ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔ` ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳ. ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ. 11-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Ա.Ա. – Մարդիկ, երևույթներ և իրադարձություններ, առանց որոնց դժվար է պատկերացնել կյանքը, ավելի դժվար հասկանալ այն: Հենց այսպես էր սկսում իր ծրահիրը ռուս, թերևս ամենահայտնի հեռուստալրագրող Լեոնիդ Պարֆիոնովը, որի Նամեդնի հաղորդումը իսկական հեռուստաբլոկ բաստեր էր, այն մեկ մեկ շնչով նայում էիր ու սպասում նորին: Ըստ էության Պարֆիոնովը ոգեշնչեց շատերին և, ըստ էության, մեզ, երբ մի քանի տարի առաջ ստեղծվեց Բանաձև ստեղծագործական խումբը, որն այսօր դարձել է առանձին արտադրող ընկերություն: Պարֆիոնովը նոր էր մապտուցման, ոճի ու նույնիսկ բառապաշարի մեջ, այն նման էր ամերիկյան հեռուստալրագրությանը` տեխնիկական ու պարկետինգային իմաստով, բայց տարբեր էր բովանդակությամբ, այն խորն էր: Ու այսօր, նույնիսկ խիստ գրաքննության պայմաններում, ռուսական լրագրությունը, ինչպես բալետը, ունի դպրոց, խորություն և ավանդույթներ: Նոր հազարամյակում ռուսական հեռուստալրագրության դեմքը Պարֆիոնովն է: Այսօր մենք շարունակում ենք Սանկտ Պետերբուրգի մասին Հատուկ ռեպորտաժի երկրորդ`եզրափակիչ մասը, որի գլխավոր հերոսներից մեկը հենց նա է: Արժեր Պետերբուրգ գործուղել լրագրողների, ում վիճակվեց տեսնել Պարֆիոնովին, լսել նրան: Հեռուստալրոգրող, որին փակեցին, եթերազրկեցին, բայց չկարողացան զսպել նրա ազատությունը հենց միայն այն պատճառով, որ պրոֆեսիոնալիզմի գրավականը ազատությունն է: Իսկ աշխատանքը պրոֆեսիոնալին անզվախ չի թողնի: Այսօր այդ մեծ ազատությունը կրող լրագրողին ենք վերապահում մեր հեռուստալսարանին ողջունելու և ռեպորտաժը սկսելու պատիվը:

Լեոնիդ Պարֆիոնով- Ողջույններ Բանաձեւ ծրագրին: Ստացվե՞ց:

Նա, ում մասին ասում էին՝ հեղափոխեց ռուսական հեռուստահոգին, ռուս ամենահայտնի հեռուստալրագրողն է, այն դեպքում, երբ 8 տարի հեռուստատեսությունում չէ:

Լեոնիդ Պարֆիոնով- Նա դեռ չի կարողանում: Օ~յ, կներես, ես չէի կարծում…: Տեսնո՞ւմ եք, ասում էի, որ երկար եմ խոսում, Եգորը հոգնեց:

Լեոնիդ Պարֆյոնովին փակել հնարավոր չէ: Իրեն բնորոշ վարպետությամբ, նա հեռուստադիտողից ընթերցող կստանա, դիտարժան լինելուց բացի կլինի նաեւ ընթերնելի, չկա որեւէ մեկը, ով կկարողանա սանձել Պարֆյոնովի մասնագիտական կրքերը, որոնց ակադեմիական ակունքում Պետերբուրգն է: Այստեղ է սովորել, ձեւավորվել: Այդ պատճառով, այս քաղաքի մասին դեռ ռեպորտաժը չի արել: Ասում է՝ Պիտերը շատ բազմաշերտ է:

Լեոնիդ Պարֆիոնով- Կա 20-րդ դարասկզբի հրաշալի ռուսական մոդերնի Պիտեր, որը զգալիորեն կապիտալիստական է եւ ոչ միապետական: Գոյություն ունի սովետական Պիտեր, կա խորհրդային անդերգրաունդային, ռուսական ռոքի, կա հազարավոր Պետերբուրգի տեսակներ:

Երեւանյան հայացք՝ ռուսական մայրաքաղաքին, որտեղ աշխատանքն ու գործազրկությունը, տարբեր լինելով՝ մոտ են: Հենց Պարֆյոնովը. գործազուրկ հեռուստալրագրող է, բայց զբաղված հեղինակ այսօր այստեղ է՝ ազատագրված քաղաքում, որն ունի իր չգրված բարիկադները, ուր մարդիկ ազատ են մտածում, բայց դժվարությամբ՝ տեղաշարժվում: Պետերբուրգում աշխատանքն ու ազատությունը, իրենց երկակի կամ երկսայր իրականությամբ ստեղծում են այն, ինչ իտալացի մի զբոսաշրջիկ իր բլոգում գրեց.
Հակադրությունների քաղաքը

Երգում են օտարության մասին
-Բարեւ ձեզ, կարելի է:
-Մտեք:

Խոպանչիները

Այս մարդկանց՝ աշխատելու մեծ ցանկությունն է Պետերբուգ հասցրել: Հայրենի գյուղում նրանց խոպանչի են ասում ու սպասում փոխհատուցում հայրենի օջախը լքելու դիմաց, տոներին՝ ծանրոցներ եւ հատկապես ուշադրություն, երբ սարսուռ կարտոֆիլը պահ է տրվում հողին: Գավառից հեռու միեւնույն է նրանք պիտի մասնակցեն տունը պահող հիմնական սննդամթերքի աճի եւ զարգացման բոլոր փուլերին:

-Քանի տարի այստեղ ե՞ք
-հինգ
-Ինչով եք զբաղվում
-Շինարարությամբ
-Շատ շենքեր եք պատաստե՞լ
-Հա, որ անցնում ենք տեսնում ենք:

Թե քանի հայ խոպանչի կա Պետերբուգում, վիճակագրությունն ամոթխած լռում է: Գավառցու թասիբը թույլ չի տալիս առանց ֆինանսական հաղթանակի տուն դառնալ: Միգուցե այդ պատճառով էլ դեռ հեռու է տունդարձի ճանապարհը:

-Ներս արի, հյուր ունենք:
-Եկեք-եկեք
-Վայ եկեք / նորից հյուր/

Նրանք սովորաբար սկզբում մեկ տոմս են գնում: Իսկ երբ օրվա հացի գումարից ավելին են վաստակում, տոմս են գնում նաեւ ընտանիքի մյուս անդամների համար:

Խոպանչի- Էստեղ գալը ոչ ոքին էլ հաճելի չէ: Մշտական չէ, պիտի անընդհատ հետաքրքրվես, եթե լավ գործ չգտնես, վատ է: Հենց հիմա էլ ուզում ենք գնալ: 45 տարեկան տղա եմ, նոր պիտի տունս սարքեմ: +Էն ա, որ երեխեքին հացի փող ենք ուղարկում:

Հայաստանյան վարչատարածքային բաժանումը խոպանում էլ չի խախտվում: Ներէթնիկ հանրություննները փնտրում եւ գտնում են միմյանց: Այդպես ավելի ապահով է, իսկ կենացներն ավելի քաղցր:

/ օղի է լցնում/
-հլը կխոսանք, եկեք խմենք
-Հայաստանում մեզ սպասողների կենացը, մեր քույրերը, ախպերները, եկեք խմենք:
-Խանդում է կինս, նկար ենք տանում, գիտեն թե սաղ սեզոնը էստեղ քեֆ ենք անում:

/ երեխաների նկարները գրպանից հանելով /
-Մասնակցում ե՞ք մշակութային կյանքին:
-Շատ քիչ, էստեղ առաջին անգամ գնացինք էրմիտաժ, 5 տարի անց. էն էլ հյուր ունեինք դրա համար:
– Մեկ ա մեր խոսքը տեղ չի հասնում, մեր հայրենիք չի հասնում: անասնապահական երկիր է, գոնե էդպես ընդառաջեն: Ով է տիրություն անում մեզ:

/ բաժակ է կոտրվում… / նկարեք, էդ երջանկության նշան է…

Չարը խափանվեց: Բդոյանները հաջողակ են: Նրանք սեփական գործ ունեն, զավակները կրթված են, ամուսնացած, իլրումն էլ այդ ամենի` առաջնեկ թոռն էլ տղա ծնվեց:

Խաչատուր Բդոյան- Մեզ մոտ կա մի ափսոսաքն, որ այս ամենը մեր հայրենիքում չի եղել:

Ընտանիքը Պետերբուգ է տեղափոխվել Հայաստանի համար դժվար օրերին: Եվ չնայած հայրենիքում սպասում է հարմարավետ էլիտար բնակարանը, Բդոյանը չի շտապում: Այս քաղաքում նա կայացել է` իր սեփական Ամրոցն ունի, ուր նույնիսկ Անթալիայի շեյխերն են հյուրընկալվում: Շեյխերն այստեղ ստիպված են բավարարվել ձեռք սեղմումով: Հայկական ամրոցը շեյխական համբույրներ չի հանդուրժում:

Խաչատուր Բդոյան / մեծահարուստ /- Հին ունիվերսամ էր, նախագիծը սկսեցինք անել, եւ ես ասեցի, որ կուզեմ Ամրոցի նման լինի: Ճարտարապետը դեմ էր, ասում էր Պետերբուգի կանոններով չէ, ես հաղթող դարձա:

/ Հայկական գյուղ / – Հազար բարով եք եկել, առաջ եկեք, մեր օջախը ձեզ փեշ քեշ լինի:

Մարտուն Մարտունյանի օջախն իր ամրոցն է: Հայկական հնարամտությունն է այս ճահիճների վրա բարձրացրել նրա ծուխը: Փայտաշեն այս տնակը մինիմալիստական ոճի ցուցադրություն է ռուսական բաց երկնքի տակ:

Մարտուն Մարտունյան -Չեմ էլ ուզում երեսպատեմ, փայտ ա, հոտը բնական է, նատուրալնի, մաքուր ա էստեղ, շնչելլը ազատ…

Օրը 15 ժամ աշխատավայրում է անցկացնում: 8 տարի առաջ երեխաներին լավ կրթություն տալու եւ ենթադրյալ վատ շրաջպատից հեռու պահելու համար, հայրը ըտանիքին Վլադիկավկազից տեղափոխեց Ուլյանովկա գյուղ: Հիմա սիրտը հանգիստ է` տագնապները մնացին Ուլյանովկայից մի ամբողջ 50 կիլոմետրով հեռու:

Գերմանական ոճով

Եթե պետերբուրգյան հայկական օջախում հյուրերին ընդունում են տոլմայով եւ խորովածով, ապա արմատական պետերբուրգյան ընտանքում թեյ են լցնում եւ առաջարկում դասական երաժշտություն վայելել` հաճախակի համեմելով այն աշխարհի ու դրա կործանման մասին պատմություններով:

-Ի վերջո ինչն ես ընտրելու կարիերան, թե? ընտանիքը
-Ամբողջ կյանքը մի տեղ է գնում`
-Ուր
-Հավերժական հանգստի:

Մինչեւ հավերժական հանգիստ` ռուս մուժիկը օրը գոնե մեկ անգամ բաղնիք է գնում: Համալսարանի պրոռեկտորն ունի իր սեփականը, պատրաստել է պապենական նախագծով եւ ֆիննական մոտիվներով:

Ռուս տղամարդ- Հավանաբար, ամեն ինչ սկսվել է այն հանգամանքից, որ , անընդհատ ապրել են մեկուսացված, խմբերով, եւ ամեն մեկը պետք է ինքն իր կյանքն ապահովեր: Դա կյանքի շարունակության տեխնոլոգիան էր:

Պետերբուրգցին մոսկվացուց տարբերվում է իր ընդգծված պահպանողականությամբ: Գիշերային ակումբների փոխարեն, նրանք նախապատվությունը տալիս են, ասենք, սունկ հավաքելուն: Այստեղ նույնիսկ ընտանիքի կազմն է ուրիշ: Պետերբուրգում ծնելիության անկումից երբեք չեն բողոքել: Հայերն այս գործում նույնպես իրենց լուրջ ներդրումն ունեն` խոստովանում է Դեմինդենտո Ալեքսանդրովիչը:

Դեմինդենկո Ալեքսանդրովիչ / Պետական համալսարանի պրոռեկտոր/- Մեզ մոտ ընտանեկան արժեքներն այլ են: Դրանք ավելի կարեւր են եւ ավելի երկար պատմություն ունեն: Չնայած Մոսկվայի համամատությամբ, Պետերբուգի կարճ պատմության:

Սկինհեդները

Սա եզակի խոստովանություն է` ռուս ազգայնամոլները հայ լրագրողին հարցազրույց են տվել առաջին եւ դեռեւս միակ անգամ: Նրանց շարքերում կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ` թեեւ դա ոչ ոք չի խոստովանում: Ռուսական նախագահական ընտրություններից հետո սկինհեդները Պետերբուրգում ավելի հազվադեպ են իրենց զգացնել տալիս: Սակայն ագրեսիվության նոպան ամեն վայրկյան կարող Է բռնկվել, ուստի հայ երիտասարդներն իրավունք չունեն թուլացնել զգոնությունը:

Հայ երիտասարդ- Անհասկանալկի քաղաք է` մի օր կարող է քեզ չսիրել, մի օր զվարթ, մի օր կարմիր, մի օր սեւ: Կոնտրաստային քաղաք է` զվարճանքից մինչեւ….ունիկալ քաղաքներից է:

Երբ իջնում է գիշերը, ժամանցային Պետերբուգի դռները փակվում են սեւերի առաջ: Սեւերը` սեւամորթները չեն: Սեւերը` սեւահերներն են` Մեծ Կովկասյանի հարավային լանջից: Այս անհանդուրժողականության արանքում տուժել են նաեւ Բուշը, Տիկին Ռայսը. Սահակաշվիլին: Եթե թխադեմ Ռայսին կարելի էր շփոթել կովկասցու հետ, ապա Բուշի եւ Սահակաշվիլու պարագան իսկապես մեկնաբանության կարոտ է:

Խաղացող- Գիշեր է, մաֆիան անցնում է….

Մաֆիան անմահ է: Պետերբուգի հայ քաղաքացիները դրա մեջ ներքաշվում են միայն շաբաթ-կիրակի օրերին: Մաֆիոզության յուրօրինակ այս դրսեւորումը հայ երիտասարդենրին շատ հաճախ է պարգեւում հաղթանակի բերկրանք: Սակայն նրանք լավ գիտեն, որ իրական հաղթանակի համար այլ ջանքեր են պահանջվում:

Հայ երիտասարդ- Հիմնականը մեր հայ համաայնքը պասիվ չլինի: Ռուս համաայնքը էդպես չէ: Ուզում ես մի բան անել, հայ համայնքի կարիքն ունես, լրիվ չի կազմավորվել, չնայած 300 տարի էստեղ ենք:

Մեր այն վարորդները, ովքեր տրտնջում են երեւանյան խցանումներից, հաստատ չեն տեսել Պետերբուրգյան խցանումները: Նոր ճանապարհներ հիմնելը մեծ քաղաքների գայթակղությունն է, ուստի նրա քաղաքացիներից նոր հազարամյակը մշտապես պահանջում է ճկունություն. Ով ոնց կարող է, միայն թե առաջ:

Մոտոցիկլիստ- Մեր քաղաքը ծանրաբեռնված է մեքենաներով,եւ ամենաօպտիմալ տարբերակը փոքրածավալ փոխադրամիջոցն է, եւ հենց սա լավ է ծառայում:

Արարատ

Աշխատավարձի օրերին հայկական պրոլետարիատն Արարատում է: Այստեղ կարելի է երաժշտություն վայելել, նաեւ՝ ծանոթանալ շիկահարեների հետ: Տղաները պնդում են` միայն պարելու նպատակով:

Սամվելի ռեստորանում- /Էս ծառերն էլ խորհրդանշում է, որ 7 ախպեր են եղել, 3 քույր/

Ռուսաստանի ամենամեծ հայկական թաղամասի Դոն Կարլեոնը` Սամվել Մովսիսյանը պատին Էջմիածնի իր տունն է քանդակել, որ կարոտը մի քիչ սփոփի, իսկ ՎՍԵՎՈԼՈՎԺԿԻ ողջ տարածքում Արմյանսկի պերեուլկ անունն է փակցրել` տարածքը հռչակելով հայկական:: Հայերն իրենց չէին ների, որ սկզբի համար գոնե 14 հա տարածք չառանձնացնեին իրենց համար:

Սամվել Մովսիսյան- Դեպուտատներին ասեցի, որ ուզում եմ Արմյանսկի պիրիուլկ անեք: Գիտեին մենք մուսուլման ենք, բայց մեկն ասեց հիմար իրանք մուսուլման չեն: Ես ներկա էի: 60-ից 55 ասեցին հա, 5` ոչ: Էդ որոշումն ուղղարկեցին քաղաքի մեծին, ինքն էլ համաձայնեց:

Մեծահարուստ Մովսիսյանը պատրաստվում է էլիտար հեկտարներն ավելացնել: Թաղամասը կտրվել է Պետեբուգից կոմունիկացիոն առումով` լույս, ջուր, գազ` ամեն ինչ սեփական է:

Սամվել Մովսիսյան– Ալեքսի 2-րդ հետ լավ եմ, իրանց շատ եմ օգնում: Նկարներն ունեմ իրանց հետ:

Հայ եւ Ռուս բարձրագույն հոգեւոր առաջնորդների ձեռքով է օծված այս եկեղեցին: Սամվել Մովսիսյանը կարող էր Ռուս Պատրիարք Ալեքսի 2-րդից եւ հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդից ակնկալել մասնակցություն: Մովսիսյանի ֆոտոարխիվը դրա խոսուն վկան է: Նրա նկարներում են բոլորը: Նույնիսկ` նախագահ Մեդվեդեւի լիազոր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը:

Պուտինի մարդը

Նախկին զագսի շենքն է, այժմ Իլյա Կլեբանովի նստավայրը: Այստեղ հարսանեկան արարողությունների մասին միայն աստիճաններն են հիշեցնում: Հանդիսությունների դահլիճը վերածվել է նիստերի սրահի:

Զագսի աշխատակից- Այստեղ Ռուսաստանի Դաշնության նախագահն է իր տիկնոջ հետ գրանցել իրենց ամուսունությունը: Սա հարսանեկան արարողությունների պալատ էր, այստեղ օտարերկյա քաղաքացիներին էին գրանցվում հիմանականում:

Ռուսաստանի նախագահը վաղուց արդեն Պուտինը չէ, բայց Պետերբուգում Իլյա Կլեբանովին ներկայացնում են որպես Պուտինի մարդը Պետերբուգում:

Իլյա Կլեբանով- / Հյուսիս-արեւմտյան ֆեդերալ շրջանում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ /- Ես մի քիչ նախապատրաստվել եմ ձեզ հետ հանդիպմանը: Մենք հայտնաբերել ենք անվանական փաստաթղթեր, որը նախընտրելի պայմաններ էր շնորհում այստեղ ապաստան փնտրած հայերին` այսպես կոչված հայկական սփյուռքի համար: Առաջին այդպիսի հրամանագիրը Պետրոս Առաջինը ստորագրել էր 1710-ը թվականին՚ՙ, որը այստեղ բնակվող հայերին տալիս էր շատ մեծ առավելություններ:

Պետրոս Առաջինը չէր սիրում արտոնություններ շնորհել, դրանով թերեւս միայն հայ առեւտրականները կարող են հպարտանալ: Ժամանակի ընթացքում նրանք արդարացրին կայսեր մեծահոգությունը՝ տքնաջան աշխատանքով:

Իլյա Կլեբանով- Ես ներկա էի Երեւանում 2 նախագահների մամուլի ասուլիսին, որտեղ լրագրողներից մեկը հնչեցրեց հարցը` արդյոք հայ-ռուսկան հարաբերությունները կոնյուկրուրային չէն: Ինչին մեր նախագահը շատ հավասարակշիռ պատասխանեցՙ, որ եթե մեր հարաբերությունները 100-ամյակների այնպիսի պատմություն ունեն, որ չէին կարողանում այս ընթացքում կոնյուկտուրային լինել չէին կարող:

Պաշտոնական տվյալով Պետերբուրգում ընդամենը հիսուն հազար հայ է ապրում: Երեք հարյուրամյա հայկական համայնքը Պետերբուգում ունի երկու եկեղեցի, երկու դպրոց:

2+2

/ Հայկական դպրոցում / -Տարվա որ եղանակն է -Աշունը -Այոո, կարմրավուն…

Հայկական թեքումով հանրակրթական դպրոցը դեռ երկու տարեկան է, շուտով երրոդն էլ կկառուցվի: Ավելին` արդեն մի քանի դար Պետերբուրգի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետում հայագիտական ամբիոն եւ հայերենի հատուկ կուրսեր կան:

Լսարանում- Մենք սովորում ենք հայերեն…

Ոչ համալսարան, ոչ էլ հայկական թեքումով որեւէ այլ կրթօջախ, պարզապես հայ ընկերների շրջապատում եւ նրանց լեզուն հասկանալու նպատակով Իգորը որոշեց հայերեն սովորել:

-Բարեւ ձեզ, ոնց ե՞ք
-Լավ եմ, Ես մի քիչ խոսում եմ ռուսերեն

Չափազանցնում է, Իգորի մայրենին ռուսերենն է, գործընկերները` հայերը: Ինչպես ասում են որքան լեզու գիտես, ըստ Իգորի` այնքան բիզնես ունես:

Իգորի հայերնն այնքան էլ փայլուն չէ, որ հասկանա , թե ինչու է աղմկում հայ համայնքը: Հյուպատոսությունը, եկեղեցին փորձում են փոխարինել հայրենիքին, եւ ստացվում է այնպես, ինչպես հայրենիքում:

Պապիկ- Ռուկավոդստվա չկա, նաչալնիկներ ունենք: Կարենը, բայց ուր է՞ Տեր հայրը կա, բոլորը կան, Կարենը չկա:

Կարենը եկավ: Կարեն Մկրտչյանը հայ համայնքի ղեկավարներից մեկն է Պետերբուգում: Պետերբուգցիների համար անհասկանալի, սակայն մեզ համար օրինաչափ է այլեւս, որ հայերն այստեղ էլ չեն խախտել երկվության ավանդույթը. Երկու լեզու, երկու պետություն, երկու կաթողիկոս, երկու նախագահ եւ վերջապես մի առանձին քաղաքում համայնքի 2 ղեկավար:

Կարեն Մկրտչյան /Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար /- Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար.Մեր հայերը միշտ պահանջում են: Ինչքան էլ հայերի համար անես, մեկ է դժգոհ են:

Չեն վերադառնում: Ըստ վիճակագրության յուրաքանչյուր երկրորդ հայը մեկ անգամ Պետերբուրգ գալով, ընդմիշտ մնում է այս քաղաքում: Տեր Մուշեղը Վսեվոլովժսկի նորակառույց հայկական եկեղեցու սպասավորն է: Վարդանանց բնորոշ համառությամբ առակախոս Տեր հայրը պայքարում է անհանդուրժողականության դեմ:

Տեր Մուշեղ – Իհարկե կա ֆաշիստական երիտասարդութայն մեջ նման ուղղվածություն: Բայց Ես համայնքին ասում եմ, որ մենք պետք է հանդուրժողականություն ցուցաբերենք, մենք քրիստոնյա ենք, մեր պահվածքից է գալիս ռուս ժողովրդի վերաբերմունքը մեր նկատմամբ

Տեր Հայր- Հիմա ես բարձրանում եմ վերեւ, դուք ոչ, կանաց չի կարելի բարձրանալ սուրբ սեղան:

Տեր Հայրը իր հավատավոր հոտին ամեն օր սպասում է եկեղեցում, եթե հարկ լինի ինքն իր ոտքով հայի օջախ կմտնի` միայն թե իմաց տվե’ք:

Տեր Հայր- Ցավոք մեկ-մեկ պատահում է, որ դատարկ սենյակում եմ պատարագ անում: Կիրակի, որ հանգստյան օր է, ուշ են գալիս եկեղեցի:

Մեկ տարվա ընթացքում ընդամենը 10-ը մկրտություն եւ 10-ը հարսանիք: երեկոյան ժամերգությունը՝ հավատացյալ ժողովրդի կարոտ: Հեշտ չէ Տեր Հոր համար, հայ համայնքի կյանքը դժվար է կազմակերպվում:

Բայց դժվար է նաեւ պետերբուրգցիների համար՝ տոմսավաճառի, նկարչի, էսկուրսավարի, վարորդի: Կարճ օրերը, ցուրտ եղանակը, փոքր աշխատավարձն ու բարձր գները եւ դժվար կենցաղը՝ թվում էր սովորական են դարձնում այս քաղաքը՝ սովորական բարդ, անտանելի: Այդքանով հանդերձ, Պետերբուրգցին, անկեղծորեն սիրում է իր քաղաքը, որտեղ հակադրությունները ոչ թե միմյանց խանգարում են, այլ փոխլրացնում: Դա ռուսական ունիվերսալիզմն է՝ առանձին վերցրած մեկ համայնքում:

Ոչ ոք չգիտի ինչու, Պետերբուրգի տանիքները հարթ են ու հավասար: Մի շենքի տանիքից երեւում են բոլորը: Թվում է` այդպես չի կարող լինել, դա հակասական է, բայց վաղ առավոտյան, երբ քաղաքի տանիքներին առաջին ձյունն է իջնում` համոզվում ես` հակադրությունները կարելի է ճիշտ համադրել:

Եվ Համադրելով՝ Հակադրությունները, ապրել հարմոնիայի մեջ:
ԱրտակԱլեքսանյան – Դուք դիտում էիք Հատուկ ռեպորտաժը Սանկտ Պետերբուրգից: Այս քաղաքի մասին նույնիսկ երեք մասով էլ չես ավարտի պատմությունը; Մենք փորձեցինք ներկայացնել այն, ինչ տեսանք, լսեցինք, զարմացանք, երբեմն նաև զայրացանք: Թեմաների համագործակցության և առաջարկների համար մեզ կապվելու լավագույն տարբերակը էլեկտրոնային փոստն է, թողարկման տեքստային տարբերակը մեր կայքում, որտեղ կարող եք կարդալ, թե ինչի մասին է լինելու հատուկ ռեպորտաժը հաևորդ շաբաթ; Առողջ եղեք:

Մեկնաբանությունները փակ են: