ԹՈՂԱՐԿՈՒՄ 35-ՐԴ. ՍԵՎ ԾՈՎ

blackseaՍևանի սև, մութ, բայց իրական պատմություններից: Ծովագյուղի երջանիկ ընտանիքը, որ դժբախտացավ մեկ տարում: Ձկնորսությունը Ծովագյուղում ապրուստի, բայց վտանգավոր միջոց է, որը կարող է դառնալ կյանքի և մահվան գործ: Եվ ահա Սևանի սև անակնկալը: Եղանակային դժվար պայմաններում բացառիկ նկարահանումներ ու ողբերգական պատմություն` ականտեսի աչքերով:

arpineԱրփինե Միրզոյան, 19 տարեկան, մեր ծովագյուղցի, բայց ամենախաղաղասեր ականատեսը

– Ծովագյուղցիները տարիներ առաջ զբաղվում էին ձկնորսությամբ: Աշխատանք չկար, և իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար մարդիկ ստիպված ջուրն էին մտնում: Հատկապես շատ երիտասարդներ են խեղդվել Սևանա լճում ձկնորսության ժամանակ: Նրանցից մեկն էլ Մուշեղ Մարգարյանն էր: Նրանց ընտանիքին ես վաղուց եմ ծանոթ: Նրանց տունը մեզնից մի քանի տուն այն կողմ է: Շատ եմ շփվում նրանց հետ: Տիկինը Ժենյա Նավասարդյանն է: Տղան Սևանա լճում է խեղդվել 23 տարեկան հասակում: Կորցրել է նաև փեսային, քրոջ որդուն: Խեղդվել են Սևանում:

photo22– Կինն ինձ շատ է պատմել, որ անընդհատ տղային հորդորել է լիճ չմտնել: Շատ հաճախ ստում էր, թե լիճ չի գնում: Բայց գրեթե ամեն օր լիճ էր գնում, սակայն մայրը չէր իմանում: Մարտի 24-ին խեղդվեց նրա որդին: Կնոջ աշխատանքային ընկերուհիներից մեկը գալիս է, ասում, որ խեղդվել է: Մեծ ցնցում էր մոր համար: Հիմա նրանց տանը պահպանվում են այն կադրերը, որ ընկերներն արել են այն հատվածում, որտեղ խեղդվել էր տղան:

photo12– Այդ կնոջ դժբախտ պատմությունը Ծովագյուղում բացառիկ դեպք է, երբ մի ընտանիքից այդքան մարդ է զոհվում: Այդ տարիները դժվար էին հատկապես Մարգարյան ընտանիքի համար: Բոլորը խոսում էին այդ մասին: Այդ կինը մինչև հիմա էլ պայքարում, մաքառում է կյանքի համար: Կարողանում է իր մեջ ուժ գտնել և պահել ընտանիքի մյուս անդամներին: Հիվանդ աղջիկն արդեն 34 տարի գամված է անկողնում:

photo32– Սևանա լճում ձկների քանակը խիստ նվազել է, բայց ծովագյուղցիները գնում են լիճ: Դա, կարելի է ասել, նրանց ապրուստի միակ միջոցն է, չհաշված արտագնա աշխատանքը: Նրանք ամեն օր դուրս են գալիս բաց ծով` չիմանալով կվերադառնան, թե ոչ: Նրանք լիճ են դուրս գալիս ծակ նավակներով և վախը սրտներում: Շատ ձկնորսների եմ ճանաչում, որ ասում են` տվեք մեզ աշխատանք, լիճ չենք գնա և Սևանա լճին էլ չենք վնասի:

ԻՆՉ ԱՆԵԼ

Ծփում է Սևանը, բայց այդ ծփանքն արդեն վաղուց չի ուրախացնում Կապուտաչյա գեղեցկուհու ամենակարևոր զարդին` իշխանին: Իշխանը ու էլի շատ ձկնատեսակներ արդեն հատուկենտ են Սևանի համար: Նրանց որսացին, նրանցով կշտացան ու մոռացան, որ ոչ միայն եղել են, այլև պետք է լինեն ու դեռ շատանան:
Այնուամենայնիվ, եթե որոշել եք զբաղվել ձկնորսությամբ, ապա մասնագետները խորհուրդ են տալիս հիշել անվտանգության հետևյալ կանոնները:

  1. Ձուկ որսալու համար լճի խորքը մի գնացեք: Սևանը հանդարտ է, բայց միայն արտաքուստ: Իրականում ալիքները կլանում են ձկնորսության դուրս եկած նավակների մեծամասնությանը:
  2. Ստուգեք նավակների ամրությունը: Սովորական նավակները լճի խորքում անվտանգ չեն, իսկ ձուկ կարող է լինել նաև ափամերձ տարածքում:
  3. Եթե հանդգնել եք ու դուրս եք եկել ձկնորսության, մի մոռացեք վերցնել փրկարարական բաճկոնն ու օղակը:
  4. Օգտագործեք կարթ և ձկնորսության համար թույլատրելի սարքեր: Ինքնաշեն սարքավորումները կարող են վտանգել ձեր իսկ անվտանգությունը:
  5. Ցուրտ եղանակին հրաժարվեք երկարատև ձկնորսությունից: Մասնագետները պնդում են, որ մահացության դեպքերից շատերը վրա են հասնում ոչ թե ջրում խեղդվելու, այլ ցրտահարության հետևանքով, երբ ձկնորսի սիրտը այդպես էլ չի դիմանում ջրի սառնությանը կամ էլ չի հաղթահարում սեփական վախը:
  6. Եթե դուք ունեք ձկնորսության անհաղթահարելի ցանկություն, ապա որսացեք խեցգետին կամ կարաս:

Մեկնաբանությունները փակ են: