ԹՈՂԱՐԿՈՒՄ 34-ՐԴ. ԵՐԵՔ ՊԱՏ ԵՎ ՈՉ ՄԻ ՏԱՆԻՔ

logo1Այս շենքում ապրում են, թեև պատուհան, պատեր ու դռներ չկան: Շենքի բնակիչներն արդեն տասը տարի ապրում են փորձություններով. Հոսանքի լարերը ինքնաբուխ հրավառություն են արձակում: Ականատեսի բացառիկ ու վտանգավոր պայմաններում կատարած նկարահանումները, երբ աստիճանները ճոճվում էին: Եվ, ի վերջո, ջրի խողովակներով եկող մազութը, որի մեջ ընկել էր կիրովականցի թանկարժեք սիամական կատուն: Անհավանական սցենար, իրական պատմություն:

photo11Էդուարդ Արզումանյան, 19 տարեկան, մեր ամենալրջամիտ ականատեսը

– Շենքը նկատել եմ շատ պատահական, ուղղակի մի անգամ այդ կողմով անցնում էի ու նկատեցի, որ քարուքանդ վիճակ է էդ շենքում: Զարմացա, որ նկատեցի, թե ինչպես է մեկը նայում պատուհանից: Մտածեցի, միթե կարելի է այս շենքում ապրել: Զրուցեցի բնակիչներից մեկի հետ: Ասացին, որ 88-ից ապրում են այդ շենքում: Մինչ այդ շենքը եղել է քանդման ենթակա` չորրորդ կարգի: Դրանցի հետո շենքը ինչ-ինչ պայմաններում, ինչ-ինչ մարդկանց միջամտությամբ ճանաչվել է 3-րդ կարգի:

photo21– Մինչև բնակիչներից հարցազրույց վերցնելը, շրջեցի շենքը կողքերը, նկատեցի, որ աջակողմյան մասն ամբողջությամբ փլված էր: Շենքը 4 հարկանի է, առաջինից մինչև չորրորդ հարկ ոչ միջնապատ կա, ոչ էլ` տանիք ու հատակ: Երբ խոսեցի, պարզեցի, որ ուղղակի ահ ու դողով են մարդիկ այնտեղ ապրում: Ցանկացած քամու ժամանակ շենքի չեղած տանիքից մի քար ընկնում է, ու նրանք քամու ու անձրևի ժամանակ տնից ուղղակի դուրս են գալիս:

photo31– Էն, ինչ որ ես տեսա, ուղղակի սարսափելի էր, պարզապես հնարավոր չէ այդ պայմաններում ապրել: Շենքի տանիքը ցանկացած պահի փուլ է գալիս, աստիճաններ չկան, ապակիների ամսին էլ խոսք չկա: Շենքում բաց են նաև հոսանքալարերը: Բնակիչներն էլ իրենց մեղքն ունեն այդ վիճակի համար: Երկրաշարժից հետո, երբ նկատեցին, որ շենքն այդ վիճակում է, շենքից հանել են` ինչ կարողացել են` թե աստիճանները, թե պատերի մեջի տախտակները:

photo41
– Շենքում երևի թե 3-4 ընտանիք է ապրում, որոնք ահուդողով են ապրում: Մնացածը լքել են շենքը, գնացել: Շենքի դիմաց մի ընտանիք է ապրում, որը ժամանակին այդ շենքի երկրորդ հարկում է ապրել: Ուղղակի մի տնակ են վերցրել, և այնտեղ իր գոյությունն է պաշտպանում:

 
photo51– Երբ մտանք Տպագրիչների 7 շենքի երկորդ հարկի բնակարան, երկու սենյակի միջև միջնապատերը բացակայում էին, հատակ չկար: Փոխարենը դուռ էր դրված: Տարիներ առաջ շենքի դիմաց կաթսայատուն է աշխատել, մազութ է օգտագործել: Կաթսայատունը տեղափոխել են, իսկ մազութը ներծծվել է գետնի տակ: Հիմա ոչ Լոռու ջրմուղկոյուղին, ոչ էլ Վանաձորի քաղաքապետարանը չեն կարողանում գտնել, որտեղից է արտահոսքը:

photo61– Մի դեպքի ականատես եղա, թե ինչպես սիամական կատուն ընկել էր այդ մազութաջրի մեջ ու ողջ մաշկը կլպված դուրս եկավ: Մի տարի անց այդ կատուն սատկեց: Իսկ ինչ կարող է պատահել երեխաների հետ, եթե հանկարծ ընկնեն այդ ջրի մեջ:

– Դիմեցի թե Քաղաքապետարան, թե Սեյսմիկ ծառայություն, թե համատիրություն: Վանաձորի քաղաքապետարանից տեղեկացրին, որ վերջին ուսումնասիրության տվյալներով, որը եղել է 2001 թվականին, շենքը վթարայնության 4-րդ կարգից տեղափոխվել է 3-րդ կարգ: Քաղաքապետարանից տեղեկացրին, որ բազմիցս դիմել են կառավարություն, պատասխանել են, որ բյուջե չկա: Իրենք էլ համայնքային բյուջեով ոչինչ չեն կարող անել:

– Մի քանի ամիս առաջ կրկին ուսումնասիրություն է արվել, Վանաձորի սեյսմիկ ծառայության մասնագետը նշում է, որ շենքը 4-րդ կարգի վթարայնության էլեմենտներ ունի: Քաղաքապետարանից ասացին, որ նոր ուսումնասիրություններ կկատարվի: Մասնագետն էլ ասում է, որ քաղաքապետարանն իրենց պատվեր չի տալիս, որ նոր ուսումնասիրություն կատարվի, կարգը հաստատվի:

ԻՆՉ ԱՆԵԼ

Վթարային շենքերը լինում են 5 կարգի:
Վթարային շենքերի հետ կապված բոլոր անհանգստությունները բնակիչները պետք է տեղյակ պահեն տեղական ինքնակառավարման մարմիններին: Իր հերթին համայնքային իշխանությունը` թաղապետարանը, պարտավոր է մինչև մեկ ամսվա ընթացքում դիմել Սեյսմիկ ծառայությանը:
Սեյսմիկ ծառայության մասնագետները վթարային շենքի կարգը գնահատելուց հետո, ըստ հրատապության, պարտավոր են դիմել Քաղաքաշինության նախարարություն, որը վերջնական հաստատում է շենքի կարգը և քաղաքապետարանին ներկայացնում նորոգվող բնակելիի խնդիրը:
Արդեն բոլոր ուսումնասիրությունների ու եզրակացությունների հիման վրա քաղաքապետարանը դիմում է կառավարությանը: Դա արդեն վերջին փուլն է` ամենակարևորը, երբ կառավարությունը հաստատում է և տրամադրում բյուջե` վթարային շենքը նորոգելու կամ վերակառուցելու համար:

1 մեկնաբանություն

  1. ԷԴՈ 11 July 2010, 13:23

    Շատ ցավալի է լսել առավել ևս ականատեսը լինել այդպիսի պատմություններին,ամենամեծ ցավը նա է ,որ շատ հաճախ այդ վիճակու են գոյատևում տարեց մարդիկ թոշակառուներ և կարծես մոռացության են մատնվել հասարակության կողմից: