ՀՆԱՐԱՄԻՏՆԵՐ. 12-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Արտակ Ալեքսանյան- Մարդիկ, երևույթներ ու դեպքեր` լրագրողական ինքնօրինակ տեսանկյունից: Բարի երեկո, Սա Հատուկ է ռեպորտաժն է: Դեկտեմբերին մենք ամփոփում ենք անցնող տարին ու որոշեցինք հանրագումարը սկսել հայկական հնարամտությունը ի մի բերելով: Ի սկզբանե, մենք ցանկանում էինք անել ռեպորտաժ գյուտերի ու հայտնագործությունների մասին, պարզվեց սակայն, որ Սերգեյ Մերգելյանից հետո` մեզ մոտ գյուտ, դասական իմաստով չի եղել: Արմենիկումը, չնայած մեր լավատեսությանը, դարձավ բալասան, բայց ոչ բավարար` ծանրակշիռ գյուտ համարվելու համար: Արտյոմ Լևոնյանն շտկում է` չկա գյուտ, կա հետազոտություն, դրանով են զբաղված քիմիկոսներն ու ֆիզիկոսները` համանուն ինստուտներում, որտեղ ստեղծվում է հայ ժամանակակից հիմնարար գիտությունը: Նանո-բջիջներից մինչև ժամանակի մոլեկուլյար ճշգրիտ չափում` 2008-ի ֆայլերում են:

Արտյոմ Լևոնյան – Էնշտեյնի գլխին խնձոր ընկավ, իսկ Մենդելեևը իր աղյուսակը տեսավ երազում` տեսիլքը դարձնելով գիտություն: Սրանք պատահականություններ են: Ավելի հաճախ գիտությունն ու դրա արդյունքը տարիների և նույնիսկ տասնամյակների ծանր աշխատանք է: Հայաստանում վեջին լուրջ գիտական հայտնագործությունը պատկանում է Մերգելյանին: Դրանից հետո գիտնականների խոսքով, հենց ինքը գիտությունն է փոխվել:

Արմեն Պապոյան- Հիմա այնպես չէ, որ ինչ-որ մեկը չգիտեմ ինչ անի ու իրա անունը թնդա ողջ աշխարհում, հիմա գիտնականները աշխատում են խմբերով մեկը մյուսին փոխանցելով:

Ցանկացած երկրում գիտական հետազոտություններով զբաղվում են ֆիզիկայի և քիմիայի ինստիտուտները` սրանք հիմնարար և հիմնական հաստատություններն են, որտեղ մարդկության առաջադեմ միտքն է մարզում:
Հայաստանի Ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտն այսօր տիրապետում է իր տեսակում եզակի բջիջների: Դրանք ստացվել են չափազանց նեղ տարածության մեջ և այնքան փոքր են, որ տեսանելի չեն անգամ զինված աչքին:

Վարիչ- Եթե հաշվենք, որ մազի հաստությունը 40 միկռոնա, ապա այ էս պատուհանիկների միջև հեռավորությունը ավելի փոքր ա

Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում այսօր վերափոխում են բարդ, մահկանացուների համար անհասկանալի ջրածնային համաձուլվածքները: Գիտության պատմությունն ապացուցել է` հայտնագործության համար անհրաժեշտ չէ գիտնական լինել: Այսօր այս սովորական շենքի նույնքան սովորական պատշգամբում, հավերժական շարժիչի համաշխարհային ջանքի հայկական փորձն է իրականացնել, ոչ այնքան գիտնական, որքան ճարտարապետ Վարդան Փենեսյանը:

Վարդան Փենեսյան- Համեցեք դուռը բացում է : Լուրջ ցուցադրման առաջին անգամ ա դրվում դրա համար սենց հարսի պես փաթաթել եմ :

Ի դեպ, աշխարհային հայտնի հայ գյուտարարների մեծ մասը, ինչպես Վարդանը, գիտնական չէին, բայց գիտական էնտուզիաստ էին:

Ֆրանիսայում` Մելքոն Պերյանը, հայտնագործել է վիրահատական նոր գործիք: Այն կոչվեց հեղինակի անունով Օփիաթ Պեյրան:

Բելգիայում`1928-ին Տիրան Սեֆերյանը բելգիայիում հնարեց մի դիտակ, որով հնարավոր էր դիտել անգամ 20 միլիմետր բարակությամբ մետաղական ձուլվածքի խորքը:

Ամերիկայում` գյուտարար Լևոն Գասպեճյանը մշակեց նոր մեթոդ, որը հնարավոր էր քարացնել` այսինքն, երկարացնել ցանկացած մեռած մարմին:

Հայաստան, 2008
Արտյոմ Լևոնյան- Լուրջ գիտական հետազոտության համար հարկավոր է լուռ, գրեթե ռոբինզոնյան մեկուսացում: Այդ է պատճառը, որ ինստիտուտ տանող ճանապարհի միակ կողմնորոշիչը այս ծառն է:

Ֆիզիկայի ինստիտուտի այս բջիջները 15 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն են: Բջիջներն այս պահին գնահատվում են 2500 եվրո, սակայն վաճառքի ենթակա չեն:

Լաբորատորիայի վարիչ- Այս բջիջները միայն մեր ինստիտուտում են ստանում, ոչ մի ուրիշ տեղ չեն կարող անել, որովհետև առնվազն 5-6 նոու-հաու կա, թե ինչպես սարքել:

Անտեսանելի և միկրոսկոպիկ այս գոյացությունները ըստ էության գիտական սարքեր են, որոնց կիրառությունը շատ շուտով հասու կարող է լինել նաև մեզ:

Լաբորատորիայի վարիչ- Էս բջիջներն են, որ մինիմիզացվում բերվում են նրան, որ, որ այս բջիջների օգնությամբ կարելի է շատ ճշգրիտ ժամանակի չափում իրականացվի:

Լազերային ճառագայթի և բջիջների փոխազդեցությունը զարմացրել էր անգամ գյուտարարներին: Հայտնագործությունը իր ետևից բերեց 6 նոր` գիտությանն առայժմ անծանոթ երևույթներ: Հեղինակները կռիվ ունեն բոլոր նրանց հետ, ովքեր ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ ինչ ասել է մագնիսական դաշտի չափում: Նրանք գործադրում են վերջին ճիգերը օրվա հացով տարվածներին վաղվա հացի հեռանկարը ցույց տալու համար:

Լաբորատորիայի վարիչ- Ենթադրենք մենք ասում ենք, որ կարող ենք ատոմային հաճախականությունը ճշգրիտ չափել, ուրիշը վերցնում ա օգտագործում ա մեկ ուրիշ սարքի մեջ և հերթականությամբ և վերջը գալիս ա նրան, որ հացը դառնում ա 180 դրամ:

Ահա և գների իջեցման պարզ մեխանիզմ` համաշխարհային ճգնաժամի ետնապատկերին: Ի դեպ, փողի մասին:

Աշխարհը գրաված, մտքերը մթագնող կանաչ դոլարի գյուտը, այսինքն ձևն ու կառուցվածքը հնարել է հայազգի Թովմասը: Նա առաջին զինվորն էր, ով ոտք դրեց Օհայո, հետո էլ բարեհաջող ղեկավարեց այն:

Փարիզում առաջին սրճարանը հիմնադրել է հայազգի Հարությունը` այն ժամանակվա արիտոկրատիայի համար: Նրա սրճարանը մինչ օրս Կոուրս փողոցի անկյունում հյուրասիրում է նրբաճաշակ ֆրանսիացիներին:

1894-ին հայ բժիշկ Տատրեանը ստացավ յուրահատուկ մածունի և օշարակի խառնուրդ, որը մեզ հայտնի է յոգուրտ անունով: Այն ուներ բժշկելու հատկություն: ԱՄՆ կառավարությունը վաճառքի մենաշնորհը հանձնեց հայազգի գյուտարարին:

Կիսախոնավ, կիսամութ, միջազգային չափանիշներին չհամապատասխանող ասյ միջանցքներում ճեմում է հայկական գիտական միտքը և չի բացառվում, որ հենց այստեղից հնչի մեր պատասխանը նավթատերերին: Այս ինստիտուտում այլընտրանքային էներգակիրների նախատիպեր են ստեղծվում:

Մեքենաներում կարելի է օգտագործել, որոնք աշխատում են ջրածնով, այսինքն այրում է ոչ թե բենզին, այլ ջրածին:

Մեր ստացած նյութերի առավելությունը նրանում է, որ ջրածինը շատ ցածր ջերմաստիճաններում է դուրս գալիս

Այստեղ ստացվում են նաև հատուկ նյութեր, որոնք կարող են պատնեշել ռադիացիոն ճառագայթումները:

Սուրեն Խառատյան – Ֆիզիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր- Վայրկյանների ընթացքում ստացվեց այն նյութը, որը մի քանիսից մինչև տասնյակ ժամերի ընթացքում կարելի էր ստանալ:

Անահիտ Ալեքսանյան, ավագ գիտաշխատող – Մեր լաբորատորիանա մշակել առաջին անգամ եվ հիմա ալտերնատիվը չկա աշխարհում :

Նախանձելի այս սարքերն ու նյութերը կարող էին ավելի ինտենսիվ ստեղծվել՝ եթե լիներ ինտենսիվ ֆինանսավորում:

Լեվոն Թավադյան, քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն – Ֆինանսավորման քանակը ավելի ք իչ է եվ պարզ է, որ բերում է ինտենսիվության անկման, բայց որակը չի իջնում:

Հայ գյուտարարներն, ի դեպ, հայտնի են հենց կյանքի և արդյունաբերության որակը բարձրացնելով:

Մելքոն Մարգարեանը 3 գյուտերի միջոցով հեղափոխել է երկաթուղու վագոնների անիվների շինությունը:

1905-ին Պողոս Նուբար փաշան հայտնաբերել է էլեկտրական գութանը: Գյուտի արդյունքում փաշան դարձավ երկրագործության նախարար:

1902-ին ԱՄՆ-ում Սեդրակ Մալարեանը ստեղծել է երկու մեխանիզմ` մեկը չամիչ չորացնելու, մյուսը` ծառերից պտուղներ քաղելու համար:

Գրեթե առասպելական, հավերժական շարժիչը բոլոր ժամանակների գիտնականների անկատար երազանքն է: Խորամանկություն` ահա թե ինչ էր պակասում աշխարհին հավերժական շարժիչին մի փոքր էլ մոտենալու համար:

Վարդան Փենեսյան- Խորամանկությունը նրանում ա, որ անընդհատ դրսի թեվանիվի վրա ավելի բարձր ջրի ճնշում ա ազդում քան այս կողմինի վրա

Այս սարքը, մինչև վերջ ոչ գիտական է, ոչ էլ հավերժական: Ուղղակի հնարամտության նորագույն դրսևորում է:

Վարդան Փենեսյան- Մարդիկ փորձում էին չէր պտտվում, հիմա մենք կփորձենք կտեսնենք կպտտվի:

Շարժիչը պտտցնելու համար պետք է լիցքավորել լողավազանը, կարգավորել լողանները:

Վարդան Փենեսյան- Հիմա մենք ջուրը կլցնենք այնտեղ, ջուրը կլցվի ջրային բակի մեջ եվ մեր սարքը կսկսվի պտտվել:

Ըստ գյուտարարի իրեն հավերժական շարժիչից հաշված քայլեր են բաժանում: Այսպես են կարծել այդ մասին խորհող բոլոր հավերժ ճամփորդները:

Վարդան Փենեսյան- Առաջին հայացքից թվում է վերջ ստացանք, ունենք հավերժական շարժիչ, բայց էտ տենց չի մենք իրան լիցքավորում ենք:

Ըստ գիտնականների, այսօր գիտությունը ոչ թե զարգանում է, այլ օպտիմալացվում` փոքրանում են չափսերը, մեծանում արագությունը: Ժամանակակից գիտական ռիթմում որքան համարժեք կլինի հայկական ինստիտուտների աշխատանքը, դժվար է ասել: Թեև ակնհայտ է` միտքը դժվար է զսպել: իսկ հայկական մտքի պոտենցիան`առավել ևս: Այն տարածվելու հակում ունի, երբեմն` անսպասելիորեն:
Որ հայերը հնարամիտ են, համաձայն չեն հոգեբանները, ասում են` մերոնք ճկուն են, խելացի: Հավանաբար դա է պատճառը, որ օրինակ, նույնիսկ ընտրախախտումների պատմության մեջ մենք ունենք մեր հետքը և տեխնոլոգիան` հայկական կարուսելը արտահանվեց նույնիսկ Վրաստան: Հիշում եք` նույն խումբը տարբեր տեղամասերում ընտրական հյուրախաղերի էր մեկնում: Ջրի հաշվիչը փոշեկուլով հետ տալը, մագնիսի օգնությամբ էլեկտրահաշվիչը կանգնեցնել` սրանք կենցաղային հնարամտություններ են, որ տեղի է ունենում ամեն պահ և ամեն օր` ավելի էժան ու հարմարավետ ապրելու համար: Ուղղակի մեկ խնդիր կա` ապօրինի է: Մանու Իրիցյանը փորձել է հայկական հնարամտությունը ֆիլտրել և հայթայթել է նրանց, ովքեր հնարամիտ են, օրինապաշտ, ավելին` գրագետ այնքան, որ այն ինչ հայտնագործել են, գրանցել են ու պատենտավորել:

Մանու Իրիցյան – Ներսես Ներսեսյանի այս գյուտից հետո ոչ ոք չի կարող պնդել, որ նարդին ինտելեկտուալ խաղ չէ: Երրորդն ավելորդ է, նարդու հիմնական սկզբունքն այլեւս ժամկետանց է: Եղեգնաձորցի էլեկտրիկի ջանքով հայերը եռագույնը պարտադրեցին նաեւ նարդուն: Եռանարդի, ահա նոր հազարամյակի հինավուրց խաղի մուտացիան:

Ներսես- Ես երեք երեխա ունեմ, երկուսը շաշկի էին խաղում, էն մեկը կանգնած կողքը խանդում էր, նախանձում: Սկզբից շաշկիի համար գծեցի էդ, սկսեցին շաշկի խաղալ: Երեքը դրանից առաջացավ:

Եռանարդին ավելի երկար ժամանակ կպահանջի հաղթանակը վիճարկողներից, դրա հաշվին, անկախ դիտորդների ինստիտուտն ավելի արագ կտեղաշարժվի պահեստայինների նստարանից դեպի խաղադաշտ:

Ներսես- Խաղացողների բնութագրմամբ, ոչինչ չի փոխվել, ընդամենը լարվածությունն է ավելացել, ժամանակն է երկարել: Մի քիչ էլ բարդացել է:
Այսինքն, կարճ ու երկար ձեւերը կան՞:
Զոհրաբ- Սա մարդու մոտ զարգացնում է մի քանի քայլ առաջ մտածելու ունակությունը: Սա խաղում են երեք հոգով, հաղթողը պետք է լինի մեկը: Սովորական նարդու մեջ զառը մեծ դեր է խաղում: Հաճախ խաղալ չիմացողը զառի շնորհիվ կարող է հաղթել: Բայց այստեղ զառն այնքան էլ դեր չի խաղում:

Եռանարդում, ինչպես կյանքում, չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան մշտական շահեր: Այստեղ երկուսը կարող են խաղալ երրորդի դեմ: Իսկ, երբ երրորդի դիրքերն ամրանան, արդեն թշնամի կդառնան նախկին բարեկամները:

Ներսես- Ցավոք, դա հայկական չի: Հայերը միշտ ծայրահեղական են, կամ այս ծայրահեղությանն են գնացել, կամ այն: Կամ շատ լավն են, կամ շատ վատը: Սկսենք տիրապետել քաղաքականությանը, մենք թերի ենք: Այս սա է խաղի հետաքրքրությունը:

Ներսես- Ի միջիայլոց տարեց խաղացողները մի քիչ դժվարանում են: Էս ինչա, էս ուր գցեցիք մեզ: Չենք խաղում: Իսկ երիտասարդներին ավելի է հրապուրում, միտքը ճկուն է:

Գյուտարարի էլեկտրիկ ընկերներն իրենց խիստ մասնագիտական գնահատականը տվեցին գյուտին` եռաֆազ նարդի: Նրանք իրենց գյուտարար կոլեգային խորհուրդ տվեցին շատ արագ փաթեթավորել գյուտը. եռաֆազի հետ խաղալ չի կարելի: Խաղն արդեն մտավոր ավելի բարձր լարում է պահանջում, եւ պետք է վերանայվի նրանց մարտավարությունը, ովքեր հաղթանակ են կորզում բախտի բերմամբ կամ զառ բռնելով:

Մեկ վատ լուր բնակարանային գողությունների պրոֆեսիոնալների համար: Նրանց մարտահրավեր է նետել քաղաքացի Ալբերտ Պողոսյանը: Գլանային կողպեքներ,- ահա նրա պատասխանը ուրիշի ունեցվածքին տիրելու գայթակղությանը:

Ալբերտ Պողոսյան- Կոտրելով բացել չեն կարող: կոմբինացիաները միլիոնավոր են: Որովհետեւ սա ամբողջ երկարությամբ եղած գլանային մեխանիզմները կապված դռների հաստությունից տարբեր երկարություններով են եւ ընտրվում է այնպես, որ ծայրերը հավասար դուրս լինեն պլանկաներից:

Փականների նոր մեխանիզմի առավելութունները նկատեցին նաեւ Ռուսաստանի գոսստանդարտում: Հայկական կոչվող փականն անցավ նույնիսկ Ֆէ Էս Բէ-ի փորձաքննությունը: Եզրակացությունը մեկն էր` գաղտնիության նորագույն կոմբիանցիաներն ապահովված են:

Ժնեւյան միջազգային փառատոնի ոսկե եւ արծաթե մեդալակիր այս կողպեքները եզակի են նաեւ կիրառական տեսանկյունից. բանալին կողպեքի մեջ պտույտներ է գործում ցանկացած դիրքում:

Ալբերտ Պողոսյան-Նայեք, փակեցինք, հանեցինք բանալին: Մեր էս բանալին ցանկացած ձեւով մտցնելուց հնարավոր է մտնի: Սենց ել մտցնեմ, ցանկացած ձեւով դիրքով կլինի:

Առաջին հայացքից լվացքի մեքենա հիշեցնող այս սարքը ոչ թե լվանում, այլ պատրաստում է սպասք, այս դեպքում սառցե սպասք: Սպասքի պատրաստման այս եղանակը նույնպես արտոնագրված է, որպես մտավոր սեփականություն:

Դավիթ Ավետիսյան- Շատ հեշտ եղանակով է աշխատում, միացնում է, բարդություն չկա: Բաժակն այս եղանակով երկու ժամվա ընթացքում է պատրաստվում:

Երկու ժամն անցավ, կարող ենք հանել:

Դավիթ Ավետիսյան Բաժակը երեսի մասում թաղանթ ունի, որը նշանակում է, որ օգտագործված չէ: Դնում ենք նախատեսված բռնակի մեջ:

Սառցե այս բաժակի կյանքը մոտավորապես այնքան է, որքան ծնունդը` մեկուկեսից երկու ժամ: Գարեջրի սիրահարները հաստատ կհասցնեն գոնե երկու շիշ խմել:

– Կարող ենք խմել՞

Էկոլոգիապես մաքուր, միայն H2O բաղադրությամբ սառցե այս բաժակի տեխնոլոգիան գաղտնի է պահվում: Գյուտարարն ինքն էլ իր սառցե թագավորությունում պատված Է գաղտնիության շղարշով: Առայժմ ոչ ոքի չի հաջողվել ճեղքել գյուտարարի լռության պատը:

Դավիթ Ավետիսյան-Գյուտարարն իմ ընկերն է, քաղաքից բացակայում է: Ես համաձայնվեցի

Գյուտարարի ընկերը վստահեցնում է, որ սառցե գյուտը բավականին մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում, Լիբանանում, Հայաստանում էլ` սաունաների տիրույթում: Պահանջարկի համեմատ` գինն այնքան էլ կպչուն չէ` ընդամենը 250 դրամ` առանց պլաստմասե բռնակի:

Գյուտերը ստեղծվում են կյանքի անհարմարություններից: Արտաշես Մովսիսյանին իր կյանքի առանձին դրվագները ստիպեցին գյուտարարությամբ հարթել վարագույրների հարուցած քմահաճույքները:

Արտաշես Մովսեսյան-Մտածեցի, որ հարմար կլինի, մի մեխանիկական բան հնարել, վատ տեսակն էր ստացվում, լավացրեցի,
Ձեռքով, որ քաշեք, մի քիչ պիտի տանջվեք, Ստեղ արդեն ուրիշ բանա: լայֆ
Էս շառերով հանգիստ կարելի է քաշել, լրիվ կամ պակաս: Շատ թեթեւ բանա:Դուք էլ փորձեք:

Այո, ի՞նչ կարիք կա օրվա տարբեր ժամերի ողջ հասակով կախվել վարագույրերից, երբ հնարավոր է ընդամենը ձեռքի մեկ հպումով հարթել վարագույրերի կնճիռները: Ամեն ինչ սկսվեց Չեխովի դպրոցից, երբ Արտաշեսը երեխաների համար կինո էր ցույց տալիս:

Արտաշես Մովսեսյան- Վարագույրները պետք էր բացել, փակել, դժվար էր, առաստաղը բարձր էր: Էնտեղ մեխանիկական արեցի, էլեկտրական, միացնում էինք, վարագուրները փակվում էին: Երեխաներին շատ հետաքրքրում էին: Դա 30 տարի առաջ էր: Քառասուն տարի է անցել:

Արտաշես Մովսիսյանը սահուն անցում կատարեց Կինոյից կյանք: Նրան մի քիչ խճճեցին, իհարկե, անհնազանդ հայկական թելերը, եւ ստիպեցին հայցաքն ուղղել դեպի հեռավոր Ռիգա: Գյուտի կծիկն այնտեղ էր, գաղափարը` Երեւանում:

Արտաշես Մովսեսյան -Հասարակ բան է, բացատրում է, ուժը պակասում է,

Գյուտն առաջինը փորձարկեցին տնեցիները, ավելին, այն հռչակեցին, որպես ընտանեկան բիզնես:

Նինել Մովսեսյան- Ստուգված է, որովհետեւ, աղջիկս 72 թվականին, աղջիկս մեկ, մեկուկես տարեկան էր, ասել էր, որ փչացնես, ես քեզ նվեր կտամ: Անվերջ ինքը քաշում էր, բացում, փակում էր: Չփչացավ: Բայց արտադրել դեռ չենք կարողանում կազմակերպել:

Վարագույր տեղաշարժելու հայկական սարքը խանութներում դեռ չի վաճառվում, ամանորյա տոներից հետո` գուցե: Վարագույրի խանութներից մի քանիսն արդեն գործնական առաջարկներ ունեն:

Արտաշես Մովսեսյան – Էժան է: Պլաստմասից է: Մի աման խաշն արժի 2500 դրամ, սա էլ երկու աման խաշ` 5000 է:

Թերեւս, մի առանձին` զուտ հայկական գյուտարարություն էլ խաշը որպես ապրանքի պայմանական միավոր ընդունելն է մասնավորապես, իսկ ընդհանրապես, հայերս ի ծնե գյուտարար ենք: Դրա համար պարտական ենք մեր ոչ այնքան ուրախ անցյալին եւ նրանից շատ քիչ հեռացած ներկային:
Եվ ի վերջո, ռեպորտաժ, որ թեմա է ցանկացած հումորային զրույցի: Մեր անունները: Թվում է` Նարեկն ու Աննա այս տարվա ամենապոպուլյար անուններն են: Իսկ որոնք են ամենատարօրինակ, զավեշտական, ինքնատիպ անունները` ուսումնասիրել է Արտակ Վարդանյանը, որ մինչև այժմ ձեռքից բաց չի թողնում և հիմա էլ ցանկանում է շարունակել նկարահանումները` Կանալիզացիա, Գրադ, Միլիցա, Նիսյա, Պրաստիտուտկա` ով կմտածեր, որ սրանք մարդկանց անուններ են: Մենք հասել են նույնիսկ Մարտունի, որ կնկարահանենք Մեծ ու փոքր Պալմաներին` նրանք տատիկ ու թոռնիկ են:

Արտակ Վարդանյան- Ծանոթացեք` Սնայպեր, եղբայրներ` Պայքար, Վրեժ, Ցասում, տիկին Պայլման, 73-ամյա Խնդրիչը, տիկին Միլիցան, պարոն Անպագույնն ու նրա սիրելի կին`Գարունը;
Օրիգինալ անձնանուններով այս մարդկանց գտնելու ամենաուղիղ ճանապարհը տանում է դեպի …զագս: Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնը անվանումների ոսկե գանձարան է;

– Այս պահին մենք զրուցում ենք Սնայպեր Դավթյանի հետ: Սնայպեր, ինչպես ձեզ կոչում են, այս անունը ձեզ օգնել է, թե խանգարել:

Սնայպեր Դավթյան – Օգնել է, չնայած սկզբում ծիծաղում էին:

Մի մեծ իրադարձությու կա թաքնված Սնայպերի անվան պատմության խորքում: Այդ պատմությանը խառնված է ոչ այլ ոք, քան Մարշալ Բաղրամյանը: Սնայպերի հայրը մեծն սնայպերն էր` Բաղրամյանի ջոկատի հայտնի դիպուկահարը: Հոր ամենանադիպուկ հարվածը ճիշտ նշանակետին, ըստ Մարշալի, հենց իր որդին էր, ում Բաղրամյանի օրհնությունը օգնեց ապրել ութսունամյա պաշտոններով լի մի կյանք: Հովհաննես Բաղրամյանը նախ անուն տվեց տղային, ապա դարձավ Սնայպերի կնքահայրը, ինչն օգնեց տղային նույնիսկ մեծ Մարշալի մահվանից հետո:

Սնայպեր Դավթյան – Մարշալ Բաղրամյանը ասել ա` քանի սաղ եմ անունը չփոխեք, թող մնա Սնայպեր:

Սնայպերի դիպուկահարության կարիերան սկսվել և ավարտվել է հրաձգարաններում: Նրա անունը պարտադրում էր իրեն բակի տիրում դիպուկ կրակել,մանավանդ որ հաղթանակը համեմվում էր խորհրդային խոհանոցի ամենաժողովրդական խորտիկով:

Սնայպեր Դավթյան – Ուտելու բան չի լինում, գնում կրակում էինք, հենց լսում էին Սնայպեր զարմանում էին, շահում էինք, գնում էինք կրակում փող էին տալիս, պոնչիկ էինք ուտում:

Սնայպերին, օրիգինալությամբ չի զիջում Ամպագույն և Գարուն զույգը: Սիրահարների առաջին հանդիպումը խիստ գործնական էր, հեռու արտասովոր ռոմանտիկ նրբերանգներից: Ստեղծվում էր Ամպագույն-Գարուն ընտանիքը;

Ամպագույն – Երկար տարվա շոֆեր եմ, գայիշնիկը կանգնացրեց, ես էլ կապույտ գույնի ռետուզ է հագած, իջավ կարդաց Ամպագույն, երկինէն էլ պարզ ամպագույն գույն ուներ, նառուշենի էի արել, ասավ դու ամպագույն, հագուստդ ապագույն, երկինքը ամպագույն, ասավ ով քեզ նեղացնի, տվավ ասավ ճամփեդ գնա:

Գարուն- Կթվորուհի եմ աշխատել, առաջավոր կթվորուհի եմ եղել, առաջատար կուսակցական: Դրսից տուն եմ գալիս, մաման կասեր, թե չէ հաևան հյուր լինի կասեն գարունն եկավ:

Հավերժ գարուն Ամպագույնի համար:

Այս ընտանիքում մշտապես պայքար է, ցասում և վրեժ: Ամեն ինչ կսկվեց նրանից, որ ընտանիքի հայրը որոշեց նվազագույնը երեք տղա անունել: Ունեցավ և միայն իրեն հայտնի պատճառով նրանց կոչեց Պայքար, Վրեժ, Ցասում:

Ցասում – Առաջին անգամ իմ անվան իմաստը հասկաց ա, երբ դպրոցական էի, 6-րդ 7-րդ դասարան, էտ ժամանակ հասկացա` ինչ է նշանակում Ցասում: Հայրիկ հարցրի ինչու ես դրել ցասում, պայքար, Վրեժ, կատակով ասում էր մյուսի անուն էլ պիտի կայծակ դնեի:

Նա իր կյանքում ոչ մի անարդարություն չի կարողացել լուռ տանել, անհաշտ պայքար է մղել նրանց դեպ, ովքեր շեղվել են իր նախանշած օրինականության չափանիշներից: Նա` տիկին Միլիցան:

Միլիցա– Ինձի շատ կսիրեին մեր աշխատողները:

Նրա անունը դրել են հենց այնպես` ինչ-որ մեկի քմահաճույքով: Միլիցա, այսպես կոչեցին նորածին աղջնակին ծնողները: Կյանքի առաջին փուլում Միլիցան կաշկանդվեց, ապա սովորեց ու հարմարվեց: ,,Ժրաջան աշխատող տիկին Միլիցա,,, ասում էին արտերում նրա թեյ հավաքելու թափին չդիմացող ընկերուհիները;

Միլիցա- Խնդրել են մամաս էլ չի մերժել, ինչ անեմ:

Օրիգինալ անունների աննախադեպ հավաքածու Մարտունու Գետաշեն գյուղում: Թանկարժեք, Բրատ, Տելեֆոն, Տապոռ և այսպես շարունակ: Գյուղում տարօրինակ անուններով հերոսներին գտնելու համար պատահական հանդիպեցինք Գետաշենի էլեկտրիկին, ով հեծանիվով է հավաքագրում լույսի վարձը:

– Գիտեմ, որ ձեր գյուղում հետաքրքիր անուններով մարդիկ կան, որ խնդրեմ ինձ ցույց կտաք: Պալման որտեղ ա ապրում կասեք մեզ:
– Հեսա այ էնտեղ:

– Բարև ձեզ, Պալմա դուք եք:

Պայլման իր անունը ստացել է հայրիկից: Նույն ավանդույթը շարունակելով` այդ պատվին արժանացրել է նաև իր թոռնիկին: Հիմա նրանց տանը ապրում են մեծ և փոքր Պայլմաները: Վատ չի, միայն հարսն է դժգոհ:

Պալմա – Հարսը դեմ էր, մի հինգ տարի էլ քույրիկ կանչեցին, հետո ես ջղայնացա, ասեցի չեք ուզում, փոխեք, հետո կանչեցին, հիմա կանչում են: Հա զարմանում են, պալմա ինչ ա, էտ ինչ անուն ա, հայրիկս գրագետ մարդ էր, տենց դրել ա Պայլմա:

– Գիտենք նաև, որ ձեր գյուղում Խնդրիչ անունով մեկն ա ապրում, ինքը որտեղ ա բնակվում:
– Գյուղամիջին, մանկապարտեզի մոտ:

Ի տարբերություն մյուս անվանումների Խնդրիչը միակն ու անկրկնելին է: Երկրի վրա երկրորդ Խնդրիչը չկա: 73-ամյա գյուղացին մի քանի անգամ անվան փոփոխության փորձեր է արել, ապա հոգնել և հաշվի է նստել կատարվածի հետ:

– Գոհ եք ձեր անունից:
– Դե հիմա, գոհ լինեմ, դժգոհ լինեմ, արդեն 73 տարի էլ ինչ կանեմ, եթե դժգոհ լինեմ: Մեկ ռիսկ արեցի գրեմ փոխեմ, ասին չէ հանճարեղ անուն ա:

Խնդիչի կինը – Շատ ուրախացա, որ անունը Խնդիչ ա, աշխարհի մեջ էտ մի անուննա եղել: Մի Հայաստանի մեջ էտ անունն ա, եղել, ես ուրախացա, ասեցի, վայ ցավդ տանեմ, էտ ինչ լավ անունա:

Ընտանիքով կանգնած – Իմ Խնդրիչի գլխավորությամբ:

Խնդիչի հրահանգով` էքսկուրս Երևանում: Տարօրինակ անունների զոհերը միայն մարդիկ չեն: Սուրիկի մոտ, Կոզեր, Գլորիա, Ազիս, Սիրո արահետ, քարանձավ և այսպես շարունակ: / մի քանիսն էլ ցույց է տրվում /:

Իննսունականներ. ըստ տաքսի սերվիսի տնօրենի մարդկիկ հուսահատ էին. Չգիտեին` ի՞նչ անել ,ու՞ր գնալ: Սերվիզը տվեց ամենաքիչը երկու հարցի օպտիմալ լուծումը`մեկ անվանման մեջ հույսի քարավան:

– Հույսի քարավան, բարև ձեզ

Արսեն Արամյան / ընկերության նախագահ / – Ոնց որ հույս, հույս, քարավան, ասենք էտ իմաստով, դրա համար էլ էս տաքսի սերվիսը: Հույս տալով, քարավաններով մեր, մեր տաքսիները մեր քարավաններն են:

Կանգնիր քարավան… Արտառոց անուններով մարդկանց համար մեծագույն սփափանք է այն հանգամանքը, որ իրենց անունը ամենևին էլ ամենազավեշտալին չէ անձնանունների գրանցամատյանում: Միշտ մի թաքուն հույս կա, որ ինչ-որ տեղ ապրում է Կանալիզացիա անունով այն աղջիկը: Ստուգե՞նք:

– Ձեր անվանագրքույկում ես նկատեցի մի անուն, որ ինձ շատ զարմացրեց: դա Պռաստիտուտկա անունն է:
– Այո, այո, եղել է, եղել է նաև Կանալիզացիա, Շեվրոլեդ, Կլադ:

Բոլորի մոտ ամենամեծ զարմանք առաջացնող Կանալիզացիա անուն Հայաստանում այլևս չկա: Վերջին Կանալիզացիան կնքել է իր մահկանացուն:

Ա.Վ. – Այս երկու գյուղերում օրիգինալ անունների իսկական շքերք է: Բախչյագյուլ, Փնջիկ, Ննջիկ, Յուղիկ, Ձեթիկ: Ափսոս ոչ բոլորին կարողացանք հանդիպել: Ես, իսկապես շատ շնորհակալ եմ իմ ազգանունից և անունից: Արտակ Վարդանյան, Հատուկ Ռեպորտաժ:
Գիտեք անուններ, նկատել եք հետաքրքիր երևույթներ` մեզ ասեք: Մենք ենք ձեր դեսպանը` հեռուստատեսությունում: Հատուկ Ռեպորտաժի տեքստային տարբերակը` մեր կայքում արդեն վաղը: Այնտեղ էլ կարդացեք առաջիկա թեմաների մասին:

Մեկնաբանությունները փակ են: