ԹՈՂԱՐԿՈՒՄ 37-ՐԴ. ԻԳՈՐԻ ՀՈԳՍԵՐԸ

logo4Նրա մանկությունն անցել է դաժան, պատանեկությունը` արկածներով ու ողբերգական դրվագներով: Իրական պատմության ականատեսը հերոս է, որ հաղթահարում է անհաղթահարելին: Խնամում է 3 անչափահաս երեխաներին: Ապրում է հավաբնում, ունի շատ բանի կարիք, բայց ընդամենը մեկ ցանկություն ունի: Նա հաղթահարել է մութն ու ցուրտը, սոված ու անպաշտպան օրերը: Նա ներել է, բայց չի մոռացել:

igorԻգոր Ղահրամանյան, 31 տարեկան, մեր երբեք չհուսալքվող ականատեսը

– Երբ աչքերս բացեցի, հասկացա, որ մանկատանն եմ: Ավարտեցի դպրոցը, շինարարական քոլեջ ընդունվեցի: Առանց որևէ փաստաթղթի մեր տնօրենը մեզ բաց թողեց փողոցները: Ինձ ասում էր` մնա մանկատանը, ես չէի մնում, ասում էի` ոչ: Էնքան պնդեցի, ինձ բաց թողեց: Ծննդական ձեռք բերեցի, որ կարողանայի անձնագիր ունենայի: Էդ ընթացքում ինձ տարան բանակ, պատերազմ էր, երկրաշարժ:

– Եկա բանակից, գնացի հանրակացարանը, որտեղ մինչև գնալս բնակվում էի: Տեսա, տվել են մի կնոջ` փոքր երեխաների հետ: Ասեցի` լավ, ես մենակ տղա եմ, գլխիս ճարը կտեսնեմ: Էդ ընթացքում ապրում էի շքամուտքերում, քնում էի` որտեղ ասես: Ինձ անընդհատ տանում էին, ծեծում էին` ով ես, ինչ ես: Չէին հավատում: Միշտ բացատրել եմ, որ բանակից եկել եմ էս-էս վիճակն ա, չէին հավատում: Ասում էին`քո տեսքից չի երեևում. դու հանցագործ ես,տնից փախած: Անընդհատ ծեծում էին, ճնշում: Բայց ես չէի ընկճվում, ասում էի` պիտի դիմակայեմ: Մի գեղեցիկ օր որոշեցի` գնամ, հանձնվեմ: Երկու տարի փողոցներում քիչ չի:

photo13-Աշխատում էի: գումարից չէի նեղվում: Սոված չէի մնում, իմ խնդիրը ծածկն էր: Մի օր որոշեցի գնալ վարչություն: Եվ ականատես եղա, հիմա չեք հավատա… Ինձ դրեցին խենթի տեղ: Մեկն էլ ատրճանակը հանեց, ուզում էր գլխիս հարվածեր, ասեց` գնա, այ գիժ, ոչ մեկ իր կամքով չի գալիս էստեղ: Ես էլ ասեցի` չկա մի չբացահայտված գործ, տվեք, գոնե կռավաթիս հարցը կլուծեմ:

– Ընկերներիցս մեկն ինձ մի ցախանոցի տեղ ասաց, պահակն էլ էնքան բարի գտնվեց, որ բանալին տվեց: Էդ երկու տարիները փոխանակ ինձ օգնելու, անընդհատ դրդում էին, որ ես անեմ հանցագործություն: Բայց իմ մեջ միշտ ուժ էի գտնում:

photo23– Միշտ տարբեր սպորտաձևերով եմ զբաղվել: Ասֆալտի վրա ֆուտբոլ խաղալուց էս ծնոտիս հատվածում կոտրվածք էի ստացել: Հեռուստացույցով տեսա, որ բաց դռների օր ա, որոշեցի գնամ, ստուգվեմ: Մի հատ Ռաֆ նստեցի, որ հասնեմ հիվանդանոց: Այնինչ, ճանապարհին բռնեցին, ինչ-որ ալյումին էին գողացել, բայց ես կապ չունեի: Բայց էլի չնստացրին:

– Փառք Աստծո, էսօր ունեմ իմ ընտանիքը, երեխեքը: Էդ ամեն ինչի միջից դուրս եկա առանց դատվածության: Եթե օտարության մեջ լինեի, գոնե ինձ բնակարան կտային, թեկուզ ստրուկի տեղ պահեին, բայց էս երկրում էդ էլ չեն անում: Ականատես ես լինում ոչ թե լավի, այլ միայն վատի: Խնդրում էի, դռներ էի ծեծում, գնայի մեկի այգում մշակ աշխատեի, մի մահճակալ տային: Չէին հավատում, գողի տեղ էին դնում:

photo33– Հիմա ապրում եմ երկու երեխաներիս հետ` միայնակ: Տան մեջ էլ եմ գումար աշխատում, տեխնիկա էլ եմ հավաքում, մեկը փչացած մի բան ա բերում, մեկի աթոռը, մեկի սեղանը, մեկի բջջային հեռախոսը: Ճիշտն ասած, էդ տույժը ինձ տվեց եկեղեցին: Եկեղեցի էի գնում, որ գոնե էնտեղ ոստիկաններ չէին լինի, բայց վատը, որ էնտեղ էլ յոթին դռները փակում էին: Եթե դուրսը լինեի, հաստատ, երկու ամսից տեղ կգտնեի, բայց այստեղ երեք տարում տեղ չկարողացա գտնել:

ԻՆՉ ԱՆԵԼ

Այն, որ ծնվել ես, կաս ու իրավունք ունես ապրելու, որքան էլ զավեշտալի է, որոշում է ոչ միայն Աստված: Երկրային օրենքը իրականում կարող է դադարեցնել կամ արհամարհել ցանկացած գոյություն, եթե այն ամրագրված չէ փաստաթղթով: Ինչ անել, եթե մարդիկ քեզ տեսնում են, ապրում քո կողքին, բայց արհամարհում գոյությունդ:

    1.Հասարակության մեջ լիիրավ տեղ զբաղեցնելու, ապրուստի միջոց հայթայթելու և նույնիսկ սեփական երեխայիդ ծնողը կոչվելու իրավունք ունես, եթե ունես ծննդյան փաստը հաստատող վկայական:

    2.Եթե մեծացել ես մանկատանը և փաստաթղթերը բացակայում են, անհրաժեշտ է դիմել մանկատան տնօրինությանը: Ըստ օրենքի` մանկատան տնօրենը իրավունք չունի իր խնամակալության տակ առնելու որևէ երեխայի` առանց ծննդյան վկայականի:

    3.Եթե այդ վկայականը բացակայում է, մանկատունը պարտավոր է այն ձեռք բերել և փաստաթղթով ամրագրել երեխայի ծննդյան փաստը:

    4.Եթե չի հաջողվում ծննդյան փաստն ապացուցող թուղթը ձեռք բերել մանկատանը, ապա դիմեք Արդարադատության նախարարություն, որտեղ ծնվել եք: Նրանք կարող են ձեր ծնունդն ապացուցող փաստաթուղթ տրամադրել:

    5.Ձեռքի տակ ունենալով ծննդյան փաստը հաստատող թուղթը կամ մանկատան վկայությունը ձեր` այնտեղ հայտնվելու և բնակվելու մասին, դիմեք դատարան:

    6.Քաղաքացիական հարցերի դատարանը դիմող կողմին չի կարող տրամադրել անվճար իրավաբանական ծառայություն: Դիմեք իրավաբանական մասնավոր ծառայություն: Եթե չունեք հնարավորություն, անհրաժեշտ ապացույցները ստիպված եք հայթայթել ինքնուրույն:

    7.Եթե հաշվի առնելով դիմող կողմի սոցիալական դրությունը` պետությունը նրան չի ազատել տուրքից, ապա անհրաժեշտ է վճարել պետական տուրք` 3000 դրամի սահմանում:

    8.Եթե կա ծնունդը հաստատող որևէ ապացույց, ապա դիմումը ներկայացնելուց և տուրքերը վճարելուց հետո դատարանի որոշմամբ, քաղաքացին կարող է ստանալ անձնագիր:

Մեկնաբանությունները փակ են: