մոտ 14 հա, անցյալ տարի ցանել են գարի, մեծ վնաս են կրել, Էս տարի չեն մշակելու, էս հատված չջրվողն է,- ներկայացնում է Գետքի գյուղապետ Հովիկ Մխիթարյանը:

2Դիմել են Հայկական Կարիտաս հկ-ին, որ այս տարի ջրագծի 560 մետրը նորոգեն, ծրագիրն արդեն հաստատվել է, սպասում են օրերը տաքանան ու ամբողջ համայնքով անցնեն գործի: Համայնքի 607 հա վարելահողից այսօր ջրվող է միայն 50 հա-ը, նոր ջրագծով կոռոգվի ևս 180 հա: Իսկ մինչև այդ գյուղի վառվող ջրով են պարծենում: Ասում են` սա էլ մեր հարստությունն է:

Ժամանակին, երբ հողերը սեփականաշնորհեցին, հողերի մի մասը մնաց պահուստային ֆոնդում, հետո սեփականաշնորհած հողերը հայտնվեցին անջրդի հատվածում, իսկ պահուստայինները` ջրվող: Հիմա գյուղում ընտանիքներ կան, որ նույնիսկ 3 կտոր հող ունեն, երեքն էլ անջրդի, պահուստային հողերն են վարձում մշակում, որ իրենց անջրդի հողի հարկը մուծեն:

– Աղբյուր չունենք, հորի ջուրն է, էն էլ ցամաքում է, չի հերիքում, անցյալ տարի ցանեցինք մնձրվավ թափավ, ամեն ինչ մշակում ենք, մնում չորանում է,- հոգսերից է պատմում Վարդաքարի բնակիչ Ռոզա Հարթանյանը:

4Արարատյան դաշտն է: Ամենաբերրի հողն այստեղ է, բայց այսօր վտանգի տակ է: Ի տարբերություն Հայաստանի հյուսիսային հատվածի, այստեղ ջուրն ավելի քան շատ է, պարզապես այստեղ ջուրը ստորգետնյա է ու վնասում է բերքը: Խորհրդային տարիներին այս հողերը հարթեցվեցին, մնում էր աղուտները մաքրելը, որ դաշտերը դառնային բերքատու, բայց խորհրդային միության կյանքն ավելի շուտ ավարտվեց, քան այս գործը:

– Այսօր տեղի է ունենում գրունտային ջրերի բարձրացում, որոնք հանքայնացված են և ունեն սոդային բնույթ, վտանգավոր է բույսերի համար: Հողերի մի մասն էլ ենթարկվում է երկրորդային աղակալման, որն ուղղակի անթույլատրելի է,- մտահոգվում է Ագրարային համալսարան դասախոսներից, ամբիոնի վարիչ Ռուզաննա Մանուկյանը:

Այստեղ մի դաշտում կարելի է տեսնել և աղակալած ու չոր հող, և ճահճուտ, և մշակած այգի: Այգիների սեփականատերերը հասցրել են 90-ականներին աղազերծված հողի որակը վերահսկելի ու մշակելի դարձնել: Իսկ մոտ 30հազ. հա աղակալած հողերը դեռ սպասում են իրենց նոր տերերին

Մեկնաբանությունները փակ են: