ԹՈՂԱՐԿՈՒՄ 36-ՐԴ. ՏԵՍԱԽՑԻԿԻՑ ՉԵՍ ՓԱԽՉԻ

logo3Գողության իրական և բացառիկ կադրեր: Մանր խուլիգանություններից մինչև անհավանական պատմություններ` ականատեսի աչքերով: Եվ, ի վերջո, մարմնի ամենաթաքուն անկյունները, որտեղ պարտակում են գողոնը: Ամենազարմանալի, գուցե զայրացուցիչ. օրենքը պաշտպանողն անձամբ է գողանում:

akantesԷդդա Պետրոսյան, 27 տարեկան, մեր ամենաաշխատասեր ականատեսը

– Ես աշխատում եմ Ֆրեշ սուպերմարկետում` որպես մենեջեր: Իմ աշխատանքային պրակտիկայում շատ գողությունների եմ ականատես եղել, երբ մարդիկ հայտնվում են շատ անհեթեթ վիճակում: Մի դեպք կա, որ ես ինքս էլ եմ նկարահանված կադրերը տեսել, երբ մի կին խանութով շրջում էր, բացել էր պայուսակը և նույն առևտուրը, որ կարող էր զամբյուղով անել, լցնում էր իր պայուսակի մեջ: Վերջում վերցրեց էժանագին մի ապրանք և որոշեց դուրս գալ: Բնականաբար, նա խանութից չհեռացավ, որովհետև մեր Անվտանգությունը հայտնաբերեց այդ ամենը, և այդ կինը հայտնվեց շատ անհարմար իրադրության մեջ:

3– Կան շատ դեպքեր, երբ գալիս են պրոֆեսիոնալ գողեր: Հիմնականում դրամարկղերում են նման գողությունները լինում: Գտնում են նոր աշխատող գանձապահի և, կարծես, հիպնոսացնում են նրան: Օրինակ` առևտուր են կատարում, հանում են մեծ գումարը, ասենք, 50 հազար դրամանոց են ցույց տալիս: Էնպիսի իրավիճակ են ստեղծում, որ մանր ստանալիս նրանք պարզապես այդ 50 հազարանոցը չեն տալիս: Մենք էդ ամենը նկարահանած ունենք, ու եղել է նման դեպք: Էդ երկու կանայք միայն մեզ մոտ չէին, նրանք ամբողջ Երևանով շրջեցին և լիքը գողություններ կատարեցին:

2– Կա հիվանդություն, մարդը գալիս է խանութ, ինքը ոչ մի բանի կարիք չունի, բայց գողություն ա անում: Ապահովված լինելով ֆինանսապես, բայց ունենալով ադրենալինի կարիքը` գողանում են ապրանքներ: Էդպիսի դեպքեր եղել են, որ շատ լավ հագնված տիկին մտել է խանութ և գողություն է արել: Չէր կարելի ասել, որ ինքը գող է, ուղղակի կարիք ուներ գողություն անելու:

vostikan– Ծիծաղելի իրավիճակ է, երբ ոստիկանը մտնում է խանութ և խախտում է օրենքը: Ինձ համար դրանից ավելի զավեշտալի դեպք չկա: Լինում են դեպքեր, երբ մարդիկ վատ օրինակ են ծառայում իրենց երեխաներին: Գողություն անել են սովորեցնում: Հատկապես կանանց հետ կապված գողությունները տնտեսական բաժնում են լինում, որտեղ կանանց խնամքի, հիգիենայի պարագաներն են: Շատ գայթակղվում են նրանք: Եղել ա մի աղջիկ, որ վերցրել ա զուգագուլպաներ, փորձել ա գողանալ: Բայց դա նրա մոտ չի ստացվել:

– Եղել են տղամարդիկ, որ գողոնը թաքցրել են անդրավարտիքի գրպաններում, կամ որտեղ որ ավելի հարմար է պահել: Եթե ցուրտ է, տաք հագուստի թևերի արանքում են պահում` գարեջուր, օղի, երշիկ էլ են գողանում: Մարդուն երբ հանվացնում ենք, ինչ ասես դուրս չի գալիս նրանց վրայից, էլ երշիկ, էլ բաստուրմա, կոնյակ…

41– Չեն էլ կասկածում, որ իրենց հետևում են, նկարահանում են, գալիս է, ուզում է դուրս գալ, մեր Անվտանգության աշխատակիցը մոտենում է, մի կողմ է հրավիրում: Ամեն ինչ ուսումնասիրում են, էդ մարդիկ շատ տխուր վիճակում են հայտնվում: Իրենք ուղղակի շոկ են ապրում: Օրինազանց հաճախորդներին խորհուրդ կտամ հատկապես սուպերմարկետներում զգուշանալ գողություն անելուց: Թե ներսը, թե դրսի շրջակայքը նկարահանվում է, ամենայն ուշադրությամբ վերահսկվում: Եթե չեն ուզում աշխարհով մեկ խայտառակ լինել, պարզապես թող չանեն գողություն, այլապես նրանց մասին բոլորը կիմանան, կհայտնվեն Ականատես հաղորդման մեջ:

ԻՆՉ ԱՆԵԼ

Մի գողացիր, ուրիշի սեփականության վրա աչք մի դիր, այս պատվիրանը վաղուց դարձել է ընդամենը գեղեցիկ արտահայտություն: Այժմ մարդիկ ապրում են գուցե ավելի դաժան, ոչ թե աշխարհի, այլ վայրի բնության կանոններով` աչքդ թեքեցիր, ունեցածիդ տերը չես: Ինչպես ունեցածդ ձեռքիդ մեջ պահես և պատժես անսպասելի կողոպտիչներին:

  1. Կողոպտիչների աչքից չեն վրիպում ոչ միայն մեծ սուպերմարկետները, այլև մանր վաճառասրահները: Անկախ վաճառակետի մակերեսից և մարդկանց վստահելու ձեր սովորությունից , զինվեք տեսախցիկներով:
  2. Խանութի այցելուներից պահանջեք խանութի պահարանում թողնել իրենց իրերը:
  3. Օրենքը չի պարտադրում պահարանում թողնել նաև պայուսակները, բայց եթե դա պահանջում է խանութի կանոնակարգը, ապա քաղաքացին պարտավոր է համաձայնվել, միայն խանութն էլ իր հերթին պատասխանատվություն է կրում անձնական իրերի անվտանգության համար:
  4. Պոտենցիալ կողոպտիչները միանգամից աչքի են ընկնում տարօրինակ վարքով: Ուշադիր եղեք այն հաճախորդների նկատմամբ, ովքեր երկար շրջում են խանութում և զննում վաճառվող ապրանքը: Իրականում նրանք հարմար պահ են փնտրում:
  5. Եթե բաժինը հսկող աշխատակիցը նկատել է տարօրինակ հաճախորդի, պետք չէ միանգամից աղմուկ բարձրացնել, զգուշացրեք անվտանգության պատասխանատուին և միասին կրկնապատկեք հսկողությունը:
  6. Հարցը կարող եք լուծել ինքնուրույն` պահանջելով կողոպտիչից բացատրագիր և գումարային փոխհատուցում` կախված գողոնի արժեքից:
  7. Եթե կողոպտիչը հրաժարվում է դա անել, ապա զանգահարեք ոստիկանության մոտակա բաժանմունք:

Մեկնաբանությունները փակ են: